«Հրապարակ». Դատախազությունը միջնորդություններով չի առաջնորդվում

«Հրապարակ». Դատախազությունը միջնորդություններով չի առաջնորդվում

Անհիմն մեղադրանքով մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու խնդրով մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ երաշխավորագրեր են ներկայացրել իրավապահներին՝ առաջարկելով քննությունը տանել նրա ազատության պայմաններում: Դիմողների թվում են ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը։ Դիմել է նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել։ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է Գլխավոր դատախազություն, ներկայացրել այդ բոլոր միջնորդությունները։

Չալաբյանի համար միջնորդել են նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահն ու մի շարք պատգամավորներ, Արցախի թեմի առաջնորդը։ Բոլորը կոչ են արել չեղարկել Չալաբյանի կալանավորման որոշումը, այլ խափանման միջոց ընտրել եւ արդար քննություն իրականացնել։

Մենք հետաքրքրվեցինք այս երաշխավորագրերի, միջնորդությունների ճակատագրով։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում զարմանալի հայտարարություն արեց, թե որեւէ հայտարարություն, կոչ, միջնորդություն չի կարող հիմք հանդիսանալ, որով կառաջնորդվի դատախազությունը: Դատախազի խորհրդականն անգամ տեղյակ չէր, որ Չալաբյանի խափանման միջոցը փոխելու նպատակով բազմաթիվ քաղաքական եւ հասարակական գործիչներ անձնական երաշխավորագրեր են ներկայացրել: Ինչ վերաբերում է դատախազության պատասխանին, ապա նման բազում դեպքեր են եղել, օրինակ՝ ՊՊԾ գունդը գրաված ամբաստանյալների խափանման միջոցը 2018 թվականի հուլիսին փոխվեց մի խումբ պատգամավորների միջնորդությամբ։ 2018-ի հեղափոխությունից հետո քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ էին հանդես եկել Սասուն Միքայելյանը եւ «Ելք» խմբակցությունից եւս 8 պատգամավոր։ ԱԺ նախկին պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Ռուբիկ Հակոբյանը 2018-ին՝ իշխանափոխությունից հետո, միջնորդություն էին ներկայացրել, որ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխվի։

Նման դեպքերը շատ-շատ են, եւ սա ընդունված պրակտիկա է։ Ինչեւէ, Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Դատավարական պրոցեսներում դատախազությունը միայն իրավական պրոցեսների շրջանակներում է իրականացնում գործառույթները: Եթե հայտարարություններով աշխատելու լինենք, ապա կարող են բազմաթիվ հայտարարություններ հնչել ինչպես այս կողմից, այնպես էլ` այն կողմից, ինչպես նաեւ տարբեր անձանց վերաբերյալ: Հայտարարություններով չէ, որ իրավական պրոցեսն առաջ է գնում: Կա քրեական վարույթ, դատախազությունը միայն այդ շրջանակներում է գործունեություն ծավալում»:

Այս փաստը եւս խոսում է այն մասին, որ իշխանությունների հստակ հրահանգը կա՝ Չալաբյանին կալանավորված պահելու, եւ անգամ հեղինակավոր անձանց ու Արցախի նախագահի միջնորդությունը ոչ մի դեր չի խաղում, որ նախկինում չարատավորված, հեղինակավոր մարդուն ազատ արձակեն եւ քննությունը տանեն այլ խափանման միջոց կիրառելով։