Հայը նույնն է, ինչ 100 տարի առաջ

Հայը նույնն է, ինչ 100 տարի առաջ

Հյուրն, իհարկե, Աստծունն է: Թող գա ու գնա, թող լավ ընդունելություն լինի, ընծաներ հանձնվեն, բայց հյուր ընդունելիս երբեք այսքան ոգևորություն չի եղել, արհեստածին ոգեւորություն:
«Ազգային ժողովրդավարական բևեռը» կազմակերպում է ողջույնի հավաք, ցանկացողներին կոչ են անում հավաքվել Ծովակալ Իսակովի պողոտայում եւ անգամ Երևանի քաղաքային իշխանություններին կոչ են անում կազմակերպել  հայրենակիցների անվճար տեղափոխությունը նշված հասցե:

Լավ, գնացինք դիմավորեցինք, ինչպես հայ արդյունաբերողները դիմավորում էին Անտանտի «զորքերին» Բաքվի նավահանգստում, 100 տարի առաջ: Ու երբ նավը կայանեց, նրանից իջան մի քանի սպա և մի երկու զինվոր: Հայերի բերանները մինչև ականջները բացվել էին…Այնտեղ էին նաև կովկասյան թաթար արդյունաբերողները, ովքեր, տեսնելով այդ ծիծաղելի «զորքին», որն իբր գալիս էր բոլշևիկներից պաշտպանելու համար, ձեռքները թափ տվեցին, ասելով՝ այ մարդ, գնանք գործով զբաղվենք ու հեռացան: Երբ նրանք սկսեցին գործով զբաղվել, ստեղծվեց Ադրբեջան պետությունը, որը նաև նրանց շնորհիվ այսօր կայացած կարող է համարվել: Հայերն այդպես էլ մնացին նավահանգստում կանգնած՝ շարունակելով շողոքորթել անգլիացի զինվորականներին: Հետո այդ արդյունաբերողները, քանի որ գործով զբաղված չէին, իրենց բիզնեսները էժան գնով վաճառեցին թաթարներին ու գնացին եվրոպաներ, ռուսաստաններ:

Նենսի Փելոսիի գրասենյակի տարածած հաղորդագրությունից պարզ էր դառնում, թե նրա ղեկավարած պատվիրակության առաքելությունը որն է. «Մեր պատվիրակությունն ակնկալում է ունենալ արդյունավետ հանդիպումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն Հայաստանի Հանրապետության հետ մեր գործընկերությունը և տարածաշրջանում առաջ կմղեն մեր արժեքներն ու շահերը»: Այսինքն՝ այցի գլխավոր նպատակն ԱՄՆ արժեքներն ու շահերն առաջ մղելն է: 
Մեծագույն հարգանքով՝ առ ԱՄՆ արժեքներն ու շահերը, այդուհանդերձ, հարց է առաջանում, իսկ Հայաստանը կարո՞ղ է ունենալ արժեքներ ու շահեր: Տպավորությունը նույնն է, ինչ ժամանակին «Բաքվի 26 կոմիսարները» կինոնկարի` վերևում նկարագրված դրվագից: Զազրելի է, որ այս այցի խորապատկերին բարձրացել է հակառուսական ալիք: 

Գագիկ Վարդանյան