Որ տարբերակով կլուծի ՔՊ-ն Տավուշի հողերը հանձնելու հարցը

Որ տարբերակով կլուծի ՔՊ-ն Տավուշի հողերը հանձնելու հարցը

Շուրջ մեկ ամիս է ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը Տավուշի բնակավայրերի խնդիրն է, որը խիստ մեծացրել է ներքաղաքական լարվածությունը եւ դժգոհության նոր օջախներ առաջացրել երկրում: Հարցը, հիշեցնենք, օրակարգ բերվեց Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մարտի 18-ին Տավուշ այցելության ժամանակ։ Տավուշի չորս բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի հայտարարությունից շաբաթներ անց, սակայն, պաշտոնական մակարդակով հայտարարվեց, թե սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց չի սկսվել, առավել եւս որոշում չկա, որ պետք է Տավուշից սկսվի սահմանազատումը։ 

Նման հայտարարություն արեց սահմանազատման միջպետական հանձնաժողովի անդամ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տպավորություն ստեղծվեց, թե իշխանությունները տեղի տվեցին քաղաքացիների, ընդդիմադիր դաշտի կոշտ արձագանքներին ու «զադնի դրեցին», սակայն քաղաքական շրջանակներում մտավախություններ ունեն, որ իրականում Նիկոլ Փաշինյանը «Տավուշի չկայացած օպերացիայով» այլ խնդիր է փորձում լուծել: 

Հողերը հանձնելու եւ, պատերազմով ահաբեկելու թեման գցում է ասպարեզ` վստահ, որ պայքարի ալիք է սկսվելու եւ ընդդիմությունն ու այս գործընթացներին դեմ շատ ակտիվ մարդիկ սկսելու են պայքար ծավալել: Մի մասը մեկնելու է Տավուշ, խմբեր են կազմելու, զինվելու են, սկսելու են կոշտ քննադատել իշխանություններին, գուցե փողոց դուրս գան: Իսկ ինքն, օգտվելով այդ պրոցեսներից, բռնաճնշումների, ձերբակալությունների նոր փուլ է սկսելու, որ կոտրի հանրային դիմադրությունը եւ սկսի իրականացնել Ալիեւի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները։