Նախագահի աշխատակազմից ինձ սպառնացին

Նախագահի աշխատակազմից ինձ սպառնացին

«Հրապարակի»-ի խմբագրություն էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Կարլեն Խաչատրյանը՝ նշելով, որ նախագահի աշխատակազմից իրեն սպառնացել են։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր՝ «Շիրակ աշխարհի մեծերը» գրքի հրատարակման համար նամակով դիմել է նախագահին, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել, իսկ երբ ասել է, որ լրատվամիջոցների օգնությամբ կփորձի ստանալ պատասխանը, նախագահի աշխատակազմից ասել են, որ փորձում է իրենց սպառնալ, մինչդեռ իրենցից է պետք զգուշանալ․ 

«Մոտ 2 ամիս առաջ նամակ էի գրել նախագահին հովանավորելու հարցով։ Երկար տարիներ՝ 1971 թվականից, աշխատանքի բերումով ես անընդհատ եղել եմ գործուղումների, և այդ ժամանակ ինձ հարցրել են, թե Ալեքսանդրապոլ քաղաքը ի՞նչ քաղաք է, ես ասել եմ, որ Լենինական քաղաքն է Ալեքսանդրապոլը, իրենք տվել են մարդկանց անուններ, որոնք ծնվել են Ալեքսանդրապոլում : Ես այդ բոլորը հավաքել եմ, 3 տարի է, ինչ հավաքագրել եմ այդ մարդկանց կենսագրությունները, թե ինչ գործողություններ են կատարվել։ Իմ լավ ընկերներից մեկը, որը աշխատում էր նախագահականում, ինձ խորհուրդ տվեց  նախագահին նամակ գրել, նա այդպիսի բաները հովանավորում է։ Իմ զանգելուց հետո անցել էր մի ամիս, ես զանգեցի նախագահի աշխատակազմ, ասացին՝ մենք այդ հարցով կզբաղվենք ։ Հետո անցավ էլի մի որոշ ժամանակ, էլի զանգեցի մի կին ինձ ասաց, որ մյուս անգամ էլ այստեղ չզանգեք, հաջորդ օրը նույն համարով՝ 70 - 00 -35 համարով զանգեցին, ներկայացավ Վարդանյան ազգանունով մի տղամարդ, ասաց աշխատակազմի աշխատող է, ասաց, որ ես իրենցից զգուշանամ, քանի որ ասել էի, որ կդիմեմ թերթին և հարցում կանեմ, թե նախագահը կարադցե՞լ է իմ նամակը»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ գիրքը հրատարակելու համար իրեն 700 հազար դրամ է պետք, 100 հազարը հավաքել է իր թոշակով, դիմել է նաև մեծահարուստների, սակայն մերժում ստացել։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք նախագահի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Զոյա Բարսեղյանի հետ, վերջինս վստահեցրեց՝ բացառված է, որ նախագահի աշխատակազմից որևէ քաղաքացու սպառնան կամ կոպիտ պատասխանեն, իսկ նախագահին ուղղված նամակի պատասխանը վաղուց ուղարկել են Խաչատրյանին։