2 վառ օրինակ

2 վառ օրինակ

Երբ ամիսներ շարունակ փակված էր Լաչինի միջանցքը, ադրբեջանական կողմն անթաքույց հասկացնում էր․ «Զանգեզուրի միջանցքը» կտաք` Լաչինը կբացենք. մենք ուղիղ ճանապարհ կունենանք Նախիջեւանի ու Թուրքիայի, դուք` Արցախի հետ»: Մերոնք չտվեցին, եւ ոչ միայն Լաչինը չբացվեց, այլեւ Արցախը կորցրինք: Շատերը համարում էին, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը Մեղրին ու Սյունիքի մի մասը տալուն համազոր կլինի, իսկ մենք չենք կարող «փոխանակել» Սյունիքն Արցախի հետ, եւ ՀՀ իշխանությունների այդ կտրուկ մերժումն արդարացված է: Անգամ եթե չբացեք Բերձորի ճանապարհը, մենք Սյունիքով միջանցք չենք տալու, այսինքն` առեւտուրը մերժվեց, եւ մենք «կորցրինք» Արցախը, բայց պահեցինք Սյունիքը:

Հիմա Ադրբեջանի հռետորաբանությունը հուշում է, որ ախորժակը բացված գազանն Արցախը ստանալով` ձեռք չի քաշել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից` դա էլ է ուզում ամեն գնով պոկել: Իսկ եթե հասնի նպատակին, կստացվի, որ մենք ե՛ւ Արցախը կորցրինք, ե՛ւ միջանցքը տվեցինք: Նմանատիպ իրավիճակ էլի ունենք: Օրինակ, Ամուլսարի շահագործման հարցը, երբ երկար դիմադրությունից, մեծ գումարներ ծախսելուց հետո ՀՀ իշխանությունները տվեցին իրենց համաձայնությունը «Լիդիանի» գործարկմանը, եւ հիմա ոչ միայն հանքն է շահագործվելու, այլեւ արբիտրաժային դատարանում «Լիդիանի» նախկին ներդրողներն են դատը շահելու եւ ՀՀ բյուջեից մեծ գումարներ են տանելու: Դրան գումարած` եթե նախկին շահագործողներն ավելի վստահելի էին եւ բնապահպանական լուրջ ծախսեր էին նախատեսում, հայտնի չէ, թե նորերն ինչ վայրագությամբ մեր բնությունը կշահագործեն: Այսինքն` ե՛ւ սարը սար չի մնա, ե՛ւ ֆինանսական կորուստներ կունենանք, ե՛ւ Ջերմուկի բնությունը կտուժի: Ու այս ամենը՝ ապաշնորհ եւ տգետ կառավարման արդյունքում: