Իսկ եթե Ռուսաստանը հաղթի՞

Իսկ եթե Ռուսաստանը հաղթի՞

Զելենսկի կամ Նիկոլ պետք է լինել՝ Ռուսաստանի վախճանի շուրջ մտքեր արծարծելու համար: Առաջինը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն պարտվում է ռուս-ուկրաինական պատերազմում, իսկ երկրորդը՝ չի պատկերացնում, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանը պարտվի այդ պատերազմում: Մյուս կողմից էլ բանդերական կամ նիկոլական պետք է լինել՝ Զելենսկու կամ Նիկոլի արծարծած մտքերին հավատալու եւ այդ մտքերի հիման վրա հաշվարկներ անելու համար: Բանն այն է, որ մարդկության պատմության մեջ դեռ ոչ մի միջուկային գերտերություն չի պարտվել, իսկ որ այդ գերտերությունն իր հետ ողջ մարդկությունն ու երկրագունդը գրողի ծոցը կտանի, միանգամայն հնարավոր է: Զելենսկին եւ Նիկոլը, վստահաբար, գիտեն դա, բայց քանի որ երկուսն էլ հակառուսական պտուտակներ են Արեւմուտքի ձեռքին, պիտի մանիպուլյացիաներով մոլորեցնեն իրենց հանրություններին: Եթե այս զույգին հարցնես, թե պատերազմի հետեւանքով արդեն քանի գյուղ ու քաղաք են մնացել ձեր սրտերում, երեւի չկարողանան մտաբերել: Բայց երկուսն էլ խոսում են հակառակորդի հնարավոր պարտությունից. Զելենսկին՝ Ռուսաստանի, իսկ Նիկոլը՝ Ադրբեջանի (44-օրյա պատերազմի ժամանակ): Իրենք ոչ մի շանս չունեն պատերազմով հարց լուծելու, բայց խոսում են եւ խաբում՝ կատարելով պտուտակի իրենց դերը:

Ես կառաջարկեի հարցն այսպես դնել՝ ի՞նչ տեղի կունենա Զելենսկու եւ Նիկոլի հետ, եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, չպարտվի: Ի դեպ, Արեւմուտքում ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիներ են փնտրում: Վատիկանի խաղաղասիրական առաքելությունն է ժամանել Ուկրաինա, ԱՄՆ նախագահական ընտրությունների ողջ ընդդիմադիր սեկտորը, իր թեկնածուներով, Պուտինին թողած՝ Բայդենին է քննադատում, ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ իր պահեստներում սպառվել է Ուկրաինայի համար նախատեսված զենք-զինամթերքի պաշարը, ու ԵՄ երկրներին խնդրեց իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսին հասցնել զենքի արտադրությունը: Զելենսկու եւ Նիկոլի գլուխները՝ քարը, իսկ ի՞նչ տեղի կունենա Ուկրաինայի եւ Հայաստանի հետ, եթե Ռուսաստանը չպարտվի: Այս մասին Զելենսկին եւ Նիկոլը չեն մտածում: Նրանց թիվ 1 խնդիրն արեւմտյան պտուտակի իրենց աշխատանքը, որ նույն է՝ իրենց աթոռը չկորցնելն է: Մինչդեռ դա հնարավոր չէ: Արեւմուտքը երբեք հոգնած ձիերի վրա խաղադրույք չի կատարում, իսկ Ռուսաստանը, առհասարակ, անողոք է վարվում իրեն թիկունքից հարվածողների հետ: Դե իսկ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսից սկսած, արդեն 5 տարի, աշխատում է Ռուսաստանի դեմ: Սկսեց ՀԱՊԿ-ն քանդելուց, վերջերս էլ CNN-ով հայտարարեց, որ ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ:

Լուրն իսկույն հասցրին Պեսկովին, Պեսկովն էլ ասաց՝ մենք դա կընդունենք ի գիտություն: Ո՛չ սպառնալիքներ, ո՛չ վատ խոսքեր Փաշինյանի հասցեին, այլ հենց այդպես՝ կընդունենք ի գիտություն: Իսկ դա նշանակում է Փաշինյանին թողնել անորոշության մեջ: Եվ ոչ միայն Փաշինյանին, այլ նաեւ Փաշինյանի ձեւավորած խունտային: Ես դույզն-ինչ չեմ կասկածում, որ Ռուսաստանի պատասխանը լինելու է շատ ցավոտ եւ ամենակարեւորը՝ անսպասելի: Չի բացառվում, որ պատասխանը հետեւի հենց այս օրերին՝ Ուկրաինայում պատերազմի վերջին ակորդների հետ: Այդ օպերացիան Մոսկվան կարող է անվանել «Հայաստանի դեարեւմտականացում», որ ենթադրում է Հայաստանի ռեկոնստրուկցիա: Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանները կդառնան ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական սահմաններ, ինչը բավականին կհեշտացնի Ռուսաստանի գործը՝ դրանց պահպանման համար: Այլապես դրանք այսօր դե յուրե համարվում են Հայաստանի սահման, իսկ Հայաստանում ոմն պտուտակ նույնիսկ չգիտի էլ, թե որտեղով են անցնում այդ սահմանները: Նիկոլն իր բերանով է, չէ՞, ասել, որ Հայաստանը նույնիսկ կադաստրի վկայական չունի: Մոսկվայից ցարական կնիքով մի այնպիսի կադաստրի վկայական ցույց կտան նրան, որ կմնա ապշած:

Բայց եկեք դեպքերից առաջ չանցնենք եւ մեզ տրամադրենք համեմատաբար ավելի լավ ապագայի: 2 ամսից Երեւանի քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու, իսկ մենք Նիկոլ ենք խաղցնում: Մի քիչ էլ որ խաղցնենք, կունենանք ոչ թե Երեւանի, այլ Էրիվանի ընտրություններ: Հայրենասերները, բնականաբար, կհրաժարվեն թեկնածու առաջադրել, ու տակը կմնա Նիկոլի փալաս-փուլուսը: Նրանցից մեկնումեկն անպայման սիրով կընդունի Էրիվանի խորհրդանշական բանալին՝ վրան փորագրված՝ «Է» եւ «Ա», որոնք, ավաղ, ամենեւին էլ ձեր խոնարհ ծառայի անուն-ազգանվան առաջին տառերը չեն, այլ՝ Էրդողանի եւ Ալիեւի տոհմանշանները:

ՀԳ. Ներողություն եմ խնդրում մխիթարական խոսքեր չգտնելուս համար: Նույնիսկ ի վիճակի չեմ կոչ անելու՝ փողոց դուրս եկեք, քշեք Նիկոլին… Ոչ էլ ունակ եմ քֆուր տալու: Ավելի լավ է վեր կենա՝ իր ոտով գնա: Որովհետեւ Ռուսաստանը չի պարտվելու, ինքն էլ չի կարողանալու երկիրը ծախել: Հով լռվեք ձեր տներում, հայեր ջան: Ըստ իս՝ այս պահին ամենաարդիականը Նիկոլի ապագայի հարցն է․ «ո՞ւր գնա համառը՝ այս տարվա ամառը»: