Հետստալինյան շրջանից հետո այսքան քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ Հայաստանում չեն եղել

Հետստալինյան շրջանից հետո այսքան քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ Հայաստանում չեն եղել

Հայաստանում չկան քաղբանտարկյալներ: Հայաստանը ժողովրդավարական երկիր է այնքանով, որքանով ամեն օր բացում ես սոցիալական ցանցերը և տեսնում, թե ինչքան ընդդիմադիրներ ու իրենց փաստաբաններ գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով արդարացի որոշումից: Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:

-Ի՞նչ գնահատական կտաք Մինասյանի այդ հայտարարությանը:

-Իհարկե, ես հասկանում եմ լրագրողներին, որոնք նախարարներին, պատգամավորներին հանդիպելիս, առիթից օգտվելով, նրանց հարցեր են ուղղում։Սակայն, եթե ես լինեի որևէ լրատվական կազմակերպության ղեկավար կամ խմբագիր, խստիվ կարգելեի, որ լրագրողները հարցազրույցներ վարեին կամ հարցեր ուղղեին քպ-ական պատգամավորներին, նախարարներին, քանի որ նրանցից ոչ մեկը չունի ինքնուրույն կարծիք և ցանկացած հարցի դեպքում, նրանք կամ թութակի պես կրկնում են իրենց տիրակալ, վարչապետ կոչեցյալի խոսքերը, կամ իրենց կարծիքով՝ դրանք «հիմնավորում»։Իրենց հարցերով լրագրողները, փաստորեն ևս մեկ անգամ գովազդում են վարչապետ կոչեցյալի դավադիր մտքերը։Այս համատեքստում, առավել քան զարմանալի է , դեմքի վախվորած արտահայտությամբ, արդարադատության նախարարին նման հարց ուղղելը, թե Հայաստանում կա՞ն, արդյոք քաղբանտարկյալներ։ Եվ ի՞նչ եք կարծում, մի մարդ, ում հարազատ հորն ու եղբորը մեղադրանքներ են առաջադրված , իսկ նա նրանց ուրանալով , քծնում և հաճոյանում է իր հարազատներին հետապնդման հրահանգ տված վարչապետ կոչեցյալին, պետք է այլ պատասխան տա՞ր։Այդ նախարարն ինձ հիշեցնում է, ԽՍՀՄ քաղբյուրոյի հնաբնակներից Լազար Կագանովիչին։ Երբ կալանավորեցին նրա եղբորը, որպես «ժողովրդի թշնամի», եղբոր կինը նամակով դիմեց Լազար Կագանովիչին, օգնության խնդրանքով։ Կագանովիչը նամակի վրա հրապարակային մակագրեց․ « Ես մեկ եղբայր ունեմ, Իոսիֆ Վիսարիոնովիչը»։Մարդ կարող է լուրջ հակասություններ ունենալ իր հարազատների հետ, ընդհուպ մինչև հարաբերությունների խզումը, բայց այդ ամենը դարձնել հանրությանը հասանելի, հանուն պաշտոնի, չգիտեմ ինչ դնել այդ երևույթի անունը, երբ մարդը զուրկ է տարրական արժանապատվության զգացումից։
 
 -Հայաստանում իսկապե՞ս քաղբանտարկյալներ չկա՞ն, ի՞նչ հիմքով է նա նման պնդումներ անում:

-Անկախ, թե ինչպես ենք վերաբերվում, դեմքի վախվորած արտահայտությամբ արդարադատության նախարարին, հանուն արդարության, նշենք, որ աշխարհում չի եղել ու չկա որևէ պետություն, որն ընդունի երկրում քաղբանտարկյալների առկայությունը։Այն բոլոր բռնապետական կամ ավտորիտար երկրները, որոնցում եղել են և կան քաղբանտարկյալներ, նրանց անվանել են «ժողովրդի թշնամիներ», լավագույն դեպքում՝ քրեական հանցագործներ։ Որևէ երկրում քաղաքական հետապնդումների և քաղբանտարկյալների առկայությունն ընդունում է տվյալ երկրի հասարակությունը, հատկապես՝ իրավապաշտպանները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ։

Ինչ վերաբերում է այսօրվա Հայաստանին, ապա ես համոզված եմ, որ հետստալինյան շրջանից հետո, այսքան քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ Հայաստանում չեն եղել։Եվ բոլոր քաղաքական հետապնդումների պատճառը, վարչապետ կոչեցյալին քննադատություններն են։ Վարչապետ կոչեցյալը, բոլոր իրավապահ մարմիններն օգտագործում է, որպես իր և իր ընտանիքին սպասարկման կառույցներ և իր հասցեին ցանկացած քննադատության կամ «թթու» խոսքի դեպքում, նրանց հանձնարարում է քրեական գործեր թխել և մեղադրանքներ առաջադրել իր ընդդիմախոսների դեմ։Եվ այդ իրավապահ կոչվող ոստիկան-քննիչ-դատախազ-դատավոր շղթան հնազանդությամբ կատարում է այդ անօրինական հրահանգները։ Այդ  շինծու քրեական գործերը ապագա չունեն։ Հիշեցնեմ, որ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործերից, ոչ մեկի հարցով վերջնական դատավճիռ գոյություն չունի, բացառությամբ գեներալ Մանվել Գրիգորյանի գործը։ Բոլոր քրեական գործերի հարուցվում են մեկ նպատակով՝ պատժել ընդդիմախոսներին։ Այդ պատիժն արտահայտվում է ընդդիմադիր գործիչներին ,ոստիկանների կողմից դաժանորեն «ասֆալտին փռելով» և ամիսներով կալանքի տակ պահելով, իսկ բուն քրեական գործերը տարիներով «քնում» են։Եվ նորից փորձենք գնահատական տալ, ինչպես արդարադատության նախարարին, այնպես էլ այլ պաշտոնյաներին։ Եթե նրանք ունենային արժանապատվության զգացում, իսկ իրավապահ համակարգի աշխատողները նաև մասնագիտական արժանապատվություն, ապա առնվազն հրաժարական կտային, հրաժարվելով կատարել անօրինական հրամանները։ Ցավով պետք է նշեմ, որ չնայած իրենց իրավապաշտպան համարող բազմաթիվ անձանց և կազմակերպություններին, նրանք բոլորը լռում են, դրանով իսկ մասնակից դառնում քաղաքական հետապնդումներին։ Այս տարիների ընթացքում պարզվեց, որ ինչպես նրանք, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կառույցները ոչ թե անաչառ իրավապաշտպաններ են, այլ ընդամենը իրենց ֆինանսավորող երկրների կամակատար գործակալներ։