Ռուսներն ինչու՞ են իրենց վատ զգում
Շուշիում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության թեման չի իջնում ադրբեջանական մամուլի էջերից: Փոխվում են միայն շեշտադրումները: Եթե առաջին օրերին գերիշխում էր բարձր հուզականությունը, ապա ներկայումս փորձ է արվում հասկանալ փաստի խորքը: Երեւում է, Բաքվում այդ կապակցությամբ որոշակի մշակումներ արվում են: Իշխանահաճ քարոզչությունը գովում է Իլհամ Ալիեւի սառնասրտությունը, որ «տուրք չտվեց հանրության զգացմունքայնությանը եւ հրթիռային հարված չհասցրեց Շուշիին» եւ ավելացնում, որ «եթե բանակցությունները վերջնականապես փակուղի մտնեն, ապա Ադրբեջանը հարվածը կհասնի հարկավոր պահի եւ տեղում»: Այստեղ, իհարկե, քարոզչական տարրը գերիշխում է, բայց զգաստացնում է, որ թեմայով ադրբեջանական քննարկումներին ներգրավվում են նաեւ ռուսաստանցի փորձագետներ: Նրանք նույնպես Շուշիում Արցախի նախագահի երդմնակալությունը համարում են աննախադեպ եւ խորհրդանշական:
Ուշագրավ է, մանավանդ, որ ռուսաստանցի մեկնաբանները հատկապես ընդգծում են պետական արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը եւ դա ուղղակիորեն կապում ԼՂ կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտնի հայտարարության հետ: Մոտեցումն այն է, որ Փաշինյանը «փորձում է սլաքն ուղղել» Արցախի նոր ղեկավարությանը՝ Ռուսաստանին նկատել տալով, որ պայմանավորվածությունների հարցով պետք է խոսել պաշտոնական Ստեփանակերտի հետ: Գրեթե նույն մատրիցան են կիրառում նաեւ ադրբեջանցի փորձագետները: Բայց եթե այդ դեպքում նրանց դժգոհությունը հասկանալի է, քանի որ տասնամյակներ ի վեր Բաքուն հրաժարվում է Ստեփանակերտի հետ ուղղակի երկխոսությունից, ապա բաց է մնում հարցը, թե Ռուսաստանն ինչու՞ է իրեն վատ զգում: Իհարկե, շատ դժվար է ասել, որ Regnum-ի խմբագիր Կոլերովը կամ պատմաբան Կուզնեցովն ու ռազմական փորձագետ Տրոֆիմչուկը գործում են ՌԴ ԱԳՆ անմիջական հրահանգավորմամբ, բայց ամեն դեպքում տեղեկետվական ֆոնը թեեւ զուսպ, բայց խորքում նոր իրավիճակի հանդեպ անհանդուրժողական է: Այնքան, որ Մոսկվայում հիշեցնում են Գյուլիստանի պայմանագրի մասին, որով «Ղարաբաղն ընդմիշտ մտել է Ռուսաստանի կազմի մեջ»: Ռուս մեկնաբաններից մեկը նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի խորհրդարանը նստավայրը Շուշիում հաստատելու մասին հայտարարությունը որակել է «սահմանային»: Ի՞նչ է հասկացվում այս ձեւակերպման տակ՝ դժվար չէ կռահել: Մնում է գուշակել՝ իրավիճակն այդպես են գնահատում նաեւ ՌԴ արտգործանախարարությունու՞մ:
Կարծիքներ