Ժամանակը ետ պտտվեր

Ժամանակը ետ պտտվեր

Կորոնավիրուսով վարակվածների ու մահվան թվերն աճում են, իսկ մենք անգամ չենք էլ նկատում դա։ Հիմա արդեն հիվանդությունից մեռնելը երազանքի նման մի բան է թվում՝ արդար ու բնական մահ, անգամ եթե մահացողը շատ տարեց չէ։ 18-20 տարեկան տղաների՝ մեր ազգի սերուցքի մահը մեզ քարսիրտ դարձրեց, եւ մահվան հանդեպ վախն ու մահվան վիշտը կարծես բթացան։ Այն հարյուրավոր դիակները, որոնք այս մեկ ամսում բերվեցին ռազմի դաշտերից, 20 տարին  հազիվ բոլորած տղաների մասին այն մտածումները, որոնք ոչինչ չտեսան եւ չհասցրեցին անել այս կյանքում, անասելի կսկիծ են պատճառում, եւ դրա կողքին խլանում են բոլոր մյուս ցավերն ու ապրումները։ Այլեւս 40-ամյա մարդու մահը՝ քովիդից, այնքան սարսափելի չի թվում, ինչպես ամիսներ առաջ էր մեզ թվում։ Եվ այն 1000-ից ավելի մահերը՝ կորոնավիրուսից, այլեւս աղետալի ու անմարդկային չեն երեւում մեր աչքին։ Մենք հիմա ամեն ինչ կտայինք, որ վերադառնայինք այս տարվա գարնանն ու ամռանը Հայաստանում տիրող վիճակին, երբ տրտնջում էինք արտակարգ դրությունից ու կարանտինից։ Երբ ընդզվում էինք դիմակներ դնելու պարտադրանքի ու տուգանքների դեմ։ Երբ տխրում էինք այն մտքից, որ Հայաստանի սահմանները փակ են, եւ արտերկիր մեկնելու հնարավորություններն այս տարի սահմանափակ են։ Երբ մեր ամենասենսացիոն ռեպորտաժը Ռուսաստան՝ խոպան մեկնողների բողոքի մասին պատմող նյութն էր։ Երանի վերադառնային այդ օրերը, եւ մենք բողոքեինք անհայտ վարակի տարածումից, տնտեսական աճի բացակայությունից, կրթության չափորոշիչներում «ապազգային» տարրեր մտցնելուց, սխալ կադրային քաղաքականությունից ու ոչ արժանիորեն բաշխվող պարգեւավճարներից։ Նորից գրեինք ստվերային եւ մեկ անձից գնումների, պայմանավորված մրցույթների եւ այլ՝ այսօր անկարեւոր թվացող թեմաների մասին։