Ինչու Վրաստանը չի դադարեցնի Հայաստանի երկաթուղային շրջափակումը
Դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում ելույթ ունենալով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցին: Փաշինյանն ուղղակիորեն չի խոսել աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում Հայաստանի շահագրգռության մասին, սակայն խոսելով Ջուլֆայով դեպի Իրան երկաթուղային հաղորդակցության վերագործարկման հնարավորության մասին, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սոչիի եւ Բրյուսելի հանդիպումների ժամանակ, ասել է, որ դրան կարող է միանալ նաեւ Վրաստանը, այդպիսով կստեղծվի Սեւ ծով-Պարսից ծով երկաթուղային հաղորդակցություն՝ այն անվանելով ամենօպտիմալն ու արդյունավետը: Փորձենք հասկանալ, թե Վրաստանը պատրա՞ստ է արդյոք միանալ արդեն 30 տարի չշահագործվող վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկմանը:
Հայաստանը տարիներ շարունակ փորձում է վրացական կողմի համաձայնությունը ստանալ՝ աբխազական երկաթուղու վերագործարկման վերաբերյալ: Վրաստանն աբխազական երկաթուղու վերագործարկումը պաշտոնապես կապում է Աբխազիայի օկուպացիայի հետ՝ հիմնավորելով, որ երկաթուղու վերագործարկումը կնշանակի Աբխազիայի փաստացի ճանաչում: Սակայն Վրաստանի իշխանությունները երկաթուղու վերագործարկման հարցում ստիպված են հաշվի նստել Ադրբեջանի իշխանության դիրքորոշման հետ: Ադրբեջանի համար երկաթուղու փակ լինելը Հայաստանի տրանսպորտային շրջափակման էլեմենտներից ամենահիմնական է: Ունենալով տնտեսական եւ դրանից բխող քաղաքական մեծ ազդեցություն Վրաստանի իշխանությունների նկատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները մշտապես կարողացել են թույլ չտալ, որ Վրաստանն այս հարցում ընդառաջի Հայաստանին: Նույնիսկ հիմա, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվածություն ունեն երկաթուղային եւ ավտոմոբիլային ավտոճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, Ադրբեջանը դարձյալ պնդելու է, որ աբխազական երկաթուղին շարունակի փակ մնալ: Որովհետեւ վրացական այլընտրանքի ի հայտ գալը Հայաստանին գործունեության ազատություն կտա, մինչդեռ Ադրբեջանն անելու է ամեն ինչ, որ Հայաստանը զրկված լինի այլընտրանքից: Վրաստանում հասկանում են, որ իրենց երկիրը կարող է շահել երկաթուղու վերագործարկումից, սակայն Ադրբեջանի հետ հակամարտության դեպքում կորուստներն անհամեմատ ավելի մեծ են լինելու: Այնպես որ, Վրաստանը պատրաստ չէ ընդառաջել Հայաստանին:
Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում Ռուսաստանը եւս մեծացնում է ճնշումը Վրաստանի նկատմամբ՝ ցույց տալով, որ երկաթուղին չվերագործարկելու դեպքում այդ երկիրը կարող է հայտնվել մեկուսացման մեջ: Մի կողմից, Ռուսաստանը ցույց է տալիս, որ Ադրբեջանի եւ Հայաստանի երկաթուղային կապի վերագործարկման դեպքում ինքն առանց Վրաստանի կարող է երկաթուղային կապ հաստատել Հայաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ: Մյուս կողմից, ռուսական կողմն ակտիվորեն ներգրավված է Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծի վերականգնման աշխատանքներում: Օրերս «Աբխազական երկաթուղի» ընկերության տնօրեն Արսոու Չիտանավան հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ համագործակցության արդյունքում վերականգնվում են երկաթուղու առավել վնասված հատվածները, թունելներն ու կամուրջները, ռուսական կողմն իրենց է տրամադրել երկու նոր էլեկտրաքարշ եւ երկու ջերմաքարշ, վերականգնվում է դեպի Օչամչիրիի նավահանգիստ երկաթգիծը: Ռուսաստանը մտադիր է Օչամչիրիի նավահանգիստն օգտագործել եւ Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների կարեւոր օղակ դարձնել: Արդեն կան տեղեկություններ, որ կոնտեյներային բեռնափոխադրումներով զբաղվող «ՌԺԴ Բիզնես Ակտիվ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերին թեստային բեռնափոխադրում է իրականացրել Կրասնոդարից չինական Գաոի, որը տեւել է 10 օր, անհամեմատ ավելի քիչ, քան եթե դա արվեր Սեւ ծովի թուրքական որեւէ նավահանգստից:
Զարգացնելով եւ իր տրանսպորտային ենթակառուցվածքներին ինտեգրելով Աբխազիայի երկաթուղին ու նավահանգիստները, Ռուսաստանն ուզում է Վրաստանին ցույց տալ, որ մերժելով Ռուսաստանին՝ Վրաստանը կարող է հայտնվել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան-Իրան ձեւավորվող համագործակցության մեկուսացման մեջ: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանին եւս ձեռնտու է Վրաստանի միանալն այդ համագործակցությանը, որովհետեւ թեկուզ զուտ տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, ՌԴ-ին ավելի ձեռնտու է աբխազական երկաթուղու միջոցով Թուրքիայի եւ Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության իրականացումը, քան ադրբեջանական: Ռուսաստանը փորձում է ամեն կերպ թույլ չտալ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրման խորացումը՝ իր նկատմամբ թշնամաբար տրամադրված Վրաստանի գոյությունը սպառնալիք համարելով իր ազգային անվտանգությանը:
Վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկմանը դեմ են նաեւ աբխազները: Դրա համար նրանք ունեն իրենց պատճառները: Աբխազները պահանջում են, որ վրաց-աբխազական սահմանային անցակետերը վերահսկվեն իրենց կողմից եւ ոչ թե միջազգային կամ շվեյցարական ընկերությունների, ինչը չի կարող ընդունելի լինել Վրաստանի համար: Աբխազները մտահոգություն ունեն, որ Հայաստանի հետ երկաթուղային կապի վերագործարկման պարագայում կմեծանա հայկական գործոնի դերակատարումը, իսկ վերջին շրջանում աբխազների եւ հայերի հարաբերություններն առանց այդ էլ լարված են: Աբխազները կողմ են գործող ստատուս քվոյի պահպանմանը՝ մտահոգություն ունենալով, որ ցանկացած փոփոխություն լինելու է ի վնաս իրենց:
Վերադառնալով այն հարցին, թե կհամաձայնե՞ն Վրաստանի իշխանությունները վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկմանը, կարծում ենք՝ այս պահին դրա հավանականությունը զրոյական է: Վրաստանի իշխանությունները, իհարկե, հասկանում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի երկաթուղային կապի վերագործարկման դեպքում իրենք կհայտնվեն մեկուսացման մեջ: Բայց, մյուս կողմից, նրանք դեռ սպասելու են՝ համոզված լինելով, որ մի բան է Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերագործարկման շուրջ խոսակցությունները եւ նույնիսկ շատ բարձր մակարդակի պայմանավորվածությունները, մեկ այլ բան՝ դրա իրականացումը: Վրաստանն իրական քայլեր կկատարի երկաթուղու վերագործարկման ուղղությամբ միայն այն ժամանակ, երբ կզգա, որ հայ-ադրբեջանական երկաթուղու գործարկումը կարող է իրականանալ:
Այնպես որ, Հայաստանն այսօր, առավել քան երբեւէ, զրկված է քաղաքական եւ տնտեսական ազդեցության լծակներից՝ համոզելու պաշտոնական Վրաստանին, հրաժարվելու Հայաստանի տրանսպորտային շրջափակման մասնակցությունից: Վրաստանի իշխանությունները պատրաստ են ընդունել եւ անգամ կերակրել Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին, բայց հանուն դատարկ խոստումների եւ վերացական նախագծերին մասնակցության հեռանկարի, պատրաստ չեն հրաժարվել իրենց ազգային եւ պետական շահերից:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ