ԵՄ-ն պետք է շտապի՝ դեկտեմբերի 5-ին քիչ ժամանակ է մնացել

ԵՄ-ն պետք է շտապի՝ դեկտեմբերի 5-ին քիչ ժամանակ է մնացել

Եվրամիությունում շարունակվում են ակտիվ քննարկումները ռուսական նավթի եւ գազի /ոչ միայն ռուսական/ գնի վերին սահմանաշեմի վերաբերյալ։ Ընդ որում, քննարկումներն ընթանում են նաեւ «Մեծ Յոթնյակի» շրջանակներում։ Առաջարկվում է, որ ծովային ճանապարհով տեղափոխվող ռուսական նավթի համար գնի վերին սահմանաշեմ հաստատվի մեկ բարելի դիմաց 65-70 դոլարը։ Դատելով միջազգային լրատվամիջոցներում հրապարակվող նյութերից, Արեւմուտքը այս հարցում ընդհանուր հայտարարի գալ չի կարողանում։ Հունաստանը, Մալթան եւ Կիպրոսը կարծում են, որ վառելիքի գնային վերին սահմանաշեմը պետք է բարձրացվի։ Սրանք այն երկրներն են, որոնց տնտեսություններում նավագնացությունն ունի կարեւոր դերակատարություն եւ վերջիններս ունեն մտավախություն, որ եթե ճկուն «խաղի կանոններ» չսահմանվեն, ապա կարող են կորցնել բիզնեսը։ Այս դեպքում նրանք նշում են, որ «Մեծ Յոթնյակը» պարտավոր կլինի իրենց փոխհատուցում տալու բիզնեսի կորստի համար։ 

Վալետայում, Նիկոսիայում եւ Աթենքում կարծում են, որ ռուսական ընկերությունները կհրաժարվեն իրենց նավերով վառելիքի տեղափոխման ծառայություններից։ Կա նաեւ մտավախություն, որ շատ բեռնափոխադրող նավեր եւ լցանավեր կսկսեն փոխել իրենց գրանցումը, որպեսզի ձեռնտու պայմաններով շարունակեն բիզնեսը ռուսների հետ։ Ռուսական ծագման էներգակիրների հանդեպ գնի վերին սահմանաշեմի սահմանմանը դեմ է Հունգարիան։ Այստեղ էլ կարծում են, որ նախ պետք է իրենց սեփական ազգային շահերով առաջնորդվեն, եւ ապա, եթե տուրք տան եվրոպական համերաշխությանը, ապա կարող են զայրացնել ռուսական կողմին եւ զրկվել ռուսական էներգակիրների՝ ձեռնտու պայմաններով մատակարարումից։ Լեհաստանը, Էստոնիան եւ Լիտվան ԵՄ-ում թերեւս այն երկրներն են, որոնք հատկապես ջանում են առաջ մղել ռուսական էներգակիրների հանդեպ քաղաքականության խստացումը։ Բացի այդ, ԵՄ-ի նկատմամբ ճնշումներ է գործադրում նաեւ ԱՄՆ-ն, որպեսզի էներգակիրների գնային սահմանաչափ հաստատվի։

Մասնագետները հայտարարում են, որ ԵՄ-ն հարկ է, որ շտապի, քանի որ դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտնում ռուսական նավթի հանդեպ սահմանված էմբարգոն, ու եթե մինչ այդ անհրաժեշտ որոշումները կայացված չլինեն, համաեվրոպական ընտանիքին դժվար ժամանակներ են սպասվում։