Ստի եւ կեղծիքի աշխարհ

Ստի եւ կեղծիքի աշխարհ

ԱՄՆ 40-րդ նախագահ Ռեյգանը չափազանցնում էր, երբ ԽՍՀՄ-ն անվանում էր «չարիքի կայսրություն»: Այն վաղուց այդպիսին չէր՝ այլեւս ազգություններ չէին քշում Սիբիր, փակվել էին «ստալինյան» գուլագները, սակայն Ստալինից հետո երկիրը վերածվել էր ստի եւ կեղծիքի կայսրության: Հասարակության հիմքում դրված արժեքներն այն աստիճան էին խեղաթյուրվել, որ նույնիսկ սովորական աշխատանքն էր վերածվել իմիտացիոն գործընթացի: Անհրաժեշտ էին բարեփոխումներ, եւ 80-ականներին ԽՍՀՄ նախագահ  Գորբաչովի ջանքերով փորձ արվեց երկրում կառուցել, այսպես կոչված, «մարդկային դեմքով սոցիալիզմ»: 

Սակայն գաղափարը տապալվեց, կազմալուծվեց խորհրդային երկիրը, եւ ԽՍՀՄ քաղաքացիները «մարդկային դեմքով սոցիալիզմի» փոխարեն ստացան վայրի կապիտալիզմ: Այդ թվում, բնականաբար, նաեւ ՀՀ քաղաքացիները: Այդ ժառանգությունը ներառում էր նաեւ ստի եւ կեղծիքի այն հսկայական դոզան, որով պարուրված էր խորհրդային ողջ կյանքը: Ի դեպ, ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում մեզ թվաց, թե ինչ-որ հրաշքով ձերբազատվում ենք խորհրդային արատավոր ժառանգությունից: Սակայն դա շատ կարճ տեւեց՝ վայրի կապիտալիզմն իր հաստատուն տեղը գրավեց մեր կյանքում՝ նախկին հասարակության արատներին ավելացնելով նորերը:

Ի հակադրություն խորհրդային երկրի՝ ենթադրվում էր, թե կապիտալիստական աշխարհը եւ, մասնավորապես, Արեւմտյան Եվրոպան ավելի ազնիվ է ու ավելի մարդկային: Հատկապես 60-ականների երիտասարդական շարժումների ազդեցության ներքո: Դե իսկ ԱՄՆ-ն էլ ամերիկյան իրականացված «երազանքի» օրինակների շնորհիվ ընկալվում էր որպես դրախտային մի երկիր: Հատկապես իմ սերնդի (60+) աչքում, որի գրագետ հատվածը նախքան ղարաբաղյան շարժումը ունկնդրում էր արեւմտյան ռադիոկայաններ: Մեզ թվում էր, թե ժողովրդավարական երկրներն ու նրանց իշխանությունները զերծ են արատներից, այդ թվում՝ ստից, կեղծիքից:

Վերադառնանք մեր երկիր: Նախկինների օրոք ծաղկող անօրինականության եւ իմիտացիոն քաղաքականության դեմ կռիվ տալով՝ որպես լուսատու փարոս, աչքիս առաջ ունեցել եմ կեղծիքից զերծ արեւմտյան ժողովրդավարությունները: Եվ ենթադրում էի, որ Նիկոլ Փաշինյանն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ գործող օրենսդրության փոխարեն երկիրը որոշումներով կառավարելը եւ կա՛մ գործող օրենսդրության շրջանակներում բարեփոխումներ կատարելը: Սակայն վերջինս ընտրեց միջանկյալ ճանապարհը. որտեղ հարմար է՝ ընթանալ գործող օրենսդրությամբ, որտեղ հարմար չէ՝ խախտել այն: Իսկ արեւմտյան երկրներն ու մասնագիտական կառույցները, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը (Եվրոպայի Խորհրդի՝ սահմանադրական իրավունքի ոլորտի անկախ փորձագետներից կազմված խորհրդատվական մարմին) ավանդույթ դարձրին օրենքների ու օրինավորության խախտումների նկատմամբ աչք փակելը: Եվ Նիկոլի միանձնյա իշխանությունը որպես «ժողովրդավարության փայլուն աստղ» դիտարկելը:

Սկզբնական շրջանում զարմանում էի՝ ինչպե՞ս է հնարավոր չտեսնել այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում: Պարզվեց, որ լավ էլ հնարավոր է՝ եթե այդ իշխանությունը փորձում է երկիրը դուրս հանել ռուսական ազդեցությունից: Թե ինչ կկատարվեր մեր երկրի հետ հետագայում՝ արեւմտյան չինովնիկներին չէր հուզում: Չնայած իրենք հաստատ չէին մոռացել Վրաստանի հետ կատարվածը, երբ նախկին նախագահ Սահակաշվիլին փորձեց կյանքի կոչել վերը նշված գաղափարը: Արդյունքում՝ Ռուսաստանի հետ կարճ պատերազմում Վրաստանը կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսիան: Իսկ ԱՄՆ-ն, որ վերցրել էր Վրաստանի հովանավորությունը, ոչինչ չարեց: Այսօր կարծում եմ, որ դա նույնիսկ վրացիների բախտից էր, թեեւ իրենք կարող են այդպես չհամարել: Որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում, խոսում է հենց այդ վարկածի օգտին: Ի դեպ, սեփական պատմությունից դաս քաղելով՝ Վրաստանի իշխանությունը 2022-ին չմիացավ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին: 

Սպիտակ տան թվիթերյան էջում գրառում է հայտնվել, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «հաջողվել է ստեղծել ԱՄՆ պատմության մեջ ամենաուժեղ միջազգային դաշինքներն ու գործընկերությունները»։ Որպես օրինակ է բերվել ՆԱՏՕ մուտք գործելու հրավերը Շվեդիային եւ Ֆինլանդիային: Այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում, հաջողություն ներկայացնելը տիպիկ մանիպուլյացա է: ԱՄՆ գործող նախագահի օրոք լրջորեն սրվել է հակամարտությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հարավ-արեւելյան թեւում՝ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ:

Միաժամանակ, այդ թեւի ֆորպոստ հանդիսացող Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում բացարձակ բանի տեղ չի դնում կազմակերպության քաղաքականությունը: Հակամարտության պատճառով մեկ-երկու օր առաջ Գերմանիայի ամենամեծ քաղաքներից մեկում՝ Լայպցիգում, տեղի է ունեցել հակաամերիկյան եւ ընդդեմ ՆԱՏՕ-ի բողոքի ցույց, որին, ըստ ոստիկանության, մասնակցել է 1000 մարդ, իսկ ըստ կազմակերպիչների՝ 6 անգամ ավելի: Ինչն աննախադեպ երեւույթ է գերմանացիների առումով: Հակակառավարական ցույց է տեղի ունեցել նաեւ Չեխիայի մայրաքաղաքում, որի մասնակիցները տնտեսական բնույթի հարցերի հետ մեկտեղ քննադատել են Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը: Եվ սրանք դեռ ծաղիկներն են: Եթե այդ ամենը կոչվում է «ամենաուժեղ միջազգային դաշինքների ու գործընկերությունների ստեղծում», ապա նման տրամաբանությունն ինձ համար ընկալելի չէ՝ առնվազն: