Լավ է, որ քաջերի ոգին կա, բայց նրանց թիկունքին երկիր կա՞

Լավ է, որ քաջերի ոգին կա, բայց նրանց թիկունքին երկիր կա՞

Արցախի՝ Բերձոր, Աղավնո եւ Ներքին Սուս համայնքների շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ինչպես հայտնի է Ադրբեջանի, նաեւ` հայկական կողմի պահանջով  մինչեւ օգոստոսի 25-ը բնակիչները պետք է լքեն գյուղերը: Գրականագետ Դավիթ Գասպարյանը ելք չի տեսնում այս իրավիճակից, քանի որ. «Այդ հարցերն արդեն լուծել են Պուտինը, Էրդողանը, Ալիեւը ու մեր ղեկավարը: Եթե ընդունել են մի բան, որը պետք է գործածեն` համաձայն այդ պայմանագրի կամ պայմանավորվածություն, մենք ասենք` այո կամ ոչ, դրանից ի՞նչ պետք է փոխվի: Իսկ այդ համատեղ փաստաթուղթը ստեղծվեց այն հիմքի վրա, որը թելադրեց պատերազմի դաշտը, զենքով հաղթեցիր` հօգուտ քեզ կլինի, պարտվեցիր` գլխիդ ինչ ասես կտան»:  

Ինչ վերաբերում է նրան, որ շատ անհատներ, ընտանիքներ որոշել են մնալ Աղավնոյում եւ ինքնապաշտպանություն կազմակերպել, Դ. Գասպարյանը նկատում է. «Աստված տա, այդքան ուժ ունենան ու կազմակերպեն, բայց եթե բերեցին ականները գցեցին գյուղի վրա, պայթեցրեցին` ի՞նչ պետք է լինի: Դա պետք է կազմակերպված արվի ու պետությունն անի: Մի քանի հոգով թվանքը առնել- գնալով չի լինի, լավ է, որ քաջերի ոգին մեջները կա, բայց պետք է հեռանկարի մասին մտածենք` արդյունք կտա՞, թե՞ ոչ: Մենք անընդհատ տվյալ պահի մեջ ենք միայն մտածում, անենք` նոր կերեւա, բայց հետո՞, քայլն անելուց հետոյի մասին էլ մտածենք: Ես ուրախ եմ, որ մարդկանց մեջ հայրենիք կա, պաշտպանելու ուժ կա, բայց նրանց բոլորի թիկունքին երկիր պետք է լինի, որ զոհեր չտանք, հերիք է արդեն ինչքան զոհեր տվեցինք»:       

Դ. Գասպարյանը վերջին անգամ Արցախում եղել է հուլիսի վերջին, որի շրջանակներում մեկ շաբաթ ելույթներ է ունեցել տարբեր բուհերում: Եղել է նաեւ Նոր Շեն եւ Աշան գյուղերում. «Բնակիչները հավաքվեցին, նստեցինք, խոսեցինք, բայց մի տխուր բան մնաց, մի դպրոցում առաջին դասարան պետք է հաճախի 2 երեխա, մյուս գյուղի դպորցում` 5 երեխա: Ասում եմ` այս ի՞նչ վիճակ է, ասում են` ամուսնություններ չկան, ավելին` երիտասարդություն կա  գյուղերում, բայց չեն ամուսնանում, որ երեխաներ ծնվեն: Կարծեմ` Աշանում, դպրոցի տնօրենն ասաց` ունենք հովանավոր, ով յուրաքանչյուր ամուսնության դիմաց հազար դոլար նվեր է տալիս, իսկ ամեն մի երեխայի ծնունդի դիմաց էլ` 200 դոլար: Հիմա դա մեծ բան չէ, բայց էլի շահագրգռող փաստ է: Մենք մեր զարգացման, ծաղկման, շատացման ընթացքը փոխել ենք հակադարձ ընթացքի, որը երեւում է նաեւ այդտեղ: Եղա նաեւ Ստեփանակերտում ու տեսա քաղաքը առաջվա նման գեղեցիկ, բայց ժողովրդի դեմքին ինչքան ժպիտ կար, այնքան էլ ներքին թաքնված մտահոգություն, թե ի՞նչ է լինելու: Ո՞ւր է մեր կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, մենք անընդհատ նահանջի մեջ ենք, այսպես չի լինի»:

Գրականագետն իր խոսքում նշում է`ծանր է տանում այն ողջ աղետալի վիճակը, որ կա պատերազմից հետո. «Հայաստանից մենք գնացինք Ստեփանակերտ ու 8 տեղ մեր անձնագրերը ստուգեցին: 8 տեղ հանում ես անձնագիրդ ու ցույց ես տալիս. սկզբում` մերոնք են, հետո` ռուսները: Ես Արցախ թե շեն ժամանակ, թե հիմա էլ շատ եմ գնում եւ ուզում եմ, որ Աստված մերոնց մի քիչ խելք տա, այդ թվում դիվանագիտական խելք, որովհետեւ նախորդ 30 տարիների ընթացքում մենք աշխարհին մի բան ընդամենը պետք է ապացուցեինք, որ Արցախը` Հայաստան է, բայց Պուտինը ելույթ ունեցավ ու ասաց, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է..., իսկ եթե այդպես է ասում, ուրեմն այդպիսի քաղաքականություն էլ պետք է վարի: Հիմա մեր քաղաքական ղեկավարության, դիվանագիտության ճիշտ գործելու ժամանակն է: Պետք է վերջ տան երկերեսանիությանը` ռուսի հետ են, ուրեմն` թող ռուսի հետ ճիշտ բանակցեն ու մեջք ունենան, այլ ուղղություն են ընտրում` թող այնտեղ հստակ լինեն: Մինչեւ չկողմնորոշվեն, մենք որեւէ արժեք չենք ներկայացնի աշխարհի համար»: