«Հրապարակ». Ավելի լավ է փորձել, ձախողվել, բայց նոր փորձ ձեռք բերել

«Հրապարակ». Ավելի լավ է փորձել, ձախողվել, բայց նոր փորձ ձեռք բերել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ կառավարության նիստից հետո հայտնեց, որ Լարսում իրավիճակը մի փոքր կարգավորվել է, բայց դեռ վերջնականապես խնդիրը չի լուծվել։ Օրինակ, հիմա կարողացել են հասնել այն բանին, որ Լարսում հայկական բեռնատարների համար թողունակությունն էապես մեծացել է։ «Եթե երկու ամիս առաջ հայկական մեքենաների քանակն օրական միջինը 130-ին մոտ էր, հիմա մոտավորապես 250-ի կողմերն է։ Բայց խնդիրը դեռ մինչեւ վերջ լուծված չէ։ Երկրորդ հարցը մյուս պահին արագ փչացող ապրանքների արագ անցումն է, եւ դա եւս էապես թեթեւացրել է գյուղմթերքների արտահանումների աշխատանքն ու նվազեցրել ռիսկը»,- ասաց Քերոբյանը՝ հույս հայտնելով, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերն ամբողջությամբ կվերանան։

Բայց ծաղիկների եւ թարմ ձկան մասով Քերոբյանը դժվարացավ պատասխանել՝ արդյոք լուծվե՞լ է այս ապրանքների արագ անցման հարցը եւս, թե՞ ոչ, քանի որ այս բիզնեսով զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են, որ ամեն օր հսկայական վնասներ են կրում՝ ստիպված լինելով աղբանոցը թափել իրենց ապրանքը։ 

Վահան Քերոբյանը խոսեց նաեւ չարաբաստիկ լաստանավի գործարկման մասին, որը պետքէ դեռեւս հունիսի 15-ից սկսեր աշխատել, սակայն մինչ օրս ծով դուրս չի եկել, քանի որ Փոթիի նավահանգստի օպերատոր հոլանդական APM ընկերությունը թույլտվություն` լիցենզիա չի տվել։ Պատճառը, ըստ Քերոբյանի, Ռուսաստանի դեմ կիրառվող եվրոպական սանկցիաներն են, որին միացել է նաեւ հոլանդական ընկերությունը։ Բայց Քերոբյանը հուսադրում է՝ իրենք մոտ են լուծմանը, իսկ եթե չլուծվի, այսինքն՝ Փոթիի նավահանգստի օպերատորն այդպես էլ չտա այդ թույլտվությունը, կանցնեն պլան Բ-ին՝ կդիմեն Բաթումիի նավահանգստի օպերատորին, որը ֆիլիպինյան ընկերություն է, եւ Քերոբյանը հույս ունի, որ այդ ընկերությունից թույլտվություն ստանալն ավելի հեշտ կլինի։ Բաթումիում էլ, մեր տեղեկությամբ, գերծանրաբեռնված վիճակ է։

Նկատեցինք, որ իրենք՝ Նիկոլ Փաշինյանը, ինքը մի քանի նիստ շարունակ ազդարարում էին լաստանավ ունենալու մասին, փիառ էին անում, որպես մեծ ձեռբերում ներկայացնում, բայց այդ հնչեղ խոստումները մինչ օրս կյանքի չեն կոչվել։ Ուստի հարցրինք՝ իրենք այդ ռիսկերը հաշվի չէի՞ն առել, որ հոլանդական ընկերությունը, օրինակ, կարող է չտալ թույլտվությունը, որ Հայաստանը կարող է տուժել Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներից եւ այլն։ Քերոբյանը մեր հարցը որակեց  փիլիսոփայական՝ ինքը դրան տալով փիլիսոփայական պատասխան։

«Իհարկե, կարելի է բոլոր ռիսկերը նկատի ունենալ եւ ոչ մի բան չանել, բայց կարելի է նաեւ ռիսկի գնալ եւ նույնիսկ պլանավորած արդյունքից ուշ ստանալ կամ քիչ ստանալ, բայց, գիտե՞ք ինչ, ավելի լավ է փորձել անել, եւ նույնիսկ, եթե ձախողվում ես, դրանից նոր փորձ ես ձեռք բերում։ Եվ ես վստահ եմ, որ մենք մեծ արդյունքի ենք հասել, քան թե ձեռքը թափ տալով ասել՝ էստեղ մենք մեծ ռիսկեր ենք տեսնում, եկեք մենք էստեղ ոչ մի բան չանենք»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։
Անշուշտ, ոչ ոք ձախողումներից երաշխավորված չէ, բայց ինչպե՞ս է պատահում, որ մեր կառավարությունն անընդհատ ձախողվում է, եւ երկրորդը` դեռեւս իրականություն չդարձած նախագծերի մասին հիմնավոր փիառ են անում, իսկ ձախողումների մասին` լռում: Իրականում` փիառ-ակցիաներից բացի, այս իշխանությունների մոտ ոչինչ լավ չի ստացվում: