Տրանսֆորմացիաներ
Միշտ զարմանում եմ, թե մարդկանց ներքին ազատության սահմաններն ինչքան նեղ են։ Թվում է՝ մտավորական մարդ է, ոլորտում հայտնի գիտնական՝ հանրության կողմից հարգված ու սիրված, ֆինանսական կայուն եկամուտ ունեցող, զավակներին հասցրել է որոշակի մակարդակի, եւ իր կարգավիճակն էլ ոչ մի իշխանությունից ու ոչ մի իշխանափոխությունից այլեւս կախված չէ, բայց վախենում է սեփական կարծիքն արտահայտել՝ վախվորած ու անորոշ դատողություններ է անում, որ հանկարծ չկարծեն, թե ընդդիմության ճամբարին է հարում։ Այս մյուսն ընդդիմադիր է՝ իր հայացքներով ու տեսակով, օբյեկտիվորեն տարիներ շարունակ քննադատում է ե՛ւ իր անմիջական ղեկավարներին, ե՛ւ իշխանություններին։ Թվում է՝ հարգանքի արժանի, սկզբունքային մարդ։ Մեկ էլ անսպասելիորեն փոխվում է՝ դառնում լռակյաց ու հանդուրժող։ Պատճառը, պարզվում է, շատ պարզունակ է՝ դուստրը դարձել է ավագանու անդամ՝ քաղաքական ուժի ներկայացուցիչ, եւ հայրը որոշել է իր սկզբունքները մատաղ անել աղջկան։ Այս մյուսը հայտնի բժիշկ է՝ իր ոլորտում ճանաչված, շաբաթներ առաջ հերթագրվում են նրա մոտ։ Կայացած մարդ է ու կայացած մասնագետ, բայց զավակն անդամագրվել է իշխող քաղաքական ուժին, ապա բարձր պաշտոն ստացել, եւ նա որդու գաղափարական հակառակորդներին սկսել է ատել։ Այնպես ատել, որ անգամ հրաժարվում է նախկիններին բժշկական օգնություն ցուցաբերելուց։ Իսկ ամենանողկալին, անշուշտ, այն մարդիկ են, որոնք իշխանությունների երեսին մի բան են ասում, ետեւից՝ ճիշտ հակառակը։ Նման մարդկանց պատճառով է նաեւ, որ իշխանությունը կորցնում է իրականության զգացումը, ինքնահիացումի ավելցուկ ունենում։ Նման մարդկանց պատճառով է, որ իշխանությունը սկսում է գերագնահատել իրեն ու իր արածները՝ հասարակությունից միայն ծափեր ու երախտագիտություն ակնկալելով։
Կարծիքներ