Ռուս բլոգեր Ֆինեսին «պատժած» երիտասարդներին բերման են ենթարկել

Ռուս բլոգեր Ֆինեսին «պատժած» երիտասարդներին բերման են ենթարկել

Ռուս բլոգեր Յուլիա Ֆինեսին պատժած երիտասարդներին բերման են ենթարկել: Հիշեցնենք, նրանք բլոգերի բնակության հասցեում սափրել էին գլուխը, դեմքին ներկ լցրել: Նրանց տարել են Կենտրոնի բաժանմունք։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց քաղաքագետ Արթուր Գրիգորյանը։ Նա նշեց, որ այս պահին շտապում է ոստիկանության կենտրոնի բաժանմունք՝ հասկանալու համար, թե բերման ենթարկված երիտասարդները որքանով առնչություն ունեն դեպքի հետ, որպեսզի կարողանա նրանց որևէ կերպ օգնել։

Գրիգորյանը նշեց, որ հայ հասարակության բարոյական նորմերը խախտող ցանկացած դրսևորման դեմ հակազդեցություն ցույց տված երիտասարդներին անհրաժեշտ է ցույց տալ հասարակական պաշտպանություն։

Նա նշեց, որ բլոգեր Ֆինեսի ընկերուհին ուղիղ եթերով հանդես է եկել ու հայտարարել, որ հենց ՆԳ նախարարության աշխատակիցներն են իրեն խորհուրդ տվել բողոք ներկայացնել երիտասարդների դեմ։

«Ինքն ասում է, որ ոստիկանությունն իրենց հորդորել է բողոք գրել տղաների դեմ, որ ավելի մեղմացվի Ֆինեսի պատիժը»,-ասաց Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին, Յուլիա Ֆինեսն ու իր ընկերը, հասարակական կարգի, բարոյական նորմերի ակնհայտ խախտմամբ անընդունելի արարքներ էին կատարել, ինչին հետևել էր «պատիժը»։ Ըստ ՆԳՆ հաղորդած տվյալների, չորս դիմակավորված երիտասարդ այցելել էր Ֆինեսի բնակության հասցե, կտրել մազերը, սափրել, դեմքին ներկ լցրել ու պահանջել ներողություն խնդրել հայ հասարակությունից։ Հավելենք, որ տղաների հեռանալուց հետո Ֆինեսն ուղիղ եթերում հայտարարել էր, որ իր արարքի դիմաց տղաների կատարած քայլերն իրականում մեղմ էին եւ ներողություն էր խնդրել։

Ի դեպ, բլոգերը երեկ փորձել է քննչականի զուգարանի պատուհանից փախուստի դիմել, սակայն վայր է ընկել ու ստացել երկու կողերի կոտրվածք, այս պահին նա բուժում է ստանում Էրեբունի հիվանդանոցում։

Նշենք,որ Յուլիա Ֆիննես անունով բլոգերը, Երևան քաղաքի տարբեր հատվածներում շրջելով իր ընկերոջ հետ, տեսանյութեր էր հրապարակել, թե ինչպես իր հրահանգով ընկերը ծաղկի վաճառքի կետի ծաղիկներն է գետնին շպրտելով տրորում, ինչպես են մրգեր նետում Ֆրեշի կետի աշխատակցուհու վրա, հայհոյանքներ հնչեցնում ծեր կնոջ հասցեին և այլ արարքներ, որոնք բառերով նկարագրելն անգամ խիստ տհաճություն կարող է առաջացնել։

ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը Արմենպրեսին տված մեկնաբանությունում ասել էր. «Դեկտեմբերի 9-ին միջադեպ էր տեղի ունեցել մի օտարերկրացու և չորս անհայտ անձանց միջև, որոնք, իրենց գնահատմամբ՝ հակահասարակական արարքի համար, ծեծի էին ենթարկել կնոջը, նվաստացրել ու կտրել մազերը:

ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում վերոհիշյալ անձանցից երեքը հայտնաբերվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ չորրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ»։