Այդ բոլոր համեմատությունները ես ցավով եմ արձանագրում

Այդ բոլոր համեմատությունները ես ցավով եմ արձանագրում

Ադրբեջանական վերջին վայրագություններից հետո չնայած Հայաստանի գործող իշխանությունները կարծում են, թե մեծ հաջողության են հասել միջազգային հարթակներում, սակայն այսօր կորցրել ենք Արցախը, Ադրբեջանը Բաքվի բանտերում է պահում մի շարք հայ քաղաքական գործիչների, զինվորականների, այդ թվում` Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահներին:

Մենք զրուցել ենք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ:

- Տեղեկություն ունե՞ք, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանի վիճակը, ի՞նչ պայմաններում է պահվում, ունի՞ արդյոք փաստաբան:

- Ոչ մի նորություն չկա, մեր ունեցած տեղեկությունն այն է, ինչ հրապարակվել է Ադրբեջանի պետական կառույցների կողմից: Այս պահին պարոն Վարդանյանի ընտանիքի կողմից ինչ-որ աշխատանքներ են տարվում, ըստ անհրաժեշտության: Կարծում եմ, որ նրա ընտանիքի անդամները եթե հարմար գտնեն, անպայման կտրամադրեն այդ տեղեկությունները:

- Իսկ ի՞նչ ձեւաչափով են աշխատանքներ տարվում ընտանիքի կողմից: Ի՞նչ քայլեր են արվում:

- Այս պահին չեմ կարող այդ մասին խոսել, ամեն դեպքում՝ զբաղվում են, անում են առավելագույնը, որպեսզի հնարավոր ճանապարհներով հարցը կարգավորվի: Չգիտեմ՝ ինչ պայմաններում է Վարդանյանը.... տրամաբանական է այս պահին տեղեկություն չունենալը:

- Օրվա իշխանությունների թեթեւ ձեռքով այս պատկերն ունեցանք: Իսկ պետության ներկայացուցիչների, պետական կառույցների կողմից` գերիների հարցերով ինչ-որ բան արվո՞ւմ է:

- Իմ ունեցած տեղեկությունը միայն այն է, ինչ պետական մարմինները հրապարակել են: Ոչ միայն պարոն Վարդանյանի, այլեւ մյուս առեւանգվածների մասով, ինչպես գիտենք, պետությունը դիմել է ՄԻԵԴ: Բայց պետք է արձանագրել, որ նախքան վերջին դեպքերը բազմաթիվ հայրենակիցներ արդեն երեք տարի է՝ պահվում են Բաքվի բանտերում, եւ այդ ուղղությամբ, ցավոք, միջազգային հանրությունն առավել ակտիվ աշխատելու անհրաժեշտություն ունի, Հայաստանի կառավարությունն այդ հարցը բարձրացնում է, սակայն պետք է արձանագրել, որ առնվազն այս պահի դրությամբ ցանկալի արդյունքներ չունենք:

- Կարծիքներ են այդ մասին հնչում, շատերին է հետաքրքրում, թե ինչու հենց Ռուբեն Վարդանյանը: Որոշ շրջանակների մոտ հարց է առաջանում, այդ ինչպես ստացվեց, որ արցախյան պատերազմի որոշ մասնակիցներ կարողացան Հայաստան մտնել, Հ1-ին երջանիկ դեմքով հարցազրույց տալ, իսկ Վարդանյանը, ով արցախյան պատերազմի մասնակից չէ, հայտնվեց ազերիների թիրախում:

- Ես այն կարծիքին չեմ, որ նման համեմատությունները տեղին են: Անկախ խնդիրներից եւ քաղաքական տարաձայնություններից, մենք բոլոր խնդիրների լուծումները բացառապես Հայաստանում ենք տեսնում, եւ յուրաքանչյուր քաղաքական գործչի նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքը չպետք է դառնա համեմատության առարկա: Այդ բոլոր համեմատությունները ես ցավով եմ արձանագրում: Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի գործունեությանն Արցախում, ապա դա միշտ էլ բաց է եղել: Ռուբեն Վարդանյանը մշտապես Արցախի ժողովրդի կողքին է եղել, պետնախարարի պաշտոնը թողնելուց հետ էլ շարունակել է իր գործունեությունը` սոցիալական ծրագրերի տեսքով, եւ այլն: Այդտեղ հանցակազմի տարրերն անգամ բացառված են, ոչ միայն պարոն Վարդանյանի, այլեւ մնացած առեւանգվածների գործերը չունեն ոչ մի իրավական տրամաբանություն, եւ ես հույս ունեմ, որ միջազգային հանրության աջակցությամբ մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան:

- Կան նաեւ տեսակետներ, որ Վարդանյանը սպառնացել է Ալիեւների ընտանիքին եւ հենց այդ պատճառով է ձերբակալվել:

- Զերծ կմնամ որեւէ առանձին դրվագ մեկնաբանելուց: Ռուբեն Վարդանյանի գործունեությունը մշտապես հրապարակային է եղել եւ, առհասարակ, ուղղված չի եղել Ադրբեջանին կամ մեկ այլ պետության: Նա մշտապես կարեւորել է պայքարը, սակայն ոչ թե ռազմական հարթության վրա, այլ որպես ազգ, որպես պետություն կայանալու հարցում: Կարծում եմ, որ առկա մարտահրավերները շարունակում են արդի պահել Վարդանյանի այն կոչը, որ մենք՝ որպես պետություն, որպես ազգ, պետք է ուժեղանանք, չկա այլընտրանք:

- Ոմանք հույս ունեին, որ Ռուսաստանն օգնության ձեռք է մեկնելու Ռուբեն Վարդանյանին, եւ նա Ռուսաստանի ջանքերով հայտնվելու է ազատության մեջ: Որտեղի՞ց այդ շրջանակներին նման վստահություն:

- Դա, ցավոք, այն սերիայի շարքից է, որը սկսվեց Վարդանյանի շուրջ, թե իբրեւ նրան Ռուսաստանն է Արցախ ուղարկել: Պարոն Վարդանյանի կենսագրությունը եւ գործունեությունն այնքան հզոր են, որ նրան ոչ մեկը չէր կարող ուղարկել Արցախ, նա հայրենասիրությունն ու նվիրումը տեսնում էր այս ձեւաչափով: Գոնե այժմ այդ դավադրություններն արդիական չեն: