Հասարակություն

Սա նախահարձակման նշանն էր

Սա նախահարձակման նշանն էր

Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը ռուսական առաջին ալիքի հաղորդման շրջանակներում ներկայացվել է որպես կարկառուն սորոսական: Խզմալյանն ասաց, որ, առհասարակ, ռուսական հեռուստաալիքներ, առավել եւս` Կրեմլից ֆինանսավորվող, ոչ մի պարագայում չի դիտում: Իսկ Բաց հասարակությունների հիմնադրամը երբեք չի թաքցրել, թե ովքեր են իր շահառուները։ «Ես տեսա մի լուսանկար, որտեղ պատկերված էին տարբեր գործիչներ, կախված Ջորջ Սորոսի թելերից: Անկեղծ ասած՝ շատ եմ նման մեղադրանքներ լսել, շատ եմ նաեւ լսել, որ ես սորոսական եմ ու գրանտներ եմ ստանում, բայց այդ ամենը ստուգելն այնքան հեշտ է, որ անգամ արդարանալու կարիք չեմ տեսնում: Բաց հասարակության հիմնադրամը մշտապես հրապարակում է իր բոլոր շահառուների անունները: Մի քանի տարի առաջ մենք՝ բոլորս տեսանք, որ դաշնակցական «Երկիր մեդիա» հեռուստաալիքն է նույն այդ գրասենյակից փողեր ստացել, գրանտներ են ստացել նաեւ մարդիկ, ովքեր օրնիբուն հայհոյում են Սորոսին: Իմ եւ իմ կուսակցության անունը երբեք չեմ տեսել նման ցանկերում: Ի տարբերություն Ռուսաստանի, արեւմտյան կառույցները գրանտների հարցում բծախնդիր են: Ինչ վերաբերում է ռուսական պետական հեռուստաալիքին եւ դրա պատրաստած հաղորդմանը, ապա պետք է ասենք, որ Ռուսաստանը ցույց է տալիս իր նեղմտությունը: Օր առաջ պետք է փակել ռուսական թիվիները Հայաստանում` հանուն հայ ժողովրդի առողջության: Արգելքը պետք է դնի հենց առողջապահության նախարարությունը»,- նշեց նա:

Հարցին, թե ինչու է Ռուսաստանը դիմում նման քայլերի, ասաց. «Դա զրպարտանք է, որը շատ հեշտ է ստուգել: Իրականում սա ոչ թե հուսահատության նշան էր, այլ՝ նախահարձակման: Նման կերպ վարվում են դիվերսիոն պրոցեսներից առաջ: Սովորաբար հարձակումից առաջ հարձակվող կողմը հող է նախապատրաստում՝ նախահարձակ լինելու: Այդպես էր վարվում Ադրբեջանն Արցախի հանդեպ, այդպես վարվեց Ռուսաստանը Ղրիմի զավթումից առաջ, անգամ նացիստական Գերմանիան Լեհաստանի վրա հարձակումից առաջ է նման կերպ վարվել: Այնպես որ, այսօր Ռուսաստանը Հայաստանի դեմ դիվերսիոն գործընթաց է նախապատրաստում: Դա արվում է ռուսական գործակալների միջոցով: Անդրանիկ Թեւանյանն այդ գործակալներից մեկն է»:

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image