Ամանորի ամենահուզիչ շնորհավորանքը

 Ամանորի ամենահուզիչ շնորհավորանքը

Զոհված հերոսներից շատերի մայրերին անձամբ եմ ճանաչում։ Յուրովի են կսկիծն ամփոփում իրենց մեջ, բայց բոլորի ցավը  ծակող ասեղների պես փոխանցվում է  զրուցակցին։

Անուշ Հակոբյանը նրանցից մեկն է։ Նրա հետ երկար եմ զրուցել ու հասկացել մի բան․ 20-ամյա իր տղան հիշատակ չի թողել՝ հայի համար ժառանգն է, ու մայրը ապրում է տղայի հերոսությունը հավերժացնող հիշատակներով։ 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Գավառի թիվ 5 ավագ դպրոցում բացվել է հերոսի անվան զինվորական պատրաստության դասասենյակ։ Դասասենյակի բացման արարողությանը հաջորդեցին Ոսկանյաննների բնակարան տանող ճանապարհի անվանակոչության և Արամայիս Ոսկանյանի բնակված տան պատին նրա հուշատախտակի բացման արարողությունները։ Մորը հուզում է, որ իր հերոս տղան չմոռացվի, անհիշատակ չմնա։ Վերջին անգամ, երբ զրուցում էի մոր հետ, ասում էր՝ դպրոցը կոչվե՜ր Արամայիսիս անունով, ուրիշ բան չեմ ուզում․․․

Հերոսի մորը նման հիշատակներից բացի ուրիշ ոչի՜նչ չի հուզում։ Այսօր մի հետաքրքիր ու հուզիչ գրառում տեսա հերոսի մոր ֆեյսբուքյան էջում, որն իր տղայի անունով է։ Երևի տարվա ամենահուզիչ գրառումը․

Kata Lea is with Anush Hakobyan

 

Տիկին Անուշ ջան․ ձեր գլխավորությամբ շնորհավորում ենք ձեր և մեր բոլոր հերոս տղերքի Ծնողների Նոր տարին։ Տղերքը մեզ հետ են միշտ․․․ սիրում ենք ձեզ շատ Հայոց Մայրեր․․․ Միշտ ձեր կողքին ենք։

Սաշա, Արամայիս, Ռոբ, Քյարամ, Արմենակ, Ադամ․․․

Անուններ կան՝ չեմ նշել․․․ բայց փառք բոլորիդ, տղերք։

Գրառում կատարողը Պաշտպանության նախարարությունում է աշխատում։ Ուրիշ ի՜նչ կարող էր ուրախացնել հերոսների մայրերին, եթե ոչ իրենց հավերժ կենդանի որդիների շնորհավորանքը։ Ամանորի ամենահուզիչ գրառումը։  

Հիշեցնենք, որ Արամայիս Ոսկանյանը զոհվել է 2016 թվականի հունվարի 9-ի երեկոյան՝ ժամը 21։30, երբ մարտական հերթապահություն էր իրականացնում և արգելված գոտում հակառակորդի կողմից աշխուժություն նկատելով՝ առաջ է գնում՝ դիտարկում կատարելու, ինչի արդյունքում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստանում։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Արամայիս Ոսկանյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։