Զուրաբիշվիլին հատուկ դիմել է Մակրոնին և Շառլ Միշելին

Զուրաբիշվիլին հատուկ դիմել է Մակրոնին և Շառլ Միշելին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրատապ կարգով դիմել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին՝ կապված երկրում տեղի ունեցող իրադարձությունների՝ մասնավորապես «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ։  Այս մասին հայտնում է տեղական Pirveli հեռուստաալիքը։

Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ այդ հարցը կդիտարկվի ԵՄ խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի կունենա Բրյուսելում ապրիլի 17-18-ը։

Ավելի վաղ Վրաստանի նախագահը «ապակայունացման ռուսական ռազմավարություն» էր անվանել «Օտարերկրյա գործակալների մասին օրենքն» ընդունելու՝ իշխող «Վրացական երազանք»-ի փորձերը՝ հակառակ Վրաստանի քաղաքացիների մեծամասնության ցանկության։ Ինքը՝ Զուրաբիշվիլին կտրականապես դեմ է երկրի ղեկավարության մտադրությանը, օրենքն անվանելով «ռուսական» և խիստ քննադատելով այն վերաներկայացնող իշխանավորներին։

Հիշեցնենք, որ օրենքի քննարկումը խորհրդարանում անցել է թեժ բանավեճի, նույնիսկ զանգվածային ծեծկռտուքի պայմաններում, իսկ հազարավոր քաղաքացիները հանրահավաք են արել օրենսդիր մարմնի շենքի առջև, որն ուղեկցվել է ցուցարարների և իրավապահների միջև բախումներով, եղել են ձերբակալություններ։