Ինչու է դատախազությունը մերժել Սանասարյանին եւ ով է նրա գործով հայտնի դատավորը

Ինչու է դատախազությունը մերժել Սանասարյանին եւ ով է նրա գործով հայտնի դատավորը

Գլխավոր դատախազությունը Դավիթ Սանասարյանի, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության ևս երկու աշխատակցի ու «Զորաշեն» ընկերության հաշվապահի մեղադրանքը հաստատելուց հետո գործն ուղարկել է դատարան՝ մերժելով քննիչի որոշման դեմ բերած բողոքը։

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին՝ բողոքը մերժել են անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննիչը մերժել էր Դ․Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ․ նրանք այդ որոշումը բողոքարկել էին գլխավոր դատախազություն։

Մենք տեղեկացանք, որ այս գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանին, նիստի օրը դեռեւս հայտնի չէ։  Նշենք, որ Բալայանը բավականին հայտնի դատավոր է, մի քանի աղկահարույց գործեր է քննել, նա թոշակի անցած Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին է։ Դ․ Բալայանը աչքի ընկավ հատկապես վերջերս, երբ դատարանների ելքերն ու մուտքերը շրջափակելու ակցիայի ժամանակ ցանկացավ դատարանի պատուհանով ներս սողոսկել, ինչը նրան չհաջողվեց։

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը․ նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։