Զննման անվան տակ վերջին անգամ մի 100 տարի առաջ է խուզարկություն կատարվել

Զննման անվան տակ վերջին անգամ մի 100 տարի առաջ է խուզարկություն կատարվել

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շարունակում են գտնվել M group շինարարական կազմակերպության գրասենյակում։ Ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանը շարունակում է պնդել, որ ոստիկանությունը զննման անվան տակ խուզարկություն է իրականացնում։

«Զննման անվան տակ վերջին անգամ մի 100 տարի առաջ է խուզարկություն կատարվել։ Իրենց հայեցողությամբ ինչ ուզում անում են, այս գործողությունները կանգնեցնելու միակ եղանակը ձեռնամարտն է, որին մենք չենք գնա»,- ասաց Մակինյանը։

Նրա խոսքով՝ ՄԻՊ-ի ներկայացուցիչներին իրենք են հրավիրել, հույս ունեն, որ այստեղից արձագանք կլինի։

«Փորձելու ենք իհարկե հարցը տեղափոխել իրավական դաշտ, սակայն տեսնելով այս մարդկանց գործողություններում իրենց վստահությունը, այդքան էլ վստահ չեմ, որ նրանց գործողություններին գնահատականներ կտրվեն»,- նշեց փաստաբանը։

«Հրապարակի» հարցին ի պատասխան Մակինյանը նշեց նաև, որ իրենց համար դեռ հայտնի չէ, թե տարվող փաստաթղթերի հետ ինչ է լինելու։

«Ինչ ուզեն կարող են անել, քանի որ այդ փաստաթղթերը համարակալված չեն, ուստի մենք չգիտենք՝ ինչ են վերցնում, ինչ դնում։ Հնարավոր է դրանք ստացվի այնպես, որ կորեն, իհարկե էս պարագայում ամեն բան էլ հնարավոր է։ Մենք վաղը չենք կարողանալու իրենցից պահանջել, որ այդ փաստաթղթերը ամբողջ ծավալով վերադարձվեն , քանի որ հիմա չգիտենք, թե ինչ են վերցնում»,- ասաց փաստաբանը։

Մակինյանը պնդում է՝ սա մասնավոր դեպք չէ, ընդհանուր իրավական համակարգն է վտանգված։

«Վտանգված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները։ Ձեզ էլ հնարավոր է հենց վաղը, ասենք, մեքենայից քաշեն կամ պառկեցնեն ասֆալտին։ Ու անում են, այնպես չէ, որ չեն անում։ Քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ օրենքները պետք է պահպանվեն և պաշտպանվեն»,- ասաց Մակինյանը։

Նշենք նաև, որ ընկերության աշխատակիցներից մեկը հայտնեց, որ այս ընկերությունը որևէ մեկի հետ չի առնչվում, թե տնօրենը, թե սեփականատերը Արմեն Մկրտչյանն է։