Միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային․ հայտարարություն

Միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային․ հայտարարություն

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նապաձեռնություն

2018 թվականից ի վեր մեր բոլոր նախազգուշացումներին հակառակ, Հայաստանում, Արցախում և աշխարում բնակվող հայությունը, ոչ մի հստակ քայլ չնախաձեռնեց կանգնեցնելու Արցախի հանձնումը, կանգնեցնելու Նիկոլ Փաշինյանին և ՔՊ ազգակործան իշխանությանը։

Ցավոք սրտի մեր բոլոր զգուշացումներն իրականություն դարձան․ կորցրեցինք Արցախը, Հայկական բանակի դիմադրողականությունը, մեր ավանդական դաշնակիցներին, ոչնչացման եզրին կրթությունը, մշակույթն ու տնտեսությունը, ուժգնացավ  արտագաղթը և  համակարգային կոռուպցիան։

Նկատի ունենալով, որ հանցավոր ու ազգադավ իշխանությանը կանգնեցնելու ճանապարհը մեկն է՝ այն է համաժողովրդական օրինական և արմատական պայքարը, նկատի ունենալով նաև, որ մեր Հանրապետությանը սպառնում են նոր աննախադեպ կորուստներ, Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնությունը հայտարարում է  իր տարիների  պայքարը շարունակելու հաստատակամության և վճռականության մասին և վստահեցնում է, որ Աստծո Կամքով, միասին հասնելու ենք մեր առջև դրված խնդրի լուծմանը և կանգնեցնելու ենք Նիկոլին։

Այդ նպատակով կոչ ենք անում բոլոր ավանդապաշտ և ազնիվ, հայրենատեր և արժանապատիվ հայորդիներին հինգշաբթի օրը, Ապրիլի 18-ին, ժամը 12։00-ին միանալ կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային, որով պահանջում ենք

 • Դադարեցնել  Հայաստանի Հանրապետության տարածքների՝ այդ թվում Ոսկեպարի, Տիգրանաշենի հանձնումը,
 • Դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի ստեղծման ծրագիրը,

• Ադրբեջանի և միջազգային հանրության հետ բանակցել միայն և միայն արցախահայության  Արցախ վերադարձի, անվտանգության ապահովման և կարգավիճակի  օրակարգով,

Կոչ ենք ուղղում քաղաքական և հասարակական բոլոր ուժերին՝ միանալ մեր արմատական պայքարին, որին այլընտրանք չկա, իսկ չմիանալու դեպքում, չփորձել հրապարակային, կամ թաքուն խոչընդոտ հանդիսանալու մեզ, կոպիտ ասած ոտքի տակ ընկնել՝ այդպիսով օգնելով ազգադավ ուժերին Ոսկեպարը և Տիգրանաշենը հանձնելու, Սյունիքը հանձնելու, հակազդեցությունը չի ուշանալու և շատ կոշտ է լինելու։ 

Կոչ ենք ուղղում  նաև  Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության անունից հանդես եկող բոլոր կառույցներին և կենտրոններին, չկոռումպացված լրատվամիջոցներին ու մտավորականներին՝ բացահայտել և դատապարտել մեր պայքարի նկատմամբ ոստիկանական և ուժային կառույցների կողմից հնարավոր ցանկացած ոտնձգություն։

Հորդորում ենք ոստիկանության աշխատակիցներին զերծ մնալ սեփական ժողովրդի հանդեպ բռնություններ և անօրինություններ գործելու արատավոր ավանդույթից, չխոչընդոտել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը, նաև հավատացնում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և Պետականության պաշտպանության համար պայքարի ելած ցանկացած հայորդու նկատմամբ գործված ապօրինություն ու բռնություն անպատիժ չի մնալու։

Հորդորում ենք նաև Նիկոլ Փաշինյանին և նրա վարչակարգին․ զերծ մնալ բռնապետական միջոցառումներից, չգնալ արկածախնդրության սեփական ժողովրդի հանդեպ, մնալ օրենքի շրջանակներում և ապօրինի հրահանգներ չտալ։ Ցանկացած բռնություն հակազդեցություն է ունենալու։

Կրկին շեշտում ենք, որ Կամքը վճռական է և ժողովրդական բավարար աջակցություն ստանալու դեպքում պատրաստ է ավարտին հասցնել 2018-ից սկսած գործը։

Կամք
Համախմբում
Հաղթանակ