Փորձենք հասկանալ, թե ինչ ասելիք է փոխանցում Հոմերոսն իր ընթերցողներին

Փորձենք հասկանալ, թե ինչ ասելիք է փոխանցում Հոմերոսն իր ընթերցողներին

Թարգմանչական գործը շարունակում է մնալ հայ մշակույթի անբաժան և իր ուրույն տեղն ունեցող ասպարեզներից մեկը: Նոյեմբերի 26 –ին Մաշտոցի անվան մատենադարանի  դահլիճում կայացավ անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության հիմնադիր Հոմերոսի առաջին էպիկական պոեմի` «Իլիական»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Քիչ երկեր կան, որոնք  իրենց նշանակությամբ  ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համեմատվել գրական այս անմահ կոթողի հետ:

Համաշխարհային գրականության մեջ մեծ անդրադարձ կա Հոմերոսի «Իլիական»-ին, ինչը վկայում է գրքի հաջողված լինելու փաստը: 

Հանդիպման ընթացքում խոսվեց գրքի առանձնահատկությունների, Հոմերոսի կերպարի առեղծվածի, ինչպես նաև մշակութային ազդեցության մասին: Գիրքը թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են բանասիրական գիտությունների դոկտոր, բանասեր, թարգմանիչ Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը: Մատենադարանի տնօրեն  Վահան Տեր-Ղեւոնդյանը խոսեց թարգմանչական գործի հզոր ուժի մասին`մշակութային առաջխաղացման հարցում. նրա խոսքով այս գրքի շնորհիվ մենք տեսնում ենք  թարգմանական նոր ալիք և վերելք:
«Սա պարզապես թարգմանություն չէ, այլ գիտական աշխատանք, Գոհարը և Արամը թարգմանել են տասնյակից ավելի գրքեր, որոնք իրենց հետ ընթերցողի համար առաջ են բերում քաջության երանգներ»,- ասաց Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Հոմերոսն առաջիններից էր, ով սահմանեց չափանիշեր. նա ներկայացնում է առասպելական մի աշխարհ, որտեղ հանդես են գալիս Աստվածներ և դյուցազուններ: Նրա երկերում մարդիկ ճանաչել, և ճանաչում են իրենք իրենց: Գրքի համահեղինակներ Գոհար  Մուրադյանն ու Արամ Թոփչյանը խոսեցին «Իլիականի»-ի տարբերվող լինելու մասին: Նրանք ներկայացրեցին թարգամությունից մի քանի հատված, կարելի է դրանք համարել խայծ, որի միջոցով էլ ցանկություն է առաջանում գիրքն ամբողջությամբ ընթերցելու: 

Արամ Թոփչյանի խոսքով Հոմերոսի ստեղծագործություններն անհրաժեշտ է համարել իմաստության գանձարաններ. դրանք մտածելու տեղիք են տալիս: Թարգմանական գործի, գրքի լույս տեսնելու մասին խոսեց նաեւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Գրականագետն անհրաժեշտ համարեց խոսել թարգմանական գրականության կարեւորության մասին, որը տասնամյակներ շարունակ արտացոլվել է Հոմերոսի ստեղծագործությունների մեջ: Նրա խոսքով մեծ դժվարություն է որևէ խոշոր և մեծ տարածում գտած աշխատանք թարգմանել, առաջ քաշել նոր ծանոթագրություններ ու դա դարձնել քո մշակույթի մեջ իր ուրույն տեղը զբաղեցնող ստեղծագործություն։ Միջոցառման ողջ ընթացքում խոսվեց «Իլիական»-ի յուրահատկությունների և մշակութային առաջխաղացման հարցում թարգմանական գործի մեծ խթան լինելու մասին: Հայ ժողովուրդը 1700 տարվա թարգմանական ավանդույթներ ունի և փառահեղ թարգմանիչներ, որոնք իրենց ստեղծագործություննեով ավանդույթներ են ձեւավորել: Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը հույս հայտնեցին, որ գիրքը կսիրվի և լայն տարածում կգտնի, կփորձեն հասկանալ, թե ի վերջո ինչ ասելիք է փոխանցում Հոմերոսն իր ընթերցողներին: Հիշեցնենք, որ գիրքը նվիրվում է գրականագետ, արվեստաբան, նկարիչ և հրապարակախոս, Հոմերոսի հրաշալի գիտակ Ստեփան Թոփչյանի հիշատակին: 

Սյուզի Դավթյան 
ՀՊՄՀ ուսանող