Ես ռուսատյաց չեմ, իմ խնդիրը Կրեմլի դեմ է

Ես ռուսատյաց չեմ, իմ խնդիրը Կրեմլի դեմ է

«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը ևս միացել է Հայաստանի ժողովրդավարական ուժերի հայտարարությանը: Նկատենք, որ հայտարարությունը տարածել են եվրոպամետ ուժերը եւ չորս պահանջ են ուղղել ՀՀ կառավարությանը: Դրանք են` 

1. Գործուն ջանքեր գործադրել Ռուսաստանի առաջնորդած անվտանգային կառույցից՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ արեւմտյան մեր բարեկամ երկրների հետ դաշնակցային հարաբերությունների կայացման ուղղությամբ.

 2. Հրավիրել եւ տեղակայել ՄԱԿ խաղաղարար ուժեր Հայաստան-Ադրբեջան սահմանին.

 3. Մաքրել Հայաստանի պետական համակարգը օտար պետությունների հատուկ ծառայությունների գործակալներից. 
       
 4. Հայաստանի տարածքում արգելափակել պատերազմ եւ այլատյացություն քարոզող ռուսաստանյան լրատվամիջոցների հեռարձակումը: 

Այս մասին «Հրապարակը» զրուցել է Թեհմինե Ենոքյանի հետ:

- Ինչո՞ւ որոշեցիք միանալ վերոնշյալ հայտարարությանը: 

- Հասկանալով, թե ինչ իրավիճակ է սահմանում և կա զենքի լուրջ պակաս, իսկ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում զենք ձեռք բերել այլ մատակարարներից, կապ չունի, թե դա որ երկիրը կլինի... ՀԱՊԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրի որոշ կետեր, պարզապես մեզ թույլ չեն տալիս այլ տեղից զենք ձեռք բերել: Ռուսաստանն այս պահի դրությամբ հենց ինքը լուրջ խնդիրներ ունի և չունի համապատասխան զենք, որը կարողանա մատակարարել Հայաստանին: Անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է, մենք լավ հասկանում ենք, թե Ադրբեջանն ինչ վերադիրքավորումներ է անում, կուտակում զինտեխնիկա և այլն: Ադրբեջանին դիմակայելու համար Հայաստանը պետք է զենք ձեռք բերի: Ի՞նչ անել այն պարագայում, երբ չես կարողանում որակյալ զենք ձեռք բերել: Ես հետևում եմ ռուսական մեդիային, հիմնականում` կրեմլյան հեռուստաալիքներին` «Առաջին ալիքին» և «ՌՏՌ պլանետային»; Նրանց պատրաստած մի ռեպորտաժ անգամ դրել եմ իմ ֆեյսբուքյան պատին: Ռուսական «Առաջին ալիքը» վերջին օրերի հարձակման մասին մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ նշել է, թե Հայաստանն է Ադրբեջանի վրա հարձակվել: Ռեպորտաժում նաև նշվում է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ին է դիմել, սակայն ՀԱՊԿ-ը դեռևս այդ մեղադրանքին չի տալիս գնահատական: Այս տեսակ քարոզչությանը ցանկացած հայ մարդ դեմ է: Մենք բոլորս էլ հասկանում ենք և գիտենք, որ Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա, այլ ոչ թե Հայաստանն Ադրբեջանի: Մենք գիտենք, որ ռմբակոծվել են այնպիսի համայնքներ, ինչպիսիք է` Ջերմուկը, որն ունի տուրիստական մեծ պոտենցիալ և այդ ռմբակոծության պատճառով հիմա լուրջ խնդիրներ են առաջացել:

- Նշված չորս պահանջից մեկը հետևյալն է. Մաքրել Հայաստանի պետական համակարգը օտար պետությունների հատուկ ծառայությունների գործակալներից: Ի՞նչ գործակալների մասին է խոսքը:

- Ես դա մեկնաբանել չեմ կարող: Իմ առաջարկը շատ բաց և թափանցիկ է. կրեմլյան այն պրոպագանդիստական մեդիաները, որոնք հակահայկական, Հայաստանի ինքնիշխանությանն ու սուվերենությանը վնասող ռեպորտաժներ են պատրաստում, պետք է արգելափակեն, որ գոնե Հայաստանում ապրող քաղաքացին կարողանա ադեկվատ վերլուծություններ անել և առողջ դատել: Իմ խնդիրը սա է: Ես ամեն օր տեսնում եմ, թե այդ լրատվամիջոցներն ինչ տեղեկություններ են տարածում և գյուղերում, ինչու չէ, տարբեր քաղաքներում ապրող մարդիկ էլ սպառում են դա: Շատերն անգամ կրակոցների տակ հետևում են կրեմլյան հեռուստաալիքներին: Ես ռուսական լրատվամիջոցների և առհասարակ Ռուսաստանի հետ խնդիր չունեմ, ես ռուսատյաց չեմ: Իմ խնդիրը կոնկրետ Կրեմլի դեմ է: Կան բազմաթիվ առողջ ռուսական լրատվամիջոցներ, որոնք մատուցում են առողջ տեղեկություններ: Ունեմ շատ լուրջ և ադեկվատ ռուս քաղաքական գործիչ ընկերներ, որոնց աշխատանքը ինձ հիացնում է, սակայն նրանք էլ այլևս Ռուսաստանում չեն գտնվում:

- Այնուամենայնիվ Ձեր այս չորս կետից բաղկացած պահանջը չե՞ք կարծում, որ կարող է ժողովրդավարության դեմ քայլ դիտարկվել:

- Ես խնդիր ունեմ հասկանալու, թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին սպառի մի տեղեկություն, որն Ադրբեջանի շահերից է բխում: Սա անընդունելի քարոզ է:

- Ոմանց կարծիքով էլ «Ազատություն» ռադիոկայանն է հակահայկական գործունեություն ծավալում: Ինչո՞ւ սրա դեմ ևս չեք պայքարում:

- Գուցե նրանք ևս վիճահարույց նյութեր են պատրաստում, գուցե լինեն նյութեր, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում, եթե այդպես դիտարկենք, ապա Հայաստանի Հանրապետության Կառավարությունն էլ մի շարք քայլեր է արել, որոնք պետականամետ չեն: Օրինակ` խաղաղության քարոզ անելը…. պետք է քննադատենք, գնահատականներ տանք: Ես ոչ հակառուս եմ, ոչ էլ արևմտամետ, ինձ միայն իմ երկիրն է հետաքրքրում:

- Այս պահանջին միացել են գործիչներ, որոնք ոմանց պնդմամբ` ոչ միայն այս իշխանությունների գրպանային ընդդիմությունն են, այլև` ծավալում են պրոթուրքական գործունեություն:

- Ես չեմ կարող դա մեկնաբանել: Ես միացել եմ կոնկրետ պահանջին: Այլ խնդիր չեմ տեսնում: