Դանակը հասել էր ոսկորին, ուստի ԿԲ-ն այդպես միջամտեց․ դրամի արժեզրկումը շարունակվելու է

Դանակը հասել էր ոսկորին, ուստի ԿԲ-ն այդպես միջամտեց․ դրամի արժեզրկումը շարունակվելու է

ՀՀ դրամը օր օրի շարունակում է արժեզրկվել։ Այսօրվա՝ ապրիլի 19-ի տվյալներով դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ հետևյալն է․ առքի ամենաբարձր փոխարժեք` 519.50 դրամ (+1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 524.50 դրամ (+2.00 դր.):

Մոտ մեկ շաբաթ առաջ փոխարժեքը կտրուկ սկսեց նվազել, ապա էլի աճել։ Տնտեսագետ Կառլեն խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փոխարժեքի նվազումն ու դրամի արժևորումը պայմանավորված էր նրանով, որ Կենտրոնական բանկը արհեստականորեն սկսեց դոլար ներարկել շուկա․

«Դրամի արժևորումը, որ նկատվեց մոտավորապես մեկ շաբաթ առաջ,առավելապես պայմանավորված էր Կենտրոնական բանկի կողմից շուկա դոլար ներարկելով, ընդ որում՝ դրա մասին Կենտրոնական բանկը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ։ Այսինքն՝ Կենտրոնական բանկը միջամտեց, շուկայում դոլարի քանակը ավելացրեց, ինչը հանգեցրեց նրան, որ դոլարի փոխարժեքը նվազեց, բայց քանի որ սա արհեստական միջամտություն էր, փաստացի դրամը արժևորվեց ոչ թե ի հաշիվ այն բանի, որ տնտեսությունում առկա խնդիրները վերացան, մեր տնտեսությունը կայունացավ ու աշխուժացման միտումներ նկատվեցին, այլ այն պատճառով, որ ԿԲ-ն էր միջամտել։ Դրա համար մենք օբյեկտիվորեն նկատում ենք հակառակ միտումները, երբ շուկայում էլի դոլարը արժևորվում է, դրամը՝ արժեզրկվում։ Դրամի արժեզրկման պրոցեսը առավելապես պետք է պայմանավորել տնտեսությունում առկա բացասական միտումներով, դրանք մի կողմից պայմանավորված են անվտանգային խնդիրներով և դրանց հետ կապված անորոշություններով, մյուս կողմից՝ քաղաքական անկայունությամբ, որովհետև թե՛ հասարակությունը, թե՛ բիզնեսը օբյեկտիվորեն բացասական սպասումներ ունեն, և այդ համատեքստում, չի կարողանում աշխուժանալ կամ իր տնտեսական ծրագրերը իրագործել։ Ավելի շատ սպասում են, թե ինչ է տեղի ունենալու ի վերջո, թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական առումով ինչ հանգուցալուծումներ ենք ունենալու»,- ասաց տնտեսագետը։ 

Եթե արհեստականորեն դոլար շրջանառության մեջ դնելը հարցի լուծում չէ, ապա ինչո՞ւ ԿԲ-ն արեց դա՝ հարցրինք տնտեսագետին․

«Երկարաժամկետ առումով դա, միանշանակ, հարցի լուծում չէ, իսկ ինչո՞ւ դա անել․ մի հիմնավորում կարող է լինել, այն է, որ ինչ-որ իմաստով հասարակության մոտ դրական սպասումները մի փոքր ավելի մեծանան, ակտիվանան ու շուկայում հավելյալ խուճապ չառաջանա, թեև, ես կարծում եմ, որ ԿԲ-ի այդ քայլը ինչ-որ տեղ հավելյալ խուճապ առաջացրեց, այսինքն՝ ակնհայտ էր ԿԲ հայտարարությունից ,որ, կոպիտ ասած, վիճակը այնքան էլ լավ չէ ու դանակը հասել է ոսկորին, և պետությունը՝ Կենտրոնական բանկը ստիպված միջամտում է։ Դա հավելյալ խուճապ կարող էր առաջացնել»,- պատասխանեց Խաչատրյանը։ 

Տնտեսագետին հարցրինք նաև, թե ի՞նչ կանխատեսումներ ունի, դրամի արժեզրկումը ի՞նչ չափերի կարող է հասնել․

«Կոնկրետ ինչ-որ չափ կանխատեսել կդժվարանամ, որովհետև այնտեղ բազմաթիվ հարցեր կան, բայց մի բան է ակնհայտ․ քանի դեռ մեր երկրում քաղաքական ու անվտանգային խնդիրները լուծված չեն, դրամը չի արժևորվելու , արժեզրկումը շարունակվելու է, դա հստակ է։ Մեծ հաշվով դրամի արժեզրկումը հավելյալ գնաճային ճնշում է առաջացնում տնտեսությունում, գները աճում են դոլարի արժևորմամբ պայմանավորված, որովհետև ներմուծվող ապրանքները, հումքը դոլարով են, և դոլարի փոխարժեքի բարձրացումը հանգեցնում է նրան, որ այդ ներմուծվող ապրանքները կամ հումքը դրամով արտահայտված ավելի թանկ է լինում, ինչը օբյեկտիվորեն շուկայում հավելյալ գնաճ է առաջացնում։ Իրականում կենտրոնական բանկի միջամտությունն էլ հենց այդ կոնտեքստում էր, որովհետև Կենտրոնական բանկի խնդիրը ոչ թե դրամի արժևորումն է, այլ գնաճը զսպելը, և ԿԲ-ն հասկանում է, որ փոխարժեքի հետզհետե ավելացումը, դոլարի փոխարժեքի բարձրացումը գնաճային ճնշումներ է ավելացնում տնտեսությունում և իր գործը բարդանում է։Դրա համար փորձել էր այլ գործիքներից բացի նաև դոլարի ներարկման գործիքին դիմել »։