Հինգ կիլոմետր պակաս երեւանցի լինելուց

Հինգ կիլոմետր պակաս երեւանցի լինելուց

Երեւանից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող` Մասիս քաղաքին հարակից գյուղերից (Դարակերտ) մեկում եմ ծնվել ու ապրում մինչեւ հիմա: Եվ բավականին դժվարանում եմ ինձ կոչել «ինչ-որ տեղացի», որովհետեւ արմատները ձգվում են տարբեր տեղեր` Պարսկաստանի հայաբնակ շրջան ու Արեւմտյան Հայաստան: Մյուս կողմից, մեր գյուղն առաջին տպավորությամբ առանձնահատուկ քիչ բան ունի` ի տարբերություն Լոռու, Տավուշի եւ մյուս մարզերի կանաչ ու պատմությամբ լիքը գյուղերի: Չունի նաեւ բարբառ, ուստի հաճախ չեմ կարող ինձ ներկայացնել այս գյուղով, հաստատ չեմ կարող ինձ կոչել նաեւ մասիսցի, որովհետեւ գրեթե ոչինչ չկա այդ փոքր քաղաքի հետ կապող: Երեւանցի էլ չեմ, բայց «հինգ կիլոմետր հեռու եմ» կամ այդքան տոկոս եմ պակաս երեւանցի լինելուց:      

Մանկության ամենակարեւոր հիշողություններս կապված են հենց Երեւանի կրկեսի հետ, երբ չինական կրկեսը հյուրախաղերով այստեղ էր: Առաջին պրոֆեսիոնալ լուսանկարն արել է Գերման Ավագյանը` Երեւանի մամուլի շենքում: Վեց տարի սովորել եմ հենց Երեւանում, անցկացրել դասեր նաեւ Գրողների միության շենքում, երկու տարի աշխատել այնտեղ, ու սրան զուգահեռ՝ հարազատներիս մեծ մասը Երեւանում է ապրում: Ամենակարեւոր «թատերական ու կինո հիշողությունները» հենց այս քաղաքի հետ են էլի կապված` Համազգային ու Մալյան թատրոնները, Վարդան Պետրոսյանի ներկայացումները՝ քաղաքի տարբեր բեմերում, եվրոպական կինոյի նոր ու հետաքրքիր ֆիլմերը՝ «Ոսկե ծիրան»-ի միջոցով: Հեռու եմ ակտիվիստ լինելուց, բայց տեսել եմ նաեւ Ազատության հրապարակում եղած շատ ցույցեր, զգացել եմ Հանրապետության հրապարակի շշմելու աստիճան ոգեւորիչ տրամադրությունը 2018 թվականին: 

Եվ չնայած չեմ կարոտել այդ քաղաքը մեկուսացման շրջանում մոտ չորս ամիս չլինելուց հետո, միեւնույն է` Երեւանը նաեւ իմ քաղաքն է: Հենց այս քաղաքում եմ լսել Ռուբեն Հովսեփյանի, Սուրեն Հասմիկյանի ու Հենրիկ Հովհաննիսյանի դասախոսությունները, հենց Թատերական ինստիտուտից են ընկերներս, որոնց հետ Ամիրյան փողոցն «անգիր ենք արել» եւ ինչպես դասական ուսանող՝ Պոնչիկանոցում ենք ընդմիջում արել: Սովորելու ու աշխատելու ժամանակ երբեք չեմ պատկերացրել, որ երեւանցի չեմ, որովհետեւ, ցավոք, չեմ ունեցել հատուկ բարբառ, հաճախ հասել եմ քաղաքի կենտրոն շատ ավելի արագ, քան հենց քաղաքի ծայրամասերից եկող ընկերներս:

Մեր գյուղում սովորաբար չեն ասում՝ Երեւան գնալ, այլ` քաղաք գնալ, որովհետեւ շատ պարզ է, թե խոսքը որ քաղաքի մասին է: Եվ այս գյուղից Երեւանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա թվում է լույսերի մեջ կորած մի վայր, որ քեզ շատ հնարավորություններ կարող է առաջարկել: Բայց իրականում քաղաքը՝ հենց ինքը, օգնության կարիք ունի` մաքրվելու աղբից, ամեն տարի իրեն նվիրվող սենտիմենտալ կեղծ երգերից ու շատ ուրիշ բաներից:  

Երեւան հասնելու համար մեզ ծառայող տրանսպորտն այն էր, ինչը կապել է ու մինչեւ հիմա կապում է գյուղն այդ քաղաքի հետ, դառնում ժամանակների խորհրդանիշը: Տասնամյակներ շարունակ հին ու մեջքը կռացած մի «ԼԱԶ» մակնիշի ավտոբուս հեւալով անցնում էր գյուղերից դեպի քաղաք ճանապարհը, մինչեւ մի օր նոր ու գունավոր քաղաքային տրանսպորտն իջավ նաեւ մեր գյուղ: Այն ամեն օր ապրում է պատմությունների փոփոխականությունը` նախ հեռախոսային խոսակցություններ են լսվում, թե խոսողը Օպերայի որ հատվածում եւ որ սրճարանում պիտի հանդիպի ընկերոջը, եւ մոտ տասնհինգ րոպե անց, երբ քաղաքը հեռվում է մնում, ակամա մտնում ես քննարկումների մեջ՝ այս տարի բերքը հաջո՞ղ եղավ, թե` չէ: Բայց փոխված տրանսպորտի պես, դանդաղորեն փոխվում են նաեւ խոսակցությունները քաղաքից դուրս հատվածում, օրինակ՝ այն մասին, որ աղբի տեսակավորում է պետք եւ այլն: Բայց այդ նույն տրանսպորտում, որ շրջում է քաղաքում, քեզ կարող են չնկատել, իսկ երբ այն մոտենում է գյուղերին, մեկը, ում միայն դեմքով ես ճանաչում, կարող է արթնացնել քեզ քնից, որովհետեւ արդեն գիտի, որ հասել է իջնելու ժամանակը: 

Եթե զբոսաշրջիկի աչքերով նայես, մեր գյուղը չունի որեւէ մրցունակ առանձնահատկություն, այս պահին միայն այն, որ Հրայր Թովմասյանի գյուղն է: Գյուղը ծածկված է վարունգի ու լոլիկի ջերմոցներով, իսկ այգիներ ունեն մատների վրա հաշված ընտանիքներ: Գյուղացիներն իրենց աղբը վառում են շատ հաճախ հենց փողոցում, եւ օդն ավելի մաքուր չէ, քան Երեւանում: 

Բայց երեւույթը, որ մեր եւ հարակից գյուղերը դարձնում է ինչ-որ առումով հատուկ, հնարավորությունն է՝ սովորել եւ աշխատել Երեւանում` առանց այնտեղ ապրելու: Օրվա մեջ վեցից ութ ժամ Երեւանում վազքի մեջ լինել եւ պահել ինչ-որ զարմանալի հավասարակշռություն` վերադառնալով գյուղական հարաբերական խաղաղություն:

Եվ այն առանձնահատկությունը, որ Երեւանն է դարձնում ֆանտաստիկ, ճարտարապետական դիմագիծը չէ, ու առանց ռուս բլոգերի նյութերի էլ վաղուց պարզ է, որ անդառնալիորեն աղավաղված է քաղաքի դեմքը: Այս հատկությունը հանգստությունն էլ չէ, որովհետեւ աղմուկն ու փոշին այս քաղաքում անտանելի շատ են: Երեւանը բացառիկ է նրանով, որ իրոք կարող է լինել բոլորի քաղաքը. հատկապես Ցեղասպանության տարիներին Երեւանում մեծ թիվ են կազմել այդտեղ գաղթած վանեցիները: Գուրգեն Մահարին իր «Պատանեկություն» վեպում երկու վանեցիների` զարմանալիորեն զվարճալի երկխոսություն է ներկայացրել. 

«Լուսինը դուրս է եկել Նորքի բարդիների հետեւից: Խաղաղ, երեւանյան լիասիրտ գիշեր: Լեւոն աղան հենվել է Սենոյին եւ մատը պարզել է դեպի լուսինը.

- Ես որ կասեմ, չեն հավատա… երկինք գետին, Վանա լուսնակ ճո´չ էր, ճո´չ… էս ինչ լուսնակ է… պստի´կ, քաչա´լ…»:

Իրոք, Երեւանը շատ «առատաձեռն է», կարող է դառնալ շատերի տունը կամ քաղաքը. Կալիֆորնիա տեղափոխված երեւանցու, որ իր տունը դեռ Երեւանն է համարում, նրա, ում ծնողները հենց Վանից են գաղթել ու հասել Երեւան, որտեղ լուսինը նրանց փոքր է թվացել, սահմանամերձ որեւէ գյուղում ծնված մեկի, ով ի վերջո կրթություն կստանա ու կապրի այստեղ, եւ Երեւանից հինգ կիլոմետր հեռու ապրող մեկի, ում համար տուն չէ, բայց հարազատ քաղաք է:
 
Լիլիթ ԵՐԱՆՅԱՆ 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ