Էրդողանը Եվրոպայում ակտիվացնում է «Գորշ գայլերին»՝ ընդդեմ հայկական սփյուռքի

Էրդողանը Եվրոպայում ակտիվացնում է «Գորշ գայլերին»՝ ընդդեմ հայկական սփյուռքի

Թուրքական իշխանությունները, ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանության հետ իրենց հարցերը լուծված են համարում: Հայաստանի համար այս դժվարագույն ժամանակաշրջանում մեր երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնում են անհասկանալի մարդիկ՝ սկսած ԱԳ նախարարից մինչեւ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, որոնք իրենց թե՛ անփորձության, թե՛ անցած ճանապարհի եւ թե՛ կասկածելի ու մութ անցյալի պատճառով վստահություն չեն ներշնչում հայ հասարակության զգալի մասի մոտ: Նրանք, ակնհայտորեն, չեն ներկայացնում հայ հասարակության շահերն ու չեն կարող հայանպաստ բանակցություններ վարել, հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Իսկ սա իսկական նվեր է թուրք-ադրբեջանական տանդեմին:

Ուստի, նրանք հայկական իշխանության հարցերը համարում են լուծված: Հայաստանի ընդդիմության հարցերն էլ «լուծում» է Փաշինյանը՝ իր իրավապահ համակարգով, երկիրը ոստիկանական բռնապետության վերածելով եւ երկրի ֆինանսական ռեսուրսները դրան ուղղելով: 
Սակայն կա մի մեծ «ոսկոր», որը կանգնած է ոչ միայն «խաղաղատենչ» Փաշինյանի ու իր թիմի, այլեւ թուրք-ադրբեջանական կողմի կոկորդին, ոչ մի կերպ «կուլ» չի գնում, չի հաշտվում ու ենթարկվում: Դա հայկական սփյուռքն է՝ տարբեր կառույցներով, Հայ դատի գրասենյակներով:

Պատահական չէ, որ Չավուշօղլուն հայտարարում է, թե հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը հայկական սփյուռքն է: Ու քանի որ սփյուռքն աշխատում է բավականին գրագետ, նպատակասլաց եւ տեղի չի տալիս թուրք-ադրբեջանական որեւէ սադրանքի, թուրքական իշխանությունները որոշել են գործի դնել իրենց կեղտոտ «գործիքակազմը»՝ «Գորշ գայլերին» ու նմանատիպ մյուս կազմակերպություններին:

Ըստ մեր աղբյուրների, այդ կազմակերպությունները պատրաստվում են փոխել իրենց անուններն ու այլ անվամբ, քողարկված ծավալել իրենց գործունեությունը: Էրդողանը որոշել է ֆինանսական միջոցներ չխնայել այդ կազմակերպություններին ու նրանց առաջնորդներին վճարելու համար, որպեսզի նրանք ակտիվորեն «կպնեն գործին» եւ ուժեղացնեն պայքարը եվրոպական, ավելի կոնկրետ՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի սփյուռքի դեմ: Սա, անշուշտ, մեծ վտանգ է ներկայացնում մեր հայրենակիցների համար, քանի որ թուրքերը եւ իրենց «արբանյակները» կարող են շատ հեռուն գնալ… Նոյեմբերին, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն այցելել էր Ստրասբուրգ, անձամբ կոչ էր արել նրանց` ակտիվանալ եւ ուժեղացնել պայքարը հայկական սփյուռքի դեմ: 

Հիշեցնենք, թե Գերմանիայում եւ Ֆրանսիայում «Գորշ գայլերն» ինչ բռնություններ կատարեցին արցախյան 44-օրյա պատերազմի օրերին. սկզբում ծայրահեղականները հրդեհեցին Բեռլինում Հայաստանի դեսպանատան մոտ կայանված ավտոմեքենան։ Հետո Քյոլն Մյուլհայմ շրջանում մոտ 30 թուրք եւ ադրբեջանցի հարձակում կազմակերպեցին հայերին պատկանող փոքր ռեստորանի վրա։ Հանովերում անհայտ անձինք հարձակվեցին հայկական եկեղեցու այցելուների վրա։ 

Հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ թուրք արմատականներից սպառնալիքներ եւ վիրավորանքներ էին ստանում սոցիալական ցանցերում եւ հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք սպառնում էին անգամ երեխաների հետ հաշվեհարդար տեսնել. «Մենք ճանաչում ենք ձեզ, գիտենք, թե որտեղ են լինում ձեր երեխաները ցերեկը եւ գիշերը։ Մենք ձեզ կգտնենք»: Հոկտեմբերի 28-ին թուրք ազգայնականները Փարիզում դանակներով եւ կացիններով հարձակվել էին Արցախի անկախության ճանաչումը պահանջող հայ ցուցարարների վրա եւ վիրավորել նրանցից մեկին: Այնուհետեւ Լիոնում «Գորշ գայլերի» խորհրդանիշը ցուցադրող հարյուրավոր թուրքեր բառացիորեն գրոհել էին հայկական թաղամասերի վրա։ Չորս հայ էր վիրավորվել։ Ծայրահեղականները պղծել էին Դեսին Շարպիե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Մարմարի վրա նրանք կարմիր ներկով գրել էին՝ «Գորշ գայլեր»։

Թուրք արմատականները հարձակվել էին հայերի վրա նաեւ Դիժոն եւ Վիեն քաղաքներում։
Ֆրանսիական կառավարությունը բավականին կտրուկ է եւ արգելել է նրանց գործունեությունը Ֆրանսիայում: Թեեւ «Գորշ գայլերը» վաղուց են Գերմանիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, սակայն գերմանական իրավապահները, չգիտես ինչու, թուրք ծայրահեղականների նկատմամբ արմատական միջոցներ չեն ձեռնարկում։ Իսկ հանրությունն իշխանություններից այնպիսի կոշտ գործողություններ է պահանջում, ինչպիսիք Ֆրանսիայի իշխանություններն էին ձեռնարկել: Գերմանական իշխանությունների նման պասիվ վերաբերմունքի գլխավոր պատճառը, ըստ ամենայնի, թուրք ընտրազանգվածին կորցնելու մտավախությունն է. այսօր Գերմանիայում 3-4 միլիոն թուրք է բնակվում։

Չավուշօղլուի եւ Էրդողանի այս ազդակները, բնականաբար, պետք է մտահոգեն եվրոպական երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարներին: Հակառակ դեպքում այս երկրներում նմանատիպ կառույցների ուժեղացումն ու ակտիվացումը մեծ վտանգներ կարող են պարունակել ոչ միայն հայերի, այլեւ տվյալ երկրների մյուս քաղաքացիների անվտանգության տեսանկյունից: