ՄԱԳԱՏԷ-ում վստահ չեն, որ Իրանը միջուկային զենք ունի

ՄԱԳԱՏԷ-ում վստահ չեն, որ Իրանը միջուկային զենք ունի

Այն, որ Իրանը հարստացված ուրանի մեծ պաշարներ է կուտակել, չի նշանակում, թե Իրանը միջուկային զենք ունի։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկություն չունի Թեհրանի միջուկային ծրագրի գոյության մասին։ Այս մասին հայտարարել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն, որ ուրան կուտակվում է շատ բարձր մակարդակով, չի նշանակում, որ միջուկային զենք կա։ Մենք պետք է չափազանց զգույշ լինենք հայտարարություններ անելիս։ Մենք տեղեկություն կամ ցուցումներ չունենք, որ Իրանը միջուկային ծրագիր ունի»,- նշել է Գրոսին։

Միաժամանակ, պաշտոնյան ընդգծել է, որ Թեհրանի տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի պաշարների առկայությունը «մտահոգություն և հարցեր է առաջացնում միջազգային հանրության շրջանում»:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև ասել է, որ ակնկալում է մի քանի շաբաթվա ընթացքում այցելել Թեհրան՝ քննարկելու Իրանի հարստացված ուրանի մեծ ծավալներ ունենալու հարցը։

«Հուսով եմ, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կվերադառնամ Թեհրան և կփորձեմ իրավիճակը նորմալ հուն բերել։ Հուսով եմ նաև, որ ինձ կհաջողվի իրավիճակը տեղափոխել համագործակցության բարձր մակարդակ»,- ընդգծել է Գրոսին։