Մենք չէինք ասել՝ եթե երաշխիքներ չտան, չենք վերադառնալու ԱԺ

Մենք չէինք ասել՝ եթե երաշխիքներ չտան, չենք վերադառնալու ԱԺ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը տևական դադարից հետո այսօր նորից վերադարձել էր նիստերի դահլիճ։ Հիշեցնենք, Սասուն Միքայելյանի կողմից Էդմոն Մարուքյանի հանդեպ բռնություն կիրառելուց հետո Լուսավորի պատգամավորները որոշեցին առժամանակ չմասնակցել նիստերին, մինչև չստանան քաղաքական երաշխիքներ, որ նորից բռնություն չի կիրառվի դահլիճում։ Երեկ ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանին հարցրինք՝ ինչպե՞ս որոշվեց նորից վերադառնալ դահլիճ, ստացե՞լ են երաշխիքները։

«Մենք ծանրութեթև արեցինք, կշեռքի մի նժարին դրեցինք մեր քաղաքական գործունեությունը, ի շահ քաղաքացիներին ուղղված աշխատանքի կարևորությունը, և քանի որ որևիցե հույսեր չէինք կապում, որ իշխանությունների կողմից նիստերի դահլիճ վերադառնալու և աշխատանքը շարունակելու երաշխիքներ պիտի տրվեին, մենք փաստացի վերադարձանք բնականոն աշխատանքի»,-ասաց տիկին Կոստանյանը։

-Այսինքն՝ երաշխիքներ չե՞ք ստացել։

Չէ, բոլորովին, ոչ մի երաշխիք էլ չենք ստացել։ Եվ մեր՝ նիստերի դահլիճ վերադառնալը չէինք էլ կապում իրենց կողմից ինչ որ․․․ այսինքն՝ չէինք դրել նախապես պայման, որ եթե չտան երաշխիքներ, մենք չենք գալու դահլիճ։ Մենք ասել էինք, որ եթե առնվազն գործընկերային հարաբերությունները գնահատվում են, և իշխանությունն իրապես օբյեկտիվ գնահատական էր այն ժամանակ ուզում տալ տեղի ունեցած բռնարարքին, պետք է առնվազն երաշխիքներ տային։ Բայց մենք չենք պայմանավորել էդ երաշխիքով մեր՝ խորհրդարան վերադառնալը։

-Բայց մի քանի օր առաջ ինձ տված հարցազրույցում կարծես թե պայմանավորել էիք, որ պետք է ԱԺ նախագահի մակարդակով որևէ հայտարարություն լինի։

-Մենք ասել էինք, որ իշխանությունն ինչպես վարչապետի մակարդակով, այնպես էլ խորհրդարանի ղեկավարի, տվյալ դեպքում՝ ԱԺ նախագահի մակարդակով պետք է երաշխավորություն տա։ Բայց մենք չէինք ասել՝ եթե չտան, մենք չենք վերադառնալու։ Մենք ասել էինք՝ դա մեր իրավունքն է, և, ըստ էության, սա մեր կողմից ոչ այնքան քաղաքական բոյկոտ էր, որքան մեր իրավունքը՝ ներկայանալ կամ չներկայանալ նիստերին։

-Կարող են ձեր այդ քայլը որակել որպես նեղացվածություն, որ Լուսավորն իշխանությունից նեղացել էր ու չէր գալիս նիստերին։

-Չէ, նեղացվածություն չէ, նեղացած լինելը քաղաքական կատեգորիա չէ, նեղանալ կարող են ընկերները իրարից, բայց ոչ քաղաքականության մեջ քաղաքական ուժերը։ Դա առնվազն լուրջ չէ։ Ես իմ հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ ընդամենը սպասում էինք օբյեկտիվ գնահատականների, որոնք որ փաստացի չտրվեցին իշխանության կողմից տեղի ունեցած բռնարարքի վերաբերյալ։ Այդքանը։

-Իսկ առանց երաշխիքների ինչպե՞ս եք աշխատելու, բա որ նորից կրկնվի՞ նույն բռնությունը։

-Դե, որ նորից կրկնվի, չի բացառվում, որ նորից կդիմենք իրավական ճանապարհներով այս խնդրին վերջնական լուծում տալուն։

-Մենք տեսանք, սակայն, որ իրավական հետևանք չունեցավ միջադեպը, պարզվեց, որ Սասուն Միքայելյանի՝ Էդմոն Մարուքյանին հարվածելու մեջ հանցակազմ չկա։ Ի՞նչ վստահություն ունեք, որ իրավական ճանապարհով կկարողանաք այդ խնդիրը լուծել։

-Իրականում ճիշտ եք, վստահություն այնքան էլ չկա, և դահլիճ վերադառնալը, նորից եմ ասում, որևիցե երաշխիքներ մեզ տրված չեն, որ այդ բռնարարքը չի կրկնվի, մենք առնվազն․․․

-Ռիսկի՞ եք դիմել։

-Ռիսկի ենք դիմել՝ մի քիչ շատ ծայրահեղական է ասված, բայց գոնե մի փոքր ուզում եմ ապավինել սթափությանը իշխանության կողմից։