Ի՞նչ անի տաքսու վարորդը․ գործունեությունը թույլատրված է, բայց գործ չկա

Ի՞նչ անի տաքսու վարորդը․ գործունեությունը թույլատրված է, բայց գործ չկա

Մենք նամակներ ենք ստանում քաղաքացիներից, որոնք աշխատում են որպես տաքսու վարորդ։ Տաքսիների գործունեությունը պարետի որոշմամբ թույլատրված է, և սա էլ հենց դժվարացնում է նրանց կյանքը, քանի որ արտակարգ ռեժիմի պարագայում, երբ բնակչությունը մեկուսացված կամ ինքնամեկուսացված է, տաքսիները մատնված են անգործության։ Քաղաքացիներից մեկը մեզ ասաց, որ ունի 2 անչափահաս երեխա և չի կարողանում նրանց կերակրել, քանի որ գրեթե գումար չի աշխատում։ Մենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք ճշտել՝ արդյոք տաքսու վարորդները հնարավորություն ունե՞ն օգտվելու պետության կողմից նախատեսված սոցիալական աջակցության փաթեթներից։ Սոցապնախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա կախված է մի քանի հանգամանքից․

«Կախված է նրանից, թե արդյոք երեխաներն անչափահա՞ս են, թե՞ ոչ,  գրանցվա՞ծ աշխատող է որևէ տեղ, թե՞ ոչ։ Եթե նպաստառու է, ապա չի կարող 9-րդ միջոցառման շահառու դառնալ, որովհետև նպաստն արդեն իսկ սոցիալական աջակցության ձև է, բացի այդ՝ դա նշանակում է, որ քաղաքացին թաքցրել է իր եկամուտը՝ նպաստ ստանալու համար»,- պատասխանեց սոցապնախարարության խոսնակը։

Իսկ եթե նպաստառու չէ, ունի անչափահաս 2 երեխա, բայց այս օրերին չի կարողանում գումար աշխատել, ապա այդ քաղաքացին կարո՞ղ է օգնություն ստանալ։

«Այո, դրա համար նախատեսված է 9-րդ միջոցառումը, յուրաքանչյուր երեխայի համար 26 հազար դրամ աջակցություն, բայց դիմել կկարողանան ամսի 15-ից հետո միայն, երբ կարգը հաստատվի»,- պատասխանեց խոսնակը։

Նշենք, որ ըստ 9-րդ միջոցառման ծրագրի՝ միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թ. մարտի 12-ի դրությամբ, և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-31-ն ընկած ժամանակահատվածում: Ծրագրում ընդգրկված ընտանիքը կարող է աջակցություն ստանալ, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ. մարտի 12-31-ն ընկած ժամանակահատվածում երեխան և ծնողներից առնվազն մեկը գտնվել են Հայաստանում: