Ավինյանը անջատում է խոսափողը, որ քննադատություն չլսի

 Ավինյանը անջատում է խոսափողը, որ քննադատություն չլսի

Մաշտոցի պողոտայում՝ Օպերայից մինչև Փակ շուկա, նաեւ դատախազության դիմաց տնկված արևելյան սոսիները գրեթե ամբողջությամբ չորացել են։ Այս տարածքում անցյալ տարվա աշնանը քաղաքապետարանը մեծ շուքով ու գովազդային նկարահանումներ անելով, 50 հատ սոսի էր տնկել։

«Ես հաշվել եմ, այժմ այդ ծառերից ընդամենը 4-ի վրա մի երկու տերև է «ծկլտացել», մնացածը հողից դուրս եկող փայտիկներ են։ Ես դեռ անցյալ տարի, որ տեսա այս տնկանյութը, ասեցի, որ սա բույս չի, էժան անորակ տնկանյութ է Եվրոպայից բերված ու այստեղ իրացված», - «Հրապարակին» հայտնեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բժշկական համալսարանի Հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։ Նա հիշեցրեց՝ քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում տնկված  յուրաքանչյուր սոսիի համար 100 հազար դրամ էր վճարել։ 

Մի 2 օր առաջ էլ տիկին Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում էր դրել մահկանացուն կնքած երկու սակուրաների լուսանկարները։ Նրա և քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև կոֆլիկտը, ծառահատումների շուրջ, գնալով ավելի է սրվում, թեեւ Քրիստինա Վարդանյանը կատարել է Ավինյանի բոլոր պահանջները։ Մասնավորապես, նա Ավինյանի սեղանին է դրել նրա պահանջած` գիտնականների գրավոր կարծիքները, որոնց համաձայն Ավինյանի կողմից իրականացվող ծառերի փոխարինման եղանակն անթուլատրելի է և վտանգավոր մայրաքաղաքի համար։ Ավինյանը սրան ջղագրգիռ ձևով է արձագանքել։ 

Երեկ ավագանու նիստի ժամանակ ինչ որ կոնտեքստից կտրված տեսանյութեր է միացրել Քրիստինա Վարդանյանի հին ելույթներից, նրան մեղադրել է կարծիքը փոխելու մեջ, ապա դեմոկրատ ուժի ներկայացուցիչ Ավինյանը՝ անջատելով խոսափողը, նկատողություն է հայտարարել և զրկել է մասնագետին ձայնի իրավունքից։ Քրիստինա Վարդանյանն էլ քաղաքում կանաչապատման ոլորտում արձանագրված խախտումների վերաբերյալ մանրամասն դիմում է կազմել և ուղարկել է Պետական վերահսկողական ծառայություն։ ՊՎԾ-ից տեղեկացնում են, որ նշված խնդիրների շուրջ իրականացվում է մշտադիտարկում։  Ի՞նչ է լինելու հետո։ Փաստորեն, Երևանում հաստաբուն ծառերի վայրի ոչնչացումը շարունակվելո՞ւ է։ «Ոչ, մենք թույլ չենք տա, նորից դուրս ենք գալու փողոց», - պատասխանեց Քրիստինա Վարդանյանը։