Նախկին օլիգարխիան կամավո՞ր է օգտագործվում․․․

Նախկին օլիգարխիան կամավո՞ր է օգտագործվում․․․

Շատ նուրբ մի բան կա, որ գուցե շատերն են նկատել, բայց չեն բարձրաձայնել։ Փաշինյանի վարկանիշը բարձր պահելու խնդիրը։ Չթվարկեմ այն մեթոդները, ընդունելի կամ անընդունելի միջոցները, որոնցով դա կարգավորվում է։ Բայց կա մի միջոց, որը հավանաբար վարկանիշային կարգավորման պտուտակն է։ Դրանք մեր մեծահարուստներն են։ Երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշային սանդղակն իջնում է, նրանցից մեկի դեմ «գործ է բացվում»։ Ես չեմ ասում, որ գործ բացելու հիմք չկա, բայց միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ համակարգային աղտոտվածության պայմաններում, երբ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվում՝ մեկին վերցնում, մյուսին թողնում են, մեկին սրբացնում, մյուսին կեղտոտում են, ուրեմն դեռ գործում է նախկին համակարգի խողովակները։ Դժվար թե նման դեպքում մարդը չմտածի՝ լավ, բա մյուսը նիսյայո՞վ է ազատության մեջ, թե՞ գործում են համակարգային ստվերային խողովակները։ Նախկին իշխանավորները շատ լավ գիտեն համակարգային բոլոր խողովակների տեղերը և նույնը, ինչ այսօր արվում է իրենց նկատմամբ, վաղը բումերանգի մեխանիզմով գործելու է։

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը շատերը կապում են Ամուլսարից ուշադրություն շեղելու հետ։ Բայց ես այլ կերպ եմ մտածում։ Հարկավոր է բարձրացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշային սանդղակը։ Ժողովուրդը նրա միակ հենարանն է, նա տեսել է ժողովրդի ուժը և ամենաշատը այս պարագայում վարչապետը կարիք ունի ժողովրդի աջակցությանը։ Նման դեպքում շրջանառության մեջ է դրվում որևէ  օլիգարխի ձերբակալելու պատմություն։ Կարևորը այդ շրջանի աղմուկն է, ոգևորվածությունը․․․ Սկզբնական շրջանում նման քայլերն օգնում էին, էյֆորիան հասնում էր գագաթնակետին, հիմա դա չկա։

․․․ Իսկ ինձ այլ բան է հետաքրքրում։ Այդ վարկանիշային սանդղակի բարձրացումը ու՞մ կամ ի՞նչ հարցեր լուծելու համար է պետք։ Ժողովրդի մեծամասնության աջակցությամբ կարելի է ազգային շատ խնդիրներ լուծել՝ ի վնաս կամ ի օգուտ երկրի։ Ի՞նչ խնդիր է լուծվում։ Եթե հարցը օլիգարխներից՝ ի օգուտ պետական բյուջեի «փող կպցնելն է», ապա ինչու՞ դա արվում է առանց համակարգային խողովակները մաքրելու ու սուբյեկտիվ մոտեցմամբ։ Ինչու՞ դա չարվեց իշխանափոխությունից հետո, գործընթացների ժամանակացուցային համընկումը պատահական լինել չի կարող։  Նման գործելաձևը ոչ մի բան չի տա, որովհետև նույն համակարգային խողովակներով օգտվում են նորերը և բազմաթիվ քրեական գործեր կան արդեն։ Ստացվում է, որ  օլիգարխը որպես գործիք օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի  վարկանիշի համար։  Մինչև օլիգարխի հետևից գնալը ողջ մամուլն արդեն գրում է, թե ինչ է լինելու, ինչեր է արել․․․ Էլ չեմ ասում, որ իշխանափոխությունից առ այսօր անուններ են շրջանառվում, որ ձերբակալվելու են․․․ Սրանք «համակարգային զգուշացման խողովակնե՞ր չեն», այդ ոլորտում ի՞նչն է փոխվել։

Նախկին օլիգարխիան կամավո՞ր է օգտագործվում, դաժան է հնչում, բայց հարց է առաջանում, թե՞ ինչ- ինչ պայմաններից թելադրված։ Շատ հանգույցներ կան՝ խճճված, անհասկանալի ու դժվար է հասկանալ՝ Գագիկ Խաչատրյանը Միհրան Պողոսյանի չափ խե՞լք չուներ, որ մեկուկես տարի է՝ իր մասին խոսում են, մի տեղ լռվեր․․․