Անակնկալներով լեցուն սպորտ

Անակնկալներով լեցուն սպորտ

Գլխավոր մրցասպարեզներում գրեթե երբեք ընդմիջումներ չեն լինում, եւ դա հասկանալի է: Միլիոնավոր մարդկանց հետաքրքրում է, թե ինչպիսի զարմանահրաշ, բացառիկ ցուցանիշներ են գրանցվելու այս կամ այն միջազգային ասպարեզում: Հենց հիմա ֆուտբոլասերները հուզմունքով հետեւում են Արգենտինայում կաշվե գնդակի ապագա վարպետների` 20-ամյա երիտասարդների աշխարհի առաջնության ընթացքին, մանավանդ որ 24 ազգային հավաքականներից կիսաեզրափակչում պայքարը շարունակում են 4-ը, հունիսի 8-ին կկայանա Ուրուգվայ-Իսրայել մրցամարտը, հաջորդ օրը կմրցեն Իտալիայի եւ Հարավային Կորեայի հավաքականները: Չեմպիոնը կորոշվի հունիսի 12-ին: Ո՞ւմ մտքով կանցներ, որ արգենտինացիները` դաշտի տերերը, հենց սկզբից տանուլ կտան նիգերիացիներին, հետո նույն ճակատագրին կարժանանան նաեւ մյուս հավակնորդները` բրազիլացիները, որոնք 2:3 հաշվով կզիջեն իսրայելցիներին:

Ավարտին է մոտենում նաեւ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, ստացվեց այնպես, որ անցած ուրբաթ օրը գործող չեմպիոն «Փյունիկ» թիմը, որը 77 միավորով ընթանում էր 2-րդ տեղում, ընդունեց 79 միավորով աղյուսակը գլխավորող «Ուրարտուին»: Կարելի էր պատկերացնել, թե ինչպիսի անհաշտ մրցավեճ է ծավալվելու խաղադաշտում: Սպասելիքներն արդարացան: Միմյանց արժանի մրցակիցների պայքարի լարվածությունը պահպանվեց մինչեւ վերջին պահը, եւ հենց այդ ժամանակ աղյուսակը գլխավորողին հաջողվեց խփել միակ ու հաղթական գոլը՝ գրանցելով դուբլ․ «Ուրարտուն» Հայաստանի գավաթակիր էր, դարձավ նաեւ չեմպիոն: Ի դեպ, ավարտվեց նաեւ ՌԴ ֆուտբոլի առաջնությունը, որոշվեցին ոչ միայն մրցակիցների, այլեւ մրցավարների լավագույն եռյակները: Վերջիններս արժանացան պատկառելի հոնորարների: Այդ ցուցակում երկրորդը մեր հայրենակից Պավել Կուկույանն է (Սոչի), ով 4 միլիոն 118 հազար ռուբլի ստացավ:

Հաճելի է նշել, որ մարզական կյանքին սկսել է աշխուժություն հաղորդել նաեւ բասկետբոլիստների հանրապետական առաջնությունը: Ափսոս միայն, որ մրցաշարին մասնակցում են ընդամենը 6, այն էլ՝ գերազանցապես Երեւանը ներկայացնող թիմեր: Ինչ խոսք, լավ կլիներ, եթե մարզերից էլ ակտիվ մասնակցեին այս հիանալի խաղաձեւի տարածմանը: 

Անակնկալ լուրեր են ստացվում նաեւ Փարիզից, Ռոլան Գարոսի` Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունից: Հենց մեկնարկում գրանցվել է գլխավոր անակնկալը` առաջին իսկ խաղում պարտություն կրելով՝ ասպարեզից դուրս է մնացել մրցաշարի հաղթողի թիվ մեկ հավակնորդ, մոսկվացի Դանիիլ Մեդվեդեւը: Ճիշտ հակառակ արդյունքն է գրանցել 134-րդ ռակետ համարվող մեկ այլ մոսկվացի` 20-ամյա հայազգի Էլինա Ավանեսյանը, ով պարտության մատնեց 12-րդ ռակետ համարվող Բելինա Բենչինիին (Շվեյցարիա): Էլինան հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ, ինչը վատ ցուցանիշ չէ նորեկի համար: Երրորդ փուլում հանդես գալու իրավունք է ստացել մեկ այլ մոսկվացի՝ հայազգի Կարեն Խաչանովը, ով այսօր, 1/8 եզրափակչում, հանդիպելու է սերբ Նովակ Ջոկովիչի հետ: 

Այսօր մենք` հայերս, կարող ենք հերթական անգամ շնորհավորել հրաշալի մարմնամարզիկ, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիադայի մրցանակակիր Արթուր Դավթյանին, ով կատարյալ վարպետություն, անկոտրում կամք դրսեւորելով է հասել նման հաջողությունների: «Հրապարակն» առիթներ ունեցել է անդրադառնալու շնորհաշատ մարմնամարզիկի արդյունքներին: Եվ ահա Արթուրն այս անգամ փայլեց Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ: Հենացատկերում նա իրեն հավասարը չուներ եւ տեղ գրավեց պատվո պատվանդանի վերին աստիճանին: Թվում է, թե անսպասելի չէր, որ նա կրկին արժանացավ հաղթողի կոչմանը:

Բայց հիացմունքի արժանի են նրա դրսեւորած անասելի վստահությունն ու անկոտրում կամքը: Պատահական չէր, որ այդ մրցումների ժամանակ Արթուր Դավթյանը եւս 2 անգամ բարձրացավ պատվո պատվանդան՝ բրոնզե մեդալների արժանանալով նժույգ-թափերի եւ օղակների վարժություններում ցուցադրած վարպետության համար: Այս օրերին բոլորիս հպարտանալու առիթ տվեց եւս մի հայազգի մարզիկ՝ գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը, ով, ներկայացնելով Բահրեյնը, բացառիկ, ռեկորդային ցուցանիշներ գրանցեց հարավկորեական Չանջու քաղաքում անցնող ասիական աշխարհամասի առաջնությունում՝ հրում վարժությունում բարձրացնելով 217, իսկ երկամարտում ցույց տալով 464 կգ: Ինչպես չհիշենք, որ անցյալ տարի էլ Բոգոտայում կայացած աշխարհի առաջնությունում նա գրավեց 2-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 462 կգ, 4 կգ-ով զիջելով աշխարհի բազմակի չեմպիոն վրացի Լաշա Թալախաձեին, ով մեկ ամիս առաջ Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում ճանաչվեց լավագույնը:

Արտասովոր ուժի տեր Գոռ Մինասյանը գյումրեցի դյուցազն է։ Գուցե զարմանաք, թե այդ ինչպես պատահեց, որ բացառիկ կարողությունների տեր մեր ծանրորդը հայտնվել է արաբական Բահրեյնում: Բանն այն է, որ ազգային հավաքականների կազմերում, ըստ միջազգայնորեն ընդունված կանոնակարգի, նույն քաշային կարգում կարող են հանդես գալ երկուսից ոչ ավելի մարզիկ: Եվ մեր ընտրանու ղեկավարներն ու համապատասխան ֆեդերացիան, ինչ-որ հաշվարկներ անելով, որոշեցին, որ աշխարհի անցյալ տարվա առաջնությունից առաջ Գոռին կարելի է «բարեկամաբար» փոխանցել Բահրեյնի թիմին, փոխանցեցին եւ մրցումներից հետո հաստատ զղջացին, քանի որ վերոհիշյալ մրցումներում, իրենց համոզմամբ, ավելի մեծ հույսեր ներշնչած ընտրյալները, ավաղ, չարդարացրին սպասելիքները՝ տանուլ տալով նաեւ Գոռ Մինասյանին: Սա է սխալ հաշվարկի ցավալի եւ տխուր հետեւանքը, իսկ գուցե հաշվարկը սխալ չէր, այլ «եկամտաբե՞ր»:

Անցյալ տարի մի ավելի անսպասելի միջադեպ գրանցվեց՝ կապված մեր ֆուտբոլի ազգային հավաքականի հետ: Խոսքը մեր ազգային գլխավոր թիմի առանցքային, փորձառու եւ արդյունավետ գործող ֆուտբոլիստի` հանրաճանաչ Հենրիխ Մխիթարյանի մասին է, այն մասին, թե ինչպես նա հերթական խաղից առաջ հանկարծ հայտարարեց, որ հրաժարվում է հանդես գալ մեր ազգային ընտրանիում: Դա, ըստ էության, բացառիկ ու անակնկալ հայտարարություն էր եւ, ինչպես պարզվեց, առնչվում է իր մոր՝ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժնի 17 տարվա ղեկավար Մարինա Թաշյանի անվան հետ, ավելի կոնկրետ՝ նրա այն հայտարարության հետ, որ ֆեդերացիայի ղեկավար կազմի վերջին ընտրությունները եղել են անարդար: Այդ հայտարարություններից հետո նա ստիպված էր հրաժարվել ֆեդերացիայում իր գործունեությունը շարունակելուց: Ֆեդերացիայում, այդուհանդերձ, հույսեր էին փայփայում, որ Հենրիխ Մխիթարյանը ետ կկանգնի իր որոշումից: Սպասելիքները չարդարացան` մեր գլխավոր հավաքականն այսօր շարունակում է հանդես գալ առանց իր առաջատար ու անվանի խաղացողի:

Իսկ արտասահմանում հանդես գալով ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող Գերմանիայում, Անգլիայում, ներկայում էլ` Իտալիայում, այսինքն՝ այն երկրներում, որոնք 9 անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Մխիթարյանն էլ իր հերթին ավելի մեծ համբավ վայելող խաղացողի անուն է ձեռք բերել՝ շնորհիվ իր արտասովոր ունակությունների: Դեռ ավելին՝ նա մեծապես նպաստեց նրան, որ «Ինտեր» թիմն այսօր կրում է Իտալիայի գավաթակրի պատվավոր կոչումը, թիմ, որը նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչին մասնակցելու իրավունք եւ հունիսի 10-ին Ստամբուլում վճռորոշ հանդիպում է ունենալու Անգլիայի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ի դեպ, դրանից առաջ՝ չորեքշաբթի օրը, Եվրոպայի լիգայի գավաթի համար Բուդապեշտում վճռական խաղ անցկացրին իսպանական «Սեւիլիան» եւ իտալական «Ռոման», այն թիմը, որտեղ նույնպես իր հետքն է թողել Հենրիխ Մխիթարյանը: Ի դեպ, անակնկալներով լեցուն մրցակցություն էր: Առաջին խաղակեսում Դիբալան առաջ մղեց «Ռոմային», իսկ դադարից հետո նրա թիմակից Մանչինին անզգուշորեն «գրավեց» սեփական դարպասը: 1:1 հաշիվը պահպանվեց մինչեւ վերջ, հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածները: Ավելի դիպուկ գտնվեցին իսպանացիները (4:1), որոնք 7-րդ անգամ տիրացան պատվավոր գավաթին: Առիթը ներկայացել է՝ ասենք, որ Հենոն շատ բան ժառանգել է հորից` լեգենդար «Արարատի» երկրորդ սերնդի խաղացողի արժանի հեղինակություն վայելող Համլետ Մխիթարյանից (1984 թվականին նա թիմի գլխավոր ռմբարկուն էր եւ խփել է 18 գոլ):

Իսկ այսօր 34-ամյա Հենրիխը՝ մեծ ֆուտբոլի հանրահայտ գրոսմայստերը, նաեւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, օլիմպիական վերջին երեք խաղերում բոլոր երեք ձուլվածքի մեդալների արժանացած աշխարհի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, աշխարհի ամենաուժեղ մարդկանցից մեկը՝ Գոռ Մինասյանը, մեր բոլոր շնորհաշատ մարզիկները դարձել են աճող սերնդի կուռքը, որի երազանքն է դառնալ հայկական սպորտի փառավոր ավանդույթների արժանի շարունակող: Թող իրականանան այդ երազանքները:

Միսակ Նազարյան