Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները ազատված են ուսման վճարից

Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները ազատված են ուսման վճարից

Ադրբեջանում ըստ երկրի այն օրենքների պահանջների, որոնք կարգավորում են պատերազմում զոհված զինվորականների ընտանիքի անդամների հանդեպ վարվող պետական սոցիալական քաղաքականությունը, որոշվել է Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին 100 տոկոսով ազատել պետական միջնակարգ, մասնագիտացված, արհեստակցական, բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վճարից, ինչպես նաեւ գիտական կազմակերպություններում հետբուհական կրթության վճարից։

Խոսքը, ընդ որում, վերաբերում է ինչպես Ղարաբաղյան առաջին, այնպես էլ երկրորդ պատերազմում զոհված զինվորականների ընտանիքի անդամներին։

Այս առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն տվել է համապատասխան հանձնարարական, որը իրականացվելու է ինչպես կենտրոնական գործադիր իշխանության, այնպես էլ տեղերում գործադիր իշխանությունն իրականացնող մարմինների կողմից։