Քաղաքական վերնախավի դեգրադացիան. քաղաքական դաշտի կազմաքանդումը

Քաղաքական վերնախավի դեգրադացիան. քաղաքական դաշտի կազմաքանդումը

Վերլուծելով Հայաստանի անկախության տարիներին քաղաքական վերնախավի եւ քաղաքական դաշտի ձեւավորման, զարգացման ընթացքը՝ այն կարելի է բաժանել տարբեր փուլերի՝ արձանագրելով, որ 1994-ից սկսած՝ այն մշտապես գահավիժել եւ ենթարկվել է շարունակական դեգրադացիայի։

1988-ից ընթացող ղարաբաղյան համազգային շարժման ժամանակ ձեւավորվեց այն երիտասարդ քաղաքական սերունդը, որը պետք է իր վրա վերցներ Խորհրդային Միության փլուզումից հետո երկրի ղեկավարումը։ Համազգային շարժման երիտասարդ քաղաքական թիմը պահպանեց խորհրդային կառավարման համակարգի կադրային բազայի մեծ մասը, որը դրական էր՝ կառավարման համակարգի փորձն օգտագործելու, փոխանցելու առումով։ Մյուս կողմից՝ խիստ բացասական հետեւանք ունեցավ․ խորհրդային կառավարման հոռի բարքերը, հատկապես կոռուպցիան, որը ժամանակավորապես, մինչեւ 1994-ը, կարելի է ասել, բացակայում էր, իսկ 1995-ից նոր որակներով վերսկսվեց, որի ծնունդն է նաեւ քրեաօլիգարխիկ համակարգը, ինչը դարձավ պետականաշինությանը խոչընդոտող հիմնական գործիքներից մեկը։

Համազգային շարժման քաղաքական վերնախավում երկրի կառավարման համակարգի հետ կապված տարակարծություններ ձեւավորվեցին, որն աստիճանաբար վերածվեց հակամարտության, որտեղ մեծ էին նաեւ անձնական գործոնները, ինչը հանգեցրեց շարժման առաջնորդների շուրջ համախոհների համախմբման եւ շարժման փուլ առ փուլ՝ պառակտման։ Այն սկսվեց Համբարձում Գալստյանից, Վազգեն Մանուկյանից, որը ձեւավորեց ԱԺՄ կուսակցություն, Աշոտ Մանուչարյանից, ավելի ուշ շարժումից տարանջատվողը «Հայրենիք» պատգամավորական խումբն էր, որի անդամները շուրջ 2 տարի փորձում էին ներսից ահազանգել եւ կանգնեցնել այն զարգացումները, որոնք բերելու էին հիմա արդեն բոլորին հայտնի հանգրվանին։ Քաղաքական վերնախավի ձեւավորման առաջին փուլը 1991-94-ն էր, որտեղ գործընթացները կարելի էր դրական գնահատել։ Քաղաքական զարգացումների երկրորդ փուլը՝ 1994-2003-ը ներառյալ․ այդ տարիներին քաղաքական գործընթացներում սկսեցին ձեւավորվել «բեսպրեդելի» սաղմերը, եւ ներքաղաքական գործընթացներում դժվարությամբ էր իշխում հետադիմական քաղաքական վերնախավը։

Ավելին՝ 1998-ից սկսվեց քաղաքական վերնախավի ձեւավորման նոր ոճ՝ վարձու, շինծու քաղաքական «առաջնորդների» ու «կուսակցությունների» բուծում եւ օգտագործում, որոնք լուրջ դերակատարում ունեցան ժողովրդի զգալի զանգվածին ուղղորդելու եւ գործող ռեժիմների շահերին սպասարկելու հարցում։ 

Քաղաքական վերնախավի կայացման երրորդ փուլը 2004-2018-ն է, որը կարելի է ձեւակերպել որպես լճացման կամ քաղաքական նեխման ժամանակահատված, քաղաքական վերնախավը որակական առումով շարունակում էր գահավիժել։ Իշխող վերնախավն ուներ քաղաքական ընդդիմադիր առաջնորդներ բուծելու լուրջ փորձ, եւ արդեն 2013-ից Սերժ Սարգսյանը նախաձեռնեց ապագա՝ բաց ձեռքերով հեղափոխականների բուծումը, որոնց միջոցով էլ պետք է լուծվեր միջազգային հանրության կողմից իրենց պարտադրվող լավրովյան պլանը։

2018-ից հասարակության դրական սպասելիքները քաղաքական վերնախավի գահավիժումը կասեցրեց, բայց 2020-ից նկատելի էին բացասական ուղղությամբ զարգացումները, իսկ արդեն 2021-ից արձանագրվեց նույն նախկին համակարգի գործելաոճը՝ քաղաքական հաճախորդների բուծում, ինչը վերադարձ էր քաղաքական դաշտի անապագա շրջանին։ Վերոշարադրյալ զարգացումները հետեւանք էին նաեւ պետական գաղափարախոսության ու հստակ ձեւակերպված նպատակների ու ծրագրերի՝ աստիճանաբար քաղաքական օրակարգից դուրս մղման։ 

Ասվածի հավաստիացումն է այն, որ մենք կարողացանք հաղթահարել 90-ականների բոլոր դժվարությունները, դիմակայել թշնամուն ու հաղթել, ինչն արդյունք էր 1988-ից ձեւակերպված Արցախի հարցում համազգային համաձայնության եւ հստակ նպատակների, ծրագրերի իրականացման ռազմավարության։ Ցավոք, 1994թ․ զինադադարից հետո չարժեւորեցինք մեծագույն զրկանքներով ձեռք բերված մեր նվաճումը։ Երբ վերլուծում ենք քաղաքական վերնախավի ձեւավորման ընթացքը եւ դեգրադացիայի փուլերը՝ 1991-2022թթ․, ապա դրան ուղիղ համեմատական ձեւով են արտացոլվում Հայաստանում դեմոգրաֆիկ գործընթացները, մասնավորապես՝ արտագաղթի տեմպերը։

Հաշվի առնելով անվտանգային գործոնը՝ մշտապես առկա պատերազմի վտանգը եւ դրա հետ կապված մորթապաշտների փախուստը, որը մեծ տոկոս չի կազմում, մեծ չեն նաեւ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով ապրողները, ավելի շատ են այն շերտերը, որոնք տեսնում ու հասկանում են, թե ուր են տանում երկիրը, եւ իրենք, որեւէ ձեւով չկարողանալով կանխել այդ ընթացքը, որոշում են հեռանալ։ Քիչ չեն նաեւ այն շերտերը, որոնք հասկանալով այդ բոլորը, որոշում են ոչ թե պայքարել, այլ թողնել հեռանալ։ 30 տարվա ընթացքում մեր ազգաբնակչությունը մեկ միլիոնից ավելի արտագաղթեց, եւ այդ ամենը հետեւանք է արդարության եւ արդարադատության բացակայության, ինչը հանգեցրեց անվտանգային համակարգի ձեւախեղման։

Ցավոք, պատերազմից անցել է բավականին ժամանակ, ոչ մի հետեւություն չի արվում, շարունակվում են պարզունակ ու գռեհիկ ձեւով մեղավորների եւ պատասխանատուների փնտրտուքն ու նշանակումը, մասնավորապես՝ ով է դավաճանը, ով՝ հողատուն։ Բնության եւ հասարակության օրենքները շարունակում են գործել։ Պարտված իշխանությունն ի վիճակի չէ երկիրը ճգնաժամից դուրս բերել, եւ նրանց կողմից ներկայացված ծրագրերը չունեն որեւէ ապագա, իսկ խաղաղության դարաշրջան ասվածը Հայաստանի պետականության վերջնական կազմաքանդման գործընթացի ավարտական փուլը կլինի։

Պետրոս Մակեյան