Պարզ ընտրություն

Պարզ ընտրություն

Կրկին ամառ է եւ կրկին Ամուլսարն է բոլորիս ուշադրության կենտրոնում։ Մի թնջուկ, որը երկու տարուց ավելի է ձգվում է եւ ոչ մի կերպ իր հանգուցալուծմանը չի հասնում, սակայն ինչքա՜ն կրքեր է բորբոքում եւ ինչքա՜ն նյարդեր ու ռեսուրս է խլում մեզնից, մեր հասարակությունից։ Եթե փոքր ինչ ազատվենք այս թեմայի պոպուլիզմից, որը խանգարում է սթափ գնահատականներ տալուն եւ խնդրի վերջնական լուծմանը, պետք է արձանագրենք մի կարեւոր բան․ չի կարող ցանկացած խնդիր, պրոբլեմ հասարակությանը զբաղեցնել մոտ երկու տարի եւ չի կարող լինել խնդիր, որի շուրջ հասարակությունն ու պետությունը չկարողանան ընդհանուր հայտարարի գալ եւ լուծման ուղիները գտնել։ Նման իրավիճակը հոգեպես ջլատում է հանրությանն ու այս խնդրի հետ առնչվող կողմերին, ֆիզիկական ու ֆինանսական ռեսուրսներ է խլում, ազդում է մեր պետության իմիջի վրա։ Ոչ միայն ներդրումային իմիջի մասին է խոսքը, այլ զուտ կառավարչական՝ երբ պետական կառույցներն ու բարձր իշխանությունն ի վիճակի չեն խնդրին լուծում տալ։ Կամ այդքան կոմպետենտ չեն, կամ՝ վճռական չեն։ Իսկ դա նշանակում է, որ մեզանում առկա է կառավարման ճգնաժամ։ Ի՞նչն է պատճառը, որ պետությունը՝ հանձինս Շրջակա միջավայրի ու էկոնոմիկայի նախարարությունների, այլ տարբեր մարմինների՝ վարչապետի ու փոխվարչապետի գլխավորությամբ չի կարողանում եզրահանգման գալ։ Առնվազն ծիծաղելի է վարչապետի այն արտահայտությունը, որ ինքը ոչ կողմ է հանքի շահագործմանը, ոչ՝ դեմ։ Սա Ղարաբաղի հարցը չէ, որ ստատուս-քվոյի պահպանությունը լինի մեզ ձեռնտու, քանի որ Արցախը մերն է եւ եթե անգամ չճանաչված՝ իրերի առկա դրությունը պահպանելը շահեկան է մեզ համար։ Այս հարցում պետք է հստակ կողմնորոշվել՝ դու կամ գործարկում ես հանքն ու վստահում հանքարդյունահանողներին՝ խստիվ հսկելով ու վերահսկելով նրանց հետագա գործունեությունը։ Կամ՝ փակում ես հանքը՝ վստահելով բնապահպանների բնազդին ու կանխատեսումներին։ Եւ հայտարարում ես, որ քեզ համար կարեւորը ոչ թե տնտեսական աճն ու ներդրումներն են, այլ հայոց լեռնաշխարհի անաղարտությունը եւ փոքրիկ կասկածն անգամ, որ հանքարդյունահանումը կարող է վտանգել մեր Ջերմուկի բնությունը չի կարող ստիպել քեզ, որ հանքն աշխատեցնես։ Եւ ներդրումների ու Լիդիանի «հերն էլ անիծած»՝ մենք պատրաստ ենք կրել զրկանքներ եւ ապրել աղքատության մեջ՝ բնատնտեսության սկզբունքով, բայց փարթամ ու անխաթար բնություն թողնել մեր ժառանգներին։ Պարզ ընտրություն։