«Ժողովուրդը գժին». Շիրակի մարզում նախընտրական շարժեր են

«Ժողովուրդը գժին». Շիրակի մարզում նախընտրական շարժեր են

«Արյունոտ ծաղրածու» նախագծի համահեղինակ, գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը և իրենց թիմը մարտի 6-ին հայտարարված «Ժողովուրդը գժին» (վերաբերում է իմքայլականներին) ակցիայի շրջանակներում պատրաստվում են ցուցահանդես կազմակերպել Երևան քաղաքի Դեմիրիճյան փողոցում, որտեղ հավաքներ ու նստացույց է իրականացնում Հայրենիքի փրկության շարժումը։

Սկզբնական շրջանում Պողոսյանի ֆեյսբուքյան հրապարակման տակ օգտատերերը Փաշինյանին վերաբերող ասույթներ էին գրում, իսկ արդեն ցուցահանդեսի դեպքում դրանք արտացոլվելու են պաստառների վրա ու ներկայացվելու հանրությանը։

Ֆեյսբուքյան օգտատերերը գրառել էին հետևյալ ասույթները՝ «Ով հայրենիքի համար ամեն ինչ չի անում, ոչինչ չի անում», «Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ», «Հայրենիքին դավաճանելու համար հարկավոր է հոգու արտակարգ ստորություն», «Գժին տարան հարսանիք, ասաց այստեղ մեր տանից լավ է», «Բոշեն փաշա չի դառնա», «Ապրել կա դանակ է, ապրել կա դմակ է», «Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան», «Ամեն անգամ գետը գերան չի բերի», «Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում», «Ամեն փայտ շերեփ չի լինի, ամեն սար՝ Մասիս», «Ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա, ոչ խրատը», «Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ», «Անձրևն ի՞նչ անի քարին, խրատն ի՞նչ անի չարին», «Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկությունը մարդուց կուզեն», «Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է», «Աչքը շինելու փոխարեն, հոնքն էլ հանեց», «Բարդին էլ է շատ երկար, բայց ի՞նչ անես որ բար չունի», «Գիժը մի քար գցեց հորը, հազար խելոք հավաքվեցին, չկարողացան հանել», «Գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում», «Խոզի գլուխը խալուն չի մնա», «Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ», «Իրան սուտ խելառի տեղ է դրել, վանքի հավերը կուտե» և այլն։

Հունիսի 20-ին հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Շիրակի մարզում արդեն իսկ որոշակի շարժեր են սկսվել։ Կարապետ Պողոսյանը, ով նախկինում եղել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի Գյումրու գրասենյակի պատասխանատուն, 2018 թվականի ընտրությունների ժամանակ մարզում գլխավորում էր Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակը։ Այս ընտրություններին իմքայլականների ռեյտինգային ցուցակը գլխավորում էր Ֆելիքս Ցոլակյանը, ով բոլոր իշխանությունների օրոք զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ, 2013-16-ին նաև եղել է Շիրակի մարզպետը, 2016-17-ին՝ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավարը, 2018-20-ը Արտակարգ իրավիճակների նախարարը։

Իմքայլականների շրջանում այժմ ակտիվ է 2018-19 թթ․ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցրած, 2019-ից՝ իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ 

«Հրապարակի» հետ զրույցում Պողոսյանն ասաց, որ կասկածում է ընտրությունների լինել-չլինելու մեջ։ Նրա խոսքերով՝ իրեն ինֆորմացիաներ են հասել, որ իմքայլականները հիմնականում համայնքներում են փորձում շրջել, տրամադրություններ ճշտել այս հայտարարված ընտրություններին ընդառաջ։

- Պարո՛ն Պողոսյան, ո՞ւր եք հասել Ձեր ակցիայի շրջանակներում, ի՞նչ եք պատրաստվում անել։

- Դե մենք այս ընթացքում, ինչպես և նշել էինք, հավաքում ենք ժողովրդական ասույթներ, որոնք բնորոշում են Հայաստանի ներկա իշխանություններին, մասնավորապես իշխանության ղեկին հայտնված անձին։ Շատ ակտիվ մասնակցություն ենք ունեցել՝ անձնական նամակներով են մեզ առաջարկություններ ներկայացրել, նաև իմ ֆեյսբուքյան էջին են հղումով ներկայացրել։ Մենք այս պահին բավականին շատ պաստառներ ունենք պատրաստված։ Դիտավորյալ սպիտակի վրա կարմիր ներկով ենք գրել։ Սպիտակը խորհրդանշում է իրենց [իմքայլականների] ասած՝ բաժանված հասարակությունը (սևերի և սպիտակների), կարմիրն էլ այն արյունն է, որը, ցավոք, մենք ունեցանք այս երեք տարիների ընթացքում, մեծամասամբ՝ պատերազմի ընթացքում։ Ու առաջիկա օրերին մենք այդ պլակատները պատրաստվում ենք տեղափոխել Երևան և կազմակերպել ցուցահանդես։

- Իսկ ինչ-որ նշված երթուղի կա՞, որով անցնելու եք, թե՞ միանգամից կգաք Երևան և այնտեղ ցուցահանդես կկազմակերպեք։

- Գիտե՞ք, շատ հետաքրքիր գաղափար տվեցինք։ Գուցե և երթուղով բերենք։ Երևի հենց այդպես էլ անենք։ Ստենդներ սարքենք, այս անգամ արդեն հակառակ ուղղությամբ գանք։ Այսինքն՝ ոչ թե իր [Նիկոլ Փաշինյանի] անցած ճանապարհով, այլ՝ Գյումրի, Մարալիկ, Արթիկ, այդ ուղղությամբ, Աշտարակով երևի բերենք։ Ստենդներ սարքենք ու այդ փոքրիկ ստենդներով ցուցահանդեսներ անենք տարբեր տեղերում։

- Երևանում որտե՞ղ է ցուցահանդեսը լինելու։

- Մենք նախատեսում էինք Բաղրամյան պողոտայում, բայց քանի որ նստացույցը Բաղրամյանից տեղափոխվեց Դեմիրճյան փողոց, երևի այդ դեպքում արդեն Դեմիրճյան փողոցում։ Այս պահին դեռ քննարկումներ են գնում, քանի որ վերջնական դեռ բոլոր պլակատները չենք էլ պատրաստել։ Ընթացքից նորից ենք ստանում առաջարկներ։ Ուզում ենք ընդհանուր հանրագումարի բերել ու արդեն ցուցահանդեսը կազմակերպել:

- Իսկ մոտավորապես ե՞րբ կսկսեք, ե՞րբ կշարժվեք Գյումրիից։

- Իմ կարծիքով՝ եկող շաբաթ արդեն կսկսենք։ Կախված է նաև եղանակից, որովհետեւ անձրևների պատճառով դժվար կլինի դրանք ցուցադրել։

- Իսկ Գյումրիում ի՞նչ իրավիճակ է։ Իշխանությունները փորձո՞ւմ են Ձեզ կամ այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումներ գործադրել։

- Այս վերջին ժամանակներում՝ ոչ։ Բայց նախորդ տարվա ընթացքում բավականին շատ է եղել։ Մասնավորապես պատերազմից հետո, երբ մենք առաջին միջոցառումն արեցինք նոյեմբերի 12-ին, մեզ և՛ բերման ենթարկեցին, և՛ վարչական տույժերի ենթարկեցին։ Կոնկրետ այս պահին քրեական գործով ենք անցնում։ 

- Ի՞նչ քրեական գործ է։

- Մասնավորապես իմ դեմ է ուղղված քրեական գործը։ Հիմնավորում կա, որ մենք ռազմական դրության ընթացքում կազմակերպել ենք ինչ-որ ակցիաներ։ Իմ դեմ բավականին ծավալուն բողոքներ են ներկայացրել Կարեն Սարուխանյանի կինը և մայրը։ Նշում են, որ 1 տարի շարունակ ես ինչ-որ ճնշումներ եմ գործադրել, պայթուցիկ սարքերով եմ գնացել։ Հերթական կարված գործն է։ Ու ամենազավեշտալին այն է, որ այդ օրվա արարքի հետ կապված ինձ տուգանել են 400 հազար դրամ։ Ու հիմա էլ փորձում են անցնել քրեական գործի միջոցով։ Շատ լավ գիտեք, եթե նույնիսկ հանցանք եմ թույլ տվել, նույն արարքի համար անձին չի կարելի երկու անգամ մեղադրել կամ պատժել։ Իհարկե, ես որևէ հանցավոր արարք թույլ չեմ տվել։ Այդ ժամանակ մենք ընդամենն ի՞նչ ենք արել։ Ինքնաբուխ հավաքվել էին մարդիկ, շարժվել էինք մարզպետարան մոտ, շարժվել էինք պատգամավորների տների մոտ և շատ զուսպ կոչով էինք ընդամենը հանդես եկել։ Կոչ էինք արել նրանց՝ որպես օրենսդիրի և գործադիր ներկայացուցիչների, որպեսզի թույլ չտանք կապիտուլյանտին մեր երկիրը կործանել։ Բայց հասկանալի է, որ այսօրվա իշխանությունները փորձում են ամեն կերպ և՛ օրենքները շրջանցել, և՛ Սահմանադրությունը շրջանցել։ Ինքն ամեն կերպ փորձում է ընդդիմությանը լռեցնել։ Բայց օր-օրի այլևս իր մոտ չի ստացվում, որովհետեւ, վստահ եմ, ինչքան էլ թեկուզ ոստիկանների աշխատավարձեր բարձրացնեն, ինչքան էլ փորձեն ինչ-որ ապագայի խոստումներ տալ, միևնույն է, իրեն հարգող ցանկացած ՀՀ քաղաքացի հասկանում է, թե մենք ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Եվ թե ինչ սարսափելի ապագա է մեզ կարող սպասել վարչակազմի՝ երկար շարունակվելու դեպքում։ 

- Հայտարարված հունիսի 20-ի ընտրություններին ընդառաջ արդեն իշխանությունները ինչ-որ շարժ կատարո՞ւմ են այդ ուղղությամբ։ Նկատե՞լ եք ինչ-որ գործողություններ։

- Ինձ բազմաթիվ ինֆորմացիաներ են հասել, որ հիմնականում համայքներում են փորձում շրջել, տրամադրություններ ճշտել։ Ավելին, եթե այսօր ընտրությունները լինեն ռեյտինգային կարգով, ապա իրենք բավականին մեծ խնդիրներ կունենան։ Որովհետև ռեյտինգային անձը, որը որոշակի հարգանք կվայելի հասարակության մեջ, իրենց կողմից չկա։ Մի քանի տեղից ստացել եմ ինֆորմացիա, որ փորձել են հասարակության մեջ որոշակի հարգանք վայելող անձանց մոտենալ և առաջարկել ռեյտինգային ընտրակարգով իրենց կողմից առաջադրվել, բայց հիմնականում մերժումներ են ստացել։ Միանշանակ փորձում են տրամադրություններ շոշափել, փորձում են հասկանալ։ Ու ինձ թվում է, որ հերթական մանիպուլյացիայով կփորձեն չեղարկել այդ ընտրությունները։

- Իսկ Դուք և Ձեր գործընկերներն ի՞նչ եք պատրաստվում անել այս ընտրությունների հետ կապված։

- Քանի որ ինքս կասկածում եմ այդ ընտրությունների լինել-չլինելու մեջ, այս պահին դժվարանում եմ պատասխանել։ Եթե եղան ընտրություններ, մենք մեր թիմով, մեր ընկերներով կորոշենք՝ կմասնակցենք կամ ինչ ձևաչափով կմասնակցենք կամ կբոյկոտենք։

- Իսկ կուսակցություններ կա՞ն, որոնք հետ քննարկումների մեջ եք՝ «Հայրենիք» կուսակցություն, ՀՀԿ, ԲՀԿ, Սյունիքում նոր կուսակցություն հիմնվեց՝ «Վերածնվող Հայաստան» (հիմնադիրների թվում են Սյունիքի նախկին մարզպետը, խոշորացված համայնքների ղեկավարներից)։

- Այս վերջին 3 տարվա ընթացքում ես ցանկացած ընդդիմադիր անձի, ընդդիմադիր քաղաքական ուժի հետ ունեցել եմ և՛ որոշակի հանդիպումներ, և՛ քննարկումներ կոնկրետ Գյումրիում։ Բոլորի հետ, ըստ անհրաժեշտության, համագործակցություն ենք ունեցել։ Կոնկրետ ինձ համար թիվ 1 խնդիրը օր առաջ թուրքասեր գործիչներից, կամ գործիչ էլ չեմ կարող իրենց ասել, գործակալներից ազատվելն է։ Այսինքն՝ այստեղ ինչ-որ անձնական, շահադիտական մոտեցումներից ելնելով աշխատել-չաշխատելը չէ, դա միանշանակ բացառվում է։ Որովհետեւ մենք էս պահին բոլորս գտնվում ենք խրամատում, բոլորս ռազմաճակատում մենք։ Ուզենք թե չուզենք, յուրաքանչյուրս մեկս մյուսի թև-թիկունքն ըստ անհրաժեշտության պետք է պահենք։ 

- «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության հանդեպ ի՞նչ վերաբերմունք կա։

- Իրենք մի քանի օր առաջ՝ անցած շաբաթվա մեջ, եղել են Գյումրիում։ Ու նրանց նկատմամբ բավականին հետաքրքրություն կար, որը նաեւ ինձ զարմացրեց։ Կա մի խավ, որը չափազանց լավ է վերաբերվում իրենց։ Նրանք հիմնականում բիզնեսի մեջ եղած մարդիկ են, բավականին հետաքրքիր մտածող խավ։ Ինձ համար էլ էր բավականին հետաքրքիր, որ Սյունիքից մարդիկ կարող են գալ-հասնել Շիրակ ու ունենալ համակիրներ։ Ընդհանուր քաղաքում շրջել են։ Կոնկրետ խոշորացված համայքի ղեկավարներ կան, որոնք չափազանց հետաքրքրած են։ Իրենք կարող են Գյումրիում հետևորդների բանակ ստեղծել, որը շատ զարմանալի էր։ Ինձ թվում է դա պայմանավորված էր Սյունիքում իրենց տնտեսական փորձի հետ։ Եվ նաև այս ընթացքում «Նիկոլ թույլ չտալու», որովհետեւ Գյումրիում մի տեսակ էսպես  կիսալուրջ և կիսահումոր արտահայտվում են, ասում են. «Իրենք Սյունիքն ազատագրեցին»։ Այսինքն՝ դրա նրա են շեշտադրումն անում, որ Սյունիքն ազատագրվեց։