«Հրապարակ». Հեղինակազրկել եւ ունեզրկել հերոսին

«Հրապարակ». Հեղինակազրկել եւ ունեզրկել հերոսին

2020-ի ապրիլի 20-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուղղված չէր արդարադատություն իրականացնելուն, թալանված միջոցները բյուջե վերադարձնելուն: Այն մի մահակ էր, որ իշխանությունը պետք է օգտագործեր իր ընդդիմախոսներին լռեցնելու, իսկ անհաջողության դեպքում՝ նրանց ունեզրկելու եւ սեփականության վերաբաշխում իրականացնելու համար:

Երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը։ Ըստ հայցի, խոսքը Երեւանում գտնվող երկու հասարակական նշանակության տարածքների, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատան եւ մեկ տրանսպորտային միջոցի մասին է։ Դատախազությունը պահանջում է գույքերի բռնագանձման անհնարինության դեպքում բռնագանձել դրանց միջին շուկայական գումարը՝ գրեթե 1,1 միլիարդ դրամ։

Ըստ դատախազության, Վահագնի թաղամասում գտնվող առաձնատունն Օհանյանին այլեւս չի պատկանում, այն սկզբում վաճառվել է, ապա նոր գնորդն այն նվիրաբերել է Ֆրանսիայի մի քաղաքացու: Թե ինչ հասարակական նշանակության տարածքների մասին է խոսքը, այնքան էլ հստակ չէ: Բայց դատախազությունը շատ վճռական է տրամադրված Օհանյանի տնօրինած ապօրինի գույքին համարժեք 1,1 միլիարդ դրամը բռնագանձելու հարցում:

Սեյրան Օհանյանը եղել է խորհրդային բանակի բարձրաստիճան սպա, 1992 թվականից զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը, 1999-2007 թվականներին եղել է Արցախի պաշտպանության նախարար, 2007-2008 թվականներին՝ Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ, իսկ 2008-2016 թվականներին՝ Հայաստանի պաշտպանության նախարար: Մարդ, ով իր կյանքի լավագույն տարիներն ու առողջությունը նվիրել է Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը, մասնակցել է Արցախի պաշտպանությանն ու նրա տարածքների ազատագրմանը, կանգնած է ունեզրկման առաջ: Նիկոլ Փաշինյանը նրան ասում է, որ հայրենիքին ծառայության 33 տարիների ընթացքում նա չէր կարող ձեռք բերել տուն կամ մեքենա: Հայաստանի իշխանությունը նրան կարող է զրկել պատգամավորական աշխատավարձից եւ զինվորական թոշակից, քանի որ Սեյրան Օհանյանը եկամտի այլ աղբյուր չի ունենա՝ վճարելու փաշինյանական իշխանության կողմից իր վրա դրվելիք 1,1 միլիարդ դրամի պարտավորությունը:
Բայց Փաշինյանի համար ունեզրկումը խնդրի միայն արտաքին կողմն է, նրան ավելի շատ հետաքրքրում է Օհանյանի հեղինակազրկումը: Հայաստանի իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վրեժ է լուծում Սեյրան Օհանյանից՝ ոչ միայն նրա ընդդիմադիր լինելու եւ Փաշինյանի պաշտոնազրկումը պահանջելու համար: Փաշինյանը նրան պատժում է առաջին հերթին Արցախի պաշտպանությանն ակտիվ մասնակցություն ունենալու համար:

Օհանյանի դեմ սկսված գործընթացը լինելու է հրապարակային մի բեմադրություն, որի նպատակն է՝ հասարակությանը ցույց տալ, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած եւ կենդանի մնացած որեւէ հերոս արժանի չէ այդ կոչմանը: Հերոսները պետք է շնորհազրկվեն ոչ միայն պաշտոնապես, նրանցից կոչումները կամ պարգեւները խլելով, այլ նաեւ հանրայնորեն նրանց ոչնչացնելով, ներկայացնելով որպես գողեր, թալանչիներ, բանակը եւ զինվորին հարստահարածներ: Փաշինյանն ուզում է Օհանյանից խլել ոչ միայն նրա աշխատավարձն ու սպայական թոշակը, այլեւ դրանից կարեւոր՝ հայրենիքի պաշտպանի պատիվն ու հեղինակությունը: Փաշինյանի նպատակն է՝ Օհանյանին եւ Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը մասնակցած մյուս հերոսներին վերածել բանակի հաշվին սեփական բարեկեցությունը ստեղծած գողերի ու թալանչիների՝ նրանց վրա դնելով պատերազմում պարտության եւ իր կողմից ստորագրված կապիտուլյացիայի մեղքն ու պատասխանատվությունը: Քանի որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում հայրենիքի պաշտպանները պետք է ոչ միայն տուն եւ մեքենա չունենան, այլեւ նույնիսկ ցամաք հացի փող, Փաշինյանը, Մանվել Գրիգորյանի օրինակով, կփորձի հասնել նրան, որ Օհանյանը եւ Արցախի մյուս արժանապատիվ հերոսներն էլ իրենց կյանքի վերջին տարիներն անցկացնեն բանտերում, մոռացված եւ արհամարհված հասարակության կողմից: Ի վերջո, Օհանյանի նման հերոսներ այնքան էլ շատ չեն մնացել. նրանց մի մասը զոհվեց վերջին պատերազմում, մյուսները ծառայության անցան Փաշինյանի մոտ՝ այդպիսով վարկաբեկելով իրենց բարի անունն ու վաստակը, մնացածներին էլ կարելի է ունեզրկել ու հեղինակազրկել:

Դատախազության հաղորդագրությանն ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը հայտարարել է․  «Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող եւ մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որեւէ օբյեկտի չեմ տիրապետում։ Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որեւէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։ Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման եւ դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»։

Բայց այս դեպքում էական չէ, թե ինչ ունի կամ չունի Օհանյանը. եթե Փաշինյանը մնա իշխանության, նրա կողմից հրահանգավորվող դատախազությունն ու  դատարանները կարող են որոշել, որ Էֆելյան աշտարակն ու եգիպտական բուրգերն էլ են Սեյրան Օհանյանինը, որոնք նա կառուցել կամ գնել է բանակից թալանված միջոցներով, եւ եթե չլիներ այդ տիեզերական թալանը, ապա Նիկոլ Փաշինյանը հիմա  ազատագրել էր Բաքուն եւ Անկարան:

Ավետիս Բաբաջանյան