«Երեք հաստլիկները» հայկական իրականությունում

«Երեք հաստլիկները» հայկական իրականությունում

Ռուսական առաջին հեռուստատեսության «Թութիի ժառանգի տիկնիկները» հաղորդման անվանումը գալիս է բելառուսական արմատներով խորհրդային ռուս գրող և կինոսցենարիստ Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթ-վեպից: Որին մեր սերունդը ծանոթ է համանուն գեղարվեստական կինոնկարից: «Tutti»-ն, ի դեպ, իտալերեն նշանակում է «բոլորը» կամ «յուրաքանչյուրը»: Տվյալ դեպքում «բոլորը» կամ «յուրաքանչյուրը» ներկայացնում են հեքիաթային երկրի ժողովրդին: Հաղորդումը տիկինիկների, տիկինիկավարների և պատմության մեջ անհատի դերի մասին է: Հերթական հաղորդումը նվիրված էր Փաշինյան Նիկոլին:

Հաղորդումը, կարելի է ասել, փոթորիկ է առաջացրել նիկոլականների և նիկոլապաշտների շրջանում: Չգիտես ինչպես տեղեկանալով՝ դրանք համատարած նայել են այն և տարբեր հարթակներում արտահայտել են իրենց խելացի մտքերը: Ասեմ, որ դրանցից ոմանք ինձ մեղադրում են ռուսամետության մեջ, բայց երևի զարմանալի ռուսամետ եմ. հաղորդման մասին իմացել եմ միայն հաջորդ օրը՝ սովորության համաձայն մեր լրատվական կայքերը դիտարկելիս: Ինչևէ, խոսքն իմ մասին չէ, այլ՝ Նիկոլի վերաբերյալ հաղորդման:

Այն ինձ դուր եկավ, քանի որ բացարձակ զուրկ էր անճշտությունից կամ կեղծ նոտաներից: Միակ բացասական կողմն այն էր, որ հյուրերից մեկի՝ Արցախը պատմականորեն ներկայացնելու փորձն անմիջապես կտրվեց հաղորդավար Մարիա Բուտինայի կողմից: Ռուսական այդ հեռուստաալիքում, ինչպես երևաց, ընդունված չէ ոչ ադրբեջանահաճո դրույթներ ներկայացնելը: Բայց դա, բնականաբար, գալիս է ՌԴ-ում ՀՀ դեսպանների և ռուսահայ համայնքի ղեկավարության անշնորհք լինելուց՝ նախքան Նիկոլը, իսկ Նիկոլի օրոք էլ՝ պետականորեն ծավալվող հակառուսականությունից: Ինչ մնում է անձամբ իմ տպավորությանը, ապա այն ոչինչ չավելացրեց այն ամենին, ինչ մինչ այդ գիտեի կամ մտածում էի Նիկոլի մասին:

Հայաստանյան գրագետ ու հայրենասեր հեռուստադիտողների գերակշիռ մեծամասնությունն, իմ կարծիքով, պետք է որ կիսի հաղորդման վերաբերյալ իմ տպավորությունը: Իհարկե, կլինեն որոշ անձինք, ովքեր չեն կարողանում տեսնել իրականությունը՝ երբ այն համահունչ չէ իրենց դավանած արևմտականությանը: Ասեմ, որ դա դժվար երևույթ է. շատ բարդ է ընդունել այն տեսակետը, ինչը դեմ է քո համոզմունքներին: Դա գիտեմ սեփական փորձով, քանի որ մինչև 2020 թվականի պատերազմը ես ևս արևմտմետ հայացքներ ունեի: Ինչևէ, ընդամենը արձանագրեմ. հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածի մեծամասնության դիրքորոշմանը, բնականաբար, հակամետ է նիկոլականների և նիկոլապաշտների հավաքական կարծիքը:

Առաջիններից է, օրինակ, ԱԺ քպկական «ազգընտիր» Արսենյան Գուրգենինը: Վերջինիս ասելով, հաղորդման շնորհիվ իրենք «առանց մի  դրամ ծախսելու՝ մի քանի տոկոսով ավելացրեցին իրենց երկրի ղեկավարի վարկանիշը»: Ռուսատյացների և նիկոլապաշտների առումով համաձայն եմ՝ ինչ էլ ասվի ընդդեմ Նիկոլի՝ արժանանում է նրանց քարկոծմանը (հայհոյանքին): Իսկ մի նիկոլապաշտ էլ հաղորդմանը անդրադառնալու փոխարեն, չգիտես ուղեղի որ մասի որ ծալքով, անդրադարձել էր «ալկաշ պուտինին»: Մարդը երևի տեղյակ էլ չէր, որ «ԿաԳեԲե»-ի գնդապետն «ալկաշ» լինել չէր կարող: Էլ չասած, որ նույնիսկ արևմտյան մամուլի խոստովանությամբ, Պուտինը, որպես ՌԴ նախագահ, աշխարհի ամենալուրջ ղեկավարներից մեկն է: Դե, Պուտին հայհոյողներն ինչ իմանան նման նրբությունների մասին: