Տարածքային ամբողջականության սկզբունքն Ադրբեջանի նկատմամբ կիրառելի չէ

Տարածքային ամբողջականության սկզբունքն Ադրբեջանի նկատմամբ կիրառելի չէ

Ադրբեջանական դիվանագիտությունը, փորձագիտական հանրությունը եւ պետական քարոզչությունը ճգնում են ապացուցել, որ եթե ԼՂ կարգավորման՝ միջնորդների ներկայացրած, սկզբունքները թվարկված են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման հերթականությամբ, ուրեմն Լեռնային Ղարաբաղի «ինքնորոշումը կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Մինչդեռ գոյություն ունի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1970թ. հոկտմեբերի 24-ին թիվ 2625 բանաձեւով ընդունված՝ «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» Հռչակագիր, որով ինքնորոշման իրավունքի սահմանափակման միայն մի պայման է սահմանվում՝ այն կիրառելի չէ որպես անջատողականություն այն երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ, որը հարգում է ժողովուրդների հավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը:  Ադրբեջանը հետխորհրդային երկիր է, որ  չի ճանաչում ժողովուրդների հավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը: Ասվածն ապացուցելու համար պետք է անդրադառնալ պետական անկախության վերականգնման մասին Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական օրենքին, որով պետականակիր ազգ եւ իշխանության սուբյեկտ է ճանաչվում միայն ադրբեջանական ժողովուրդը: Այդ օրենքի ուժով 1991թ. նոյեմբերի 24-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, ի խախտումն այդ պահի դրությամբ դեռեւս ուժի մեջ գտնվող ԽՍՀՄ սահմանադրության, լուծարել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝  նրա բնակչության գերակշիռ մեծամասնություն կազմող հայությանը զրկելով ինքնորոշման իրավունքից: Խնդրի էությունը սա է՝ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղի հայ մեծամասնության ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված էր ԽՍՀՄ սահմանադրությամբ եւ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին 1990թ. ապրիլի 3-ի օրենքով:

Այդ կերպ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը: Ի հակակշիռ՝ Լեռնային Ղարաբաղն իրացրել է ինքնորոշման իրավունքը եւ ենթարկվել Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի, որը կասեցնելու արդյունքում էլ տեղի է ունեցել ներկայումս գոյություն ունեցող սահմանազատումը: Միջազգային իրավունքի սկզբունքների՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Հռչակագրի իմաստով տարածքային ամբողջականության սկզբունքն Ադրբեջանի նկատմամբ կիրառելի չէ, եւ բանակցությունները կարող են ընթանալ միայն Արցախ-Ադրբեջան փոխադարձ ճանաչման ու սահմանազատման հարցերի շուրջ: