Մահացել է Գագիկ Հարությունյանը

Մահացել է Գագիկ Հարությունյանը

Այսօր կյանքից հեռացավ հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Գագիկ Հարությունյանը։

Գագիկ Հարությունյանն առանցքային դեր է ունեցել խորհրդահայ մշակույթում, որպես գեղարվեստական լուսանկարչության զարթոնքի առաջամարտիկ։ 

Իր գործունեությունը սկսելով 1960-ականների վերջին, Հարությունյանը կարճ ժամանակում դարձել է հանրապետության գլխավոր վավերագրող լուսանկարիչներից մեկը՝ թղթակցելով տեղական բոլոր պարբերականներին։  Սակայն, նրա ահռելի լուման արդի հայ մշակույթում առնչվում է լուսանկարչության՝ որպես արվեստի միջոցի հաստատման հետ։ 

1970-ականներից աշխատակցելով «Գարուն» ամսագրին, Հարությունյանը ձևավորում է լուսանկարչական պատկերի համարձակ մի նոր ձևաչափ, որում լուսանկարը հայտնվում էր ոչ թե որպես փաստագրում կամ նկարազարդում, այլ փիլիսոփայական ու քննադատական միտք արտահայտող անկախ արվեստային միջոց։ 

Իրենց պատմական և գեղարվեստական նշանակությամբ բացառիկ են նաև Եվրոպայում և Աֆրիկայում արված Հարությունյանի մեծածավալ շարքերը, ինչպես նաև Արցախյան առաջին պատերազմը բյուրեղացնող նրա «Ղարաբաղ» պատկերաշարը։ 

Հարությունյանի գործնեությունը հեղափոխել է հայկական լուսանկարչության հետագա զարգացումը, որի ապացույցն են իր կյանքի օրոք՝ Եվրոպայում և Հայաստանում կայացած անհատական ցուցահանդեսները, ինչպես և ժամանակի քննադատների ու գործընկերների վկայությունները։ 

Երկարատև ստեղծագործական դադարից հետո, Հարությունյանը վերադառնում է հանրային տեսադաշտ 2017 թվականին «Ժամանակի ստվերները» հետահայաց ցուցահանդեսով և պատկերագրքով, որոնք դառնում են այդ տարիների ամենանշանակալի երևույթները հայ լուսանկարչության ասպարեզում։ 

Առաջին անգամ ի մի բերելով այս արվեստագետի ստեղծագործական մեծ սխրանքը, ցուցահանդեսը բացահայտություն ու ներշնչանքի աղբյուր է դառնում հայ լուսանկարիչների երիտասարդ սերնդի համար՝ որպես կորսված ավանդույթ ու միջազգային կշիռ ունեցող ժառանգություն։ 

Դա ժառանգություն է, որն ամրապնդում է 20-րդ ամենակարևոր պատկերային միջոցի՝ լուսանկարչության արժանի տեղը հայ արվեստի բազմադարյա տարեգրության մեջ։