Սալվատորե դի Ջակոմո. Ծաղկավաճառ Ֆորտունատան

Սալվատորե դի Ջակոմո. Ծաղկավաճառ Ֆորտունատան

Հրաշալի նորավիպասան, դրամատուրգ եւ բանաստեղծ Սալվատորե դի Ջակոմոն ծնվել եւ ողջ կյանքն ապրել է Նեապոլում: Գրողն իրեն առանձնահատուկ ոճով ներկայացրել է նեապոլիտանական հասարակ խավին եւ դա արել է հուզումնալից ու խորը լիրիկայով: Սալվատորե դի Ջակոմոն առաջին հերթին հոգեբան էր, ուստիեւ կարողացել է յուրաքանչյուր հերոսի մեջ տեսնել իրական, ներքին աշխարհը: Նրա արձակը զուսպ է, ժլատ եւ սեղմ, միեւնույն ժամանակ` էմոցիոնալ: Ջակոմոյի հավաքածուն է «Նեապոլիտանական նովելներ»-ը (1915 թ.): Գրեթե բոլոր նովելները վերածվել են թատերական պիեսների: Ահա մի նովել`գրված 1885թ․ սեպտեմբերի 5-ին: 
                                                
Օրեր առաջ Ֆորտունատա Կապիելլոյի հարեւանուհիները մեծ զարմանքով նրա կրպակը փակ տեսան: Հարկավոր է նախ ասել, որ Ֆորտունատան ծաղկի կրպակ ուներ՝ Դուոմոյի փողոցում, բացի այդ, ուներ հայր ու մայր, որոնք երբեք ջերմ հարաբերությունների մեջ չեն եղել, հակառակը, Ֆորտունատայի  հարեւանուհիների ասելով` ամուսինները  շուն ու կատու էին ամբողջ շաբաթ, հատկապես՝ ուրբաթ օրը, երբ Ջուզեպպե Կապիելլոն կնոջից փող էր խնդրում վիճակախաղի համար, իսկ նա մերժում էր: Տեսնելով կրպակը մինչեւ կեսօր փակ եւ եզրակացնելով, որ այլեւս չէր բացվի ողջ օրվա ընթացքում, հարեւանուհիները` միշտ չարախինդ ու չարախոս, դրանից հազար ու մի ենթադրություն արեցին, որոնցից մեկն էլ այն էր, որ գիշերը Կապիելլոները հապճեպ տեղափոխվել էին եւ տարել եղած մի քանի կահկարասին, որպեսզի չվճարեն տանտիրոջը:                                       

- Լսե´ք, -ասաց Ջովաննինա Ձոկկոլան` դիմացի մայթի մանրավաճառը,- նման բան չի կարող պատահել: Իրավ է, որ քաղցը տանջում էր Կապիելլոներին, քաղցը եւ պարտքերը: Ինչ վերաբերում է ինձ՝ եթե իսկապես չվերադառնան այլեւս, դեռ անցած Զատիկից ինձ պարտք են մնում 15 սոլդի: Սակայն գիտեմ, որ մի քիչ գումար խնայում էին: Եվ, վերջապես՝ միշտ այստեղ է եղել դոն Պրոկոլոն, որը միշտ հաճույքով օգնության է հասել:           

Դոն Պրոկոլոն՝ մի աշխույժ տարեց խանութպան եւ սեփականատեր, գալիս էր երեկոյան եւ որոշ ժամանակ մնում կրպակում: Երբ դոն Պրոկոլոն Ֆորտունատայի մոտ էր նստում` մետաքսյա օրգանզինո կտորից ծաղիկների եւ արհեստական խոտի տրցակների մեջտեղում, ծաղկավաճառուհու մայրը դուռը կիսով չափ փակում էր: Հարեւանուհիներն ասում էին, որ նաեւ աչքն էր փակում:                                  

Ֆորտունատան՝ այդ խղճուկը, չափազանց նիհար էր, գունատ, աչքերի տակ՝ սաստիկ սեւ, ճակատին՝ խոպոպ, ոսկեզօծ խոշոր ականջօղերով, կզակի կողքին՝ խալով. դուրեկան էր: Խոզանակով շփում էր ատամները, որոնք փոքրիկ էին ու ճերմակ, իսկ եղունգները մեծ համբերատարությամբ մաքրում էր առավոտյան, դռան մոտ, նախքան կսկսեր աշխատելը:

Արհեստական ծաղիկները, նրանք, որ Ֆորիայի քաղաքացիների եւ Պենդինո թաղամասի խանութպանների համար էին, վառվռուն էին, եւ այդ վառ գույնը կպչում էր աղջկա ձեռքերին: Ֆորտունատան ասես «կարմիր ձեռքերով ուսուցչուհի» լիներ: Դոն Պրոկոլոն դրան առանձնապես ուշադրություն չէր դարձնում, բայց աղջիկը պահպանում էր, այսպես ասած, թաթիկները` մաքուր, իր իսկական սիրեցյալի համար, որին ոչ ոք չէր ճանաչում: Երբ դոն Պրոկոլոն մաքսատանը զննում էր կտավի կապոցները, ցերեկային ժամերին Ֆորտունատայի սիրեկանն անցնում էր Դուոմոյի փողոցով, սիգարետը շուրթերին, եղեգնյա ձեռնափայտը ձեռքին: 1200 տորնեզե (դրամ) ստացող գործակատար էր, հակակրելի դիմագծերով, շիկահեր, նիհար, հիվանդոտ, շատ կոկիկ: Ֆորտունատան նրան պաշտում էր: Ամսի 3-ի երեկոյան, 2 օր առաջ, Կապիելլոները վերադարձան կրպակ. մոտավորապես 7-ն անց կես էր: Դոննա Մարիան, առանց փողոցում որեւէ մեկին ողջունելու, բանալին խոթեց կողպեքի անցքի մեջ, բացեց դուռը եւ ներս սահեց:

Կիսախավարի մեջ ծաղիկների համար կտրվածքների կույտերը, նավթի լամպերի սպիտակ գնդիկները, կապույտ  ու կարմիր ծաղիկներով լի զամբյուղները խառնաշփոթ էին առաջացրել կրպակում: Դոննա Մարիան վառեց լուցկին: Ինչ-որ բան էր փնտրում: Դրսում ամուսինը հենվել էր դռան կողափայտին, ձեռքերը՝ տաբատի լայն գրպաններում, շրթունքները սեղմած, իսկ աչքերը չէր բարձրացնում մայթին` ոտքերի մոտ կուտակված աղբի կույտից: Հանկարծ կրունկների վրա պտտվեց, հրեց դուռը, որը դոննա Մարիան կիսաբաց էր թողել, եւ մտավ ներս: Դուռը շրխկոցով փակվեց: Դիմացի կոշկակարը, որը կոշկատակի համար քուղ էր անցկացնում, թուլացավ, եւ ձեռքերն ու քուղն ընկան ծնկներին: Նա ուշադրությունը լարեց: Այդ րոպեին ծաղկավաճառի կրպակում հայհոյախառն վեճ բռնկվեց. լսվեցին ծեր կնոջ ճիչը եւ դրան զուգահեռ` դոն Պեպպե Կապիելլոյի հայհոյանքները: Դոննա Մարիայի մի արտահայտությունը պարզորոշ հասավ փողոց.                                                   

- Ճի´շտ չէ, ճի´շտ չէ:

Ապա՝ դոն Պեպպեի գոռոցը. «Ինձ ասել են, հե´նց ինձ»: Դրան հաջորդեց մեծ աղմուկ, ասես աթոռներ էին շրջվում։

Կոշկակարը մտահոգված վեր կացավ: Հարեւանուհիները գունատվել էին: Հանկարծ լսվեց կանացի սարսափազդու մի ճիչ: Դուռը լայն բացվեց: Դուրս եկավ դոննա Մարիան։ Նա ուզում էր խոսել, բայց չէր կարողանում: Թափահարում էր թեւերը, ճոճվում էր: Վիրավոր կոկորդից արյան շիթը խլթխլթալով հորդում էր. ամբողջ շալը թաթախված էր արյան մեջ:

Կրպակի շեմքին հայտնվեց դոն Պեպպեն: Աչքերը լի էին արյունով, ստորին շրթունքը կախվել էր: Անշարժ նայեց պառավին` փռված այնտեղ մոտիկ, նայեց շուրջը` ասես մոլորված: Ոչ ոք չէր խոսում: Ստելլա Ֆարինայի որդին վազել էր՝ կանչելու նրբանցքի անկյունում կանգնող հերթապահ ոստիկանին: Ոստիկանը վազելով եկավ` ձեռքը սրի երախակալին: Ճանապարհին բղավում էր. «Կանգնի´ր, կա´նգ առ»: Դոն Պեպպեին այդ ժամանակ համակեց փրկության բնազդային մոլուցք: Մի քայլ արեց՝ նայելով իր առջեւ, երկար ու ազատ փողոցին: Սակայն հարեւանները եւս բղավում էին. 

«Կանգնի´ր, կանգնի´ր»: Հերթապահը մոտ եկավ եւ ճանկեց բաճկոնի օձիքից: «Ես չեմ շարժվում…»,- կմկմաց Կապիելլոն: «Սրիկա´»,- գոռաց ոստիկանը` գրպաններում փնտրելով ձեռնաշղթան:

Կոշկակարը խոնարհվել էր ծեր կնոջ անշարժ մարմնի վրա, որը գրեթե փակում էր ճանապարհը, որի պատճառով էլ վարձու մի կառք ստիպված կանգ առավ քիչ հեռվում: Կառապանը, սանձերը ձեռքին, ոտքի էր կանգնել նստած տեղից եւ նայում էր՝ դեռեւս ոչինչ չհասկանալով: Ամեն կողմից մարդիկ էին գալիս: Հասան նաեւ ոստիկանական երկու սան, որոնցից մեկն այդ պահին ճանապարհով գնում էր` սպիտակ բամբակյա ձեռնոցները հանելով:             

- Իսկապես մահացած է,- հայտարարեց կոշկարարը՝ ուղղելով մեջքը,- արյունը նրան խեղդել է:

- Հիսո՛ւս,- ասաց Գրացիելլան՝ արդուկարարը, ձեռքերով փակելով աչքերը:

- Առա´ջ,- գոռաց ոստիկանը դոն Պեպպեին: Վերջինս դեռ նայում էր մեռածին, շարժելով շրթունքները՝ ասես ինքն իրեն խոսում էր:                            

Այդ պահին մի մարմարագործ, որը վերջինն էր եկել, մորուքավոր, գեր մի մարդ` ձեռքին մուրճն ու հատիչը, հարցրեց դոն Պեպպեին, որն առաջ ընկած գնում էր․«Բայց ինչո՞ւ սպանեցիք նրան, դոն Պե»։ Պատասխանեց. «Հարցրեք իրեն»: Եվ հեռացավ` մի կողմից ոստիկանը, մյուս կողմից` ոստիկանական սանը:                             

Երկրորդ ոստիկանը, առավել համարձակների օգնությամբ, պառկեցրեց դիակն այն կառքի մեջ, որը գտնվում էր նրբանցքում: 

Ծաղկավաճառի կրպակը փակ մնաց մեկ ամիս: Մի գեղեցիկ օր եկավ դոն Պրոկոլոն՝ ծխելով: Բաց արեց կրպակը, մի փոքր պրպտեց եւ խոսեց հարեւանությանն անծանոթ երկու մարդու հետ, մի զամբյուղի մեջ խցկեց որոշ տնային իրեր եւ դրանք ծածկեց օրգանսինո կտորից պատրաստված ծաղիկների  տրցակով: Հաջորդ օրը եկան նույն անծանոթները եւ ամբողջովին դատարկեցին կրպակը: Հարեւանների փողոցային տղաները տիրացան գունավոր թղթե ձեւվածքներին եւ դրանք սփռեցին ամբողջ փողոցով մեկ: 

Մեկ ամիս անց մի ներկարար գրավեց ծաղկավաճառի տեղը:

Վերջապես երկու տարի անց Գրացիելլան` արդուկարար հարեւանուհին, մայիսյան մի առավոտ անցնելիս տեսավ 1200 տորնեզե ստացող գործակատարին: Այնքան մեծ էր ցանկությունը՝ տեսնելու եւ հետեւելու նրան, որ վերնաշապիկն այրեց: Գործակատարը հայացք նետեց ծաղկավաճառ աղջկա կրպակին եւ այնտեղ նկատեց ներկարարին: Զարմացած թվաց: Այդ պահին Գրացիելլան, որը մի ժամանակ նրա վերնաշապիկներն էլ էր արդուկում, ժպիտով ողջունեց. «Ինչպե՞ս եք: Այլեւս չեք երեւում այս կողմերում»: «Արոնայում եմ եղել մինչ հիմա,- ասաց,- տունս փոխել եմ…»: «Իմացե՞լ եք»,- լռությունից հետո ասաց արդուկարարը: «Հա՜,- ասաց նա,- հա´, ամեն ինչ գիտեմ: Այդպես էլ պետք է ավարտվեր… նման մոր հետ: Իսկ դոն Պեպպե՞ն»: «Ո՞վ է նրան տեսել»:  

- Իսկ… Ֆորտունատա՞ն:

- Ո՞վ գիտի նրա մասին:

Գործակատարը, ծխախոտը Գրացիելլայի լուցկով վառելուց հետո, հեռացավ` դանդաղ, շատ մտահոգ:                   

Բայց կինը, խղճահարությունից ելնելով, ստեց նրան: Մի քանի օր առաջ, Սանտա Լուչիայում, աչքովն ընկել էր Ֆորտունատան` փոքրիկ մանչուկի հետ: Ծաղկավաճառուհին սեւ էր հագած: Փոքրիկի համար մեկ սոլդոյի օղաբլիթներ գնեց եւ խմեցրեց մի փոքր հանքային ջուր: Ապա հեռացան մայթով՝ կամացուկ-կամացուկ:

 

Թարգմանությունն իտալերենից` Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ