Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկնում Սերժ Սարգսյանին՝ ցատկունակ կենդանու օրինակով

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկնում Սերժ Սարգսյանին՝ ցատկունակ կենդանու օրինակով

Դեկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր հեղինակավոր TIME շաբաթաթերթի էջերից մեկը և մեկնաբանել. «Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանն անվանում է «Կովկասյան վագր»: Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ` «Time»-ը»: 

Հիշողության կորուստ չունեցողներս հիշում ենք, թե ինչպես էր ժամանակին խմբագիր Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» ամիսներով «ղժժում» այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանի վրա, ում պատկանում է Հայաստանը «կովկասյան վագրի» հետ համեմատելու հեղինակային իրավունքը։

Մասնավորապես, «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը 2003-ին Վարդան Օսկանյանին հարցրել էր. «Չե՞ք մտածում, որ վագրի իմաստով չափազանցրել եք. գուցե ավելի փոքր եւ պակա՞ս ցատկունակ կենդանու անուն էր պետք տալ»: Օսկանյանն էլ` Նիկոլ Փաշինյանի չափ համոզված, պատասխանել էր. «Ես համարում եմ, որ կենդանու ընտրությունը ճիշտ է... Ես համարում եմ, որ այս պահին իսկապես մեր երկիրն արագ տեմպերով է առաջ գնում: Իհարկե, դա կարող է նաեւ իր բացասական հետեւանքներն ունենալ՝ սոցիալական բեւեռացման առումով, սակայն խնդիրն այսօր դա չէ»։

Հիմա՝ այն մասին, թե ինչու է վերնագրված՝ «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկնում Սերժ Սարգսյանին՝ ցատկունակ կենդանու օրինակով»: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին ևս բնորոշ է իր ասածներին 100 տոկոսով  «հակադարձ համեմատական» քայլեր ու բաներ ասելը։ Օրինակ, երբ Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին անվանում էր «իդիոտ», իսկ Արտաշես Գեղամյանին՝ «դհոլ», Սերժ Սարգսյանի ձեռագրին այն ժամանակ ոչ այնքան ծանոթ որևէ մեկը չէր պատկերացնի, որ նա ամիսներ անց մեկին կդարձնի Հանրային խորհրդի նախագահ, իսկ մյուսին իր խմբակցությունում պատգամավորական մանդատ կտա։

Հիմա էլ, Նիկոլ Փաշինյանի պարագայում, պարզվում է, որ Օսկանյանը քննադատվում էր մի բանի համար, որը հետո` 17 տարի անց, բարեհաջող՝ այն էլ պատվիրված, կրկնվելու էր։