Բաց նամակ

Բաց նամակ

ՀՀ վարչապետ պարոն  Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Էդուարդ Մարտիրոսյանին
ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն  Արման Սարգսյանին

Այս օրերին բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան ուղերձ-հիշողություն-մտորումներին՝ ուղղված ՀՀ երրորդ նախագահ եւ չգիտեմ թե որերորդ վարչապետ Սերժ Սարգսյանին, որում ներկայացված էին նախկինում իշխանության զավթման, ընտրակեղծարարությունների վերաբերյալ նյութեր, ինչն այս անգամ եւս վրիպեց պատկան մարմինների ուշադրությունից, եւ օրենքի ստորադասմամբ կրկին նյութեր չնախապատրաստվեցին՝ քրեական գործ հարուցելու համար։ Հարկ է նշել, որ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտորում-ուղերձ-հիշողությունների մեջ փաստել է առանձնապես ծանր հանցագործության մասին, ըստ որի՝ «Ապրիլյան պատերազմի հիշատակի օրը՝ 2017-ին, ընտրություններ նշանակած, այդ ընտրությունները կեղծելով 770 հազար ձայն խփած գործիչը մեկ տարի անց 59 հազար ձայն հավաքելուց հետո պետք է փակվի մի մութ տեղ եւ դառնացած՝ լռություն պահպանի»։

Ինչի վերաբերյալ իրավական գնահատական տրվելու պարագայում պարզ է դառնում, որ, ըստ  ԱԱԽ քարտուղարի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կոնկրետ ժամանակահատվածում իրականացվել են կոնկրետ քրեորեն պատժելի առանձնապես ծանր արարքներ, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.2-րդ եւ այլ հոդվածների հատկանիշների համակցությամբ անթույլատրելի արարքներ։ Ուշագրավ է, որ օդում կախված այս եւ այլ լուրերի հաստատման պարագայում ի վերջո կպարզվի այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ընտրվել, այլ կեղծիքի միջոցով զավթել է ժողովրդապատկան իշխանությունը եւ գործելով ի սկզբանե անօրինական ու անվավեր դիրքից՝ կնքել ու վավերացրել է բազմաթիվ իրավական ակտեր ու գործարքներ, որոնք պատճառահետեւանքային կապով ներկայումս իրավական ուժ ունենալ չեն կարող, այսինքն՝ անվավեր են, այդ թվում անվավեր է նաեւ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը, որի՝ գլուխկոտրուկի նմանվող լուծումը մեր ամենափրկիչ կառավարությունը դեռ չի կարողանում գտնել։

Այսպիսով․ խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ պարզելու համար, թե ընտրակեղծարարության միջոցով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ժողովրդապատկան իշխանությունը զավթելու վերաբերյալ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հայտնի փաստերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ մտացածին են, ինչպես նաեւ ենթարկվել օրենքի պահանջին եւ հետայսու քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության պարագայում նախապատրաստել նյութեր՝ չսպասելով որեւէ մեկի դիմումին։

Արկադի ԳԱԼՍՏՅԱՆ
արմատներով, գեներով, ի ծնե եւ ցմահ անկուսակցական անհատ քաղաքացի, Զովունի