Եթե ձեր կատուն որոշի ձեր մկանը բռնել, Դուք և Ձեր կատուն պատասխանատվության չեք ենթարկվի. Զոհրաբյանը՝ Փամբուխչյանին

Եթե ձեր կատուն որոշի ձեր մկանը բռնել, Դուք և Ձեր կատուն պատասխանատվության  չեք ենթարկվի. Զոհրաբյանը՝ Փամբուխչյանին

Ազգային ժողովում այսօր ԲՀԿ-ական պատգամավորների ներկայացրած «Կենդանիների պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը բավականին զավեշտալի դրսևորում ստացավ: Նախագիծը, որի լրիվ անվանումն է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ», ներկայացնում էր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:

Նախագծով նախատեսվում է տնային եւ անտուն, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների կամ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենով կրակելու միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը եւ իրականացումը, անտուն կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը եւ այլ դաժան վերաբերմունքը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարց ուղղեց Զոհրաբյանին՝ նախապես հայտարարելով, թե իր հարցի մեջ հեգնանք չկա, սակայն ուզում է իմանալ՝ տնային պայմաններում մուկ որսալու դեպքում կամ գիտահետազոտական աշխատանքների համար առնետների ներարկումն արդյոք ներառվո՞ւմ է այս փաթեթի մեջ, թե՞ դա առանձին է դիտարկվում:

Զոհրաբյանն էլ ասաց, թե հասկանում է Փամբուխչյանի հումորը, սակայն դա դրան չի վերաբերում. «Եթե ձեր տանը կա առնետ կամ մուկ, ապա Ձեր բնակտարածքի հիգիենան պաշտպանելու համար ձեր կատուն որոշի ձեր մկանը բռնել, վստահեցնում եմ, որ այս նախագծով չեք ենթարկվի ոչ տույժի, ոչ էլ քրեական պատասխանատվության, ոչ էլ Ձեր կատուն կենթարկվի այս օրենքով որևէ պատասխանատվության»:

Զոհրաբյանի պատասխանից հետո դահլիճում ծիծաղ բռնկվեց, Փամբուխչյանն էլ ասաց, որ իրենց տանը մուկ չկա, սակայն իրենց հարևաններին կփոխանցի, որ եթե իրենց տանը մուկ լինի, ու կատուն որսա մկանը, պատասխանատվության չեն ենթարկվի: