«Գետանցման ժամանակ ձիեր չեն փոխում»

«Գետանցման ժամանակ ձիեր չեն փոխում»

Որպես վերնագիր ներկայացված արտահայտությունը («Don't change horses in the middle of a stream») բարձրաձայնվել է 1864-ին կայացած նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում երկրորդ ժամկետին առաջադրված ԱՄՆ 16-րդ նախագահ (1861-1865) Աբրահամ Լինքոլնի կողմից՝ հղում արվելով հոլանդական ինչ-որ ֆերմերի: Լինքոլնը շահել է ընտրությունը, իսկ մեկ տարի անց հարավայինների կողմնակից դերասաններից մեկի կողմից սպանվել թատրոնում: Համարյա 160 տարի առաջ բարձրաձայնված այդ արտահայտությունը մեզ համար օրակարգային է դարձել այսօր: Իսկ իրադրության զավեշտը կայանում է նրանում, որ գործող իշխանությունը փորձում է «ռուսական» ձիերը փոխարինել հենց «ամերիկյանով»: Հասկանալի է, որ այդ փոփոխության պատճառը ՀԱՊԿ-ի կամ որ նույնն է՝ Ռուսաստանի վարքագիծն էր: Ակնկալվող ռազմական օգնություն տրամադրելու փոխարեն Հայաստան է ուղարկվել ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ղեկավարությամբ օպերատիվ խումբ: Որը դիտարկումներ է անում սահմանին՝ երբ դրա կարիքն այլևս չկա: 

Վերը նշված՝ Լինքոլնի արտահայտությունն ընդամենը հիմնավորում էր, թե ինչու պետք է ամերիկացիներն ընտրեն հենց իրեն: Իսկ պատերազմում պարտված և թշնամու կողմից խեղճացված երկրի ղեկավարության կողմից քաղաքական վեկտոր փոխելը բացարձակ չմտածված (մեղմ, շատ մեղմ ասած) մոտեցում է: Հատկապես շարունակվող պատերազմի դեպքում՝ որքան էլ մենք դժգոհենք ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի վարքագծից: Եվ հատկապես, որ Արցախից մնացած մասն ամբողջությամբ պահպանվում է հենց ՌԴ-ի կողմից: Դրան գումարած՝ բուն Հայաստանի Հանրապետությունը: Ոմանց և այդ թվում խիստ զարմանալիորեն՝ գործող իշխանությանը թվում է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալն ու ամերիկյան ռազմական օժանդակություն ստանալը անմիջականորեն հաջորդելու են միմյանց:

Թե ինչ է տեղի ունենալու ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում գրելու և ենթադրենք՝ ամերիկյան HIMARS հրթիռային համակարգեր ստանալու միջև ժամանակահատվածում, իհարկե չեն ներկայացնում: Իսկ այն մեկ-երկու տարուց պակաս չի լինի: Եվ այդ ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ միայն կհայաթափի Արցախն ամբողջությամբ, այլև կկտրի Սյունիքն ու Վայոց ձորը: Չի նայի, որ Ջերմուկն, օրինակ, ոչ թե դժգույն ու դժբախտ, այլ գեղեցիկ ու երջանիկ քաղաք էր: Եթե մտածեն, թե Արևմուտքը նման բան թույլ չի տա, թող փորձեն պատասխանել, թե ինչպես բաժանվեց Կիպրոսը 1974 թվականին: 

Այժմ անցնենք գործող իշխանությանն իբրև թե ընդդիմադիր բևեռականներին: Ինչո՞ւ իբրև թե: Որովհետև ընդդիմադիր լինելն առաջին հերթին որոշվում է գաղափարական տարաձայնություններով: Կամ էլ գործող իշխանության ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ անհամաձայնությամբ: Արտաքինի առումով դիտարկված՝ արևմտամետ բևեռականներն արևմտամետ Նիկոլին ի՞նչ ընդդիմադիր: Ի՞նչ տարբերություն, թե ով է Հայաստանը թշնամացնում ռազմավարական գործընկեր և փոխօգնության պայմանագրի երկրորդ կողմ Ռուսաստանի հետ՝ Նիկոլի, թե Պապյանի խումբը: Կարող ենք վստահ պնդել, որ հենց այդ դեպքի համար է ասվում, որ դրանց պայքարն իշխանության համար է, կամ, Նիկոլի ասելով, դուրս են եկել աթոռակռվի: Եվ շատ կարևոր մի արձանագրում՝ այդ երկուսն էլ, որոնցից մեկը կիսագաղտնի, իսկ մյուսը՝ բացահայտ, կողմ են ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի պարտությանը: Մեկ էլ ո՞վ է ցանկանում Ռուսաստանի պարտությունը՝ իհարկե թշնամի երկրի նախագահը:

Իսկ ինչո՞ւ է ցանկանում: Որպեսզի հերթական անգամ սադրանք ու պատերազմ սանձազերծի ընդդեմ Հայաստանի: Էլ ինչպես չասես, որ այդ հարցում համընկնում են մեր թշնամի երկրի ղեկավարի, իշխանության և իբրև թե ընդդիմադիր բևեռականների դիրքորոշումները: Թե՞ շահերը… Իսկ Հայաստա՞նը՝ կհարցնի ընթերցողը: Իսկ Հայաստանը Նիկոլի և նրա «ուսապարկերի» չորսուկեսամյա կառավարման շնորհիվ վերածվել է որբի գլխի, որին ով կարողանում՝ հարվածում է: Եվ, իհարկե, ամենից ավելի՝ մեզ թշնամի երկիրն ու նրա հովանավորը: Մեզ մնում է աղոթել, որպեսզի օտար երկրում տեղի ունեցող պատերազմը ողբերգական ազդեցություն չունենա մեր հայրենիքի ճակատագրի վրա: Կամ էլ, մինչ այդ պատերազմի ավարտը, երկիրն ազատենք հակահայկական իշխանությունից: