Բա նախագահ է ու մեծարգո է, ի՞նչ ասենք` բարեւ, Ազատի՞չ

Բա նախագահ է ու մեծարգո է, ի՞նչ ասենք` բարեւ, Ազատի՞չ

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ

- Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀԿ 18-րդ համագումարը, Սերժ Սարգսյանը մեկուկես ժամանոց ելույթ ուենցավ, ի՞նչ տվեց այդ ելույթը հանրությանը, ի՞նչ մեսիջներ հաղորդեց նա դրանով եւ ի՞նչ փոխեց մեր քաղաքական օրակարգում։

- Նախագահ Սարգսյանի ելույթը մոտ 90 րոպե էր, եւ այդ երկարացումն ինքնանպատակ չէր։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ համագումարից անցել էր հինգ տարի, այսինքն՝ հաշվետու զեկույցն այս անգամ պետք է ծածկեր շատ ավելի լայն ժամանակահատված, ինչը բնական երկարացնում էր նաեւ ասելիքի ծավալը։ Երկրորդը․ այս հինգ տարիները պարզապես ժամանակագրություն չէին, այլ շատ խառը իրադարձություններով հագեցած տարիներ էին եւ երեք ժամանակահատված էին ընդգրկում՝ 2016-18-ը, երբ մենք դեռ իշխանության էինք, 2018-ից մինչեւ սեպտեմբերի 27-ը, այսինքն՝ պատերազմի մեկնարկը, եւ պատերազմից հետո՝ առայսօր։ Նախագահի ելույթն արտառոց անկեղծ էր։ Հայաստանի քաղաքական դաշտում իր կլասի, իր մակարդակի շատ քիչ քաղաքական գործիչ կա, որ կարող է իրեն թույլ տալ՝ լինել այդ աստիճան անկեղծ ե՛ւ սեփական գործունեության գնահատականների մեջ, ե՛ւ առկա իրավիճակի նկարագրության մեջ, ե՛ւ ապագայի հետ կապված իր տեսլականի մեջ։

- Իսկ նա իշխանափոխության օրակարգ առաջարկե՞ց, կոնկրետ քայլեր, ոչ թե, ասենք, ինչպես ինքն էր ասում, չընկրկել, ամեն օր կրթվել, վերլուծել կատարվածը, իրականությանը նայել բաց աչքերով եւ նմանատիպ այլ հիպոթետիկ բաներ։

- Ես համաձայն չեմ, որ այդ եզրերը հիպոթետիկ են։ Իհարկե, ես հասկանում եմ՝ մարդկանց մի զգալի մասի մոտ, այդ թվում՝ ինձ մոտ, կա այդ անհանգստությունը՝ բա ե՞րբ, բա ո՞նց․․․ էս հարցերի պատասխանը տեխնիկական չէ։ Տեխնիկական լուծումները կգան այն բանից հետո, երբ որ նախագահի թվարկած ուղղություններով ամեն մեկս ինչ-որ մի գործ կանի։ Թե ինչպես տեխնիկական, մեթոդական առումով հեռացնել այս կապիտուլյանտներին, էդ հարցը կա։ Բայց մինչեւ հասնել բուն գործողությունների ծրագրին, պետք է հասկանալ՝ տակն ի՞նչ կա, ի՞նչ միս ու արյուն ենք կարողանում ստանալ ընդդիմադիր դաշտում։ Որովհետեւ, արի անկեղծ խոսենք՝ հետպատերազմյան շոկի, ցավի, կորստի տրանսֆորմացիա ընդդիմադիր իշխանափոխ շարժման մեջ չեղավ։ Հետեւաբար, եկեք հասկանանք՝ ինչի՞ց ածանցենք իշխանափոխության համար այդքան անհրաժեշտ էներգետիկան, որովհետեւ հիմքերը կան, գնահատականները կան։

- Ասում եք՝ արի անկեղծ խոսենք, կասե՞ք՝ դուք ի՞նչ դասեր եք քաղել 2018-ից։ Համագումարում նույն երեւույթներն էի նկատում՝ պոպուլիզմով ու քծնանքով հագեցած վերամբարձ ելույթներ՝ «մեծարգո նախագահ» ոճի մեջ, «նախագահն» էլ՝ մեծատառ, Սերժ Սարգսյանին փառաբանող ոճը, որ նա անփոխարինելի է, եւ այսպես շարունակ։ Ձեր կյանքում՝ ներկուսակցական առումով, առանձնապես բան չի փոխվել։

- Ինձ մոտ տպավորություն է, թե Դուք ուրիշ համագումար եք դիտել։ Մենք մեր համագումարի ընթացքում ամենաառաջին տառից, ձեւավորումից սկսած՝ զերծ ենք պահել մեզ բոլոր էն տեսակի խնդիրներից, որ Դուք փորձեցինք մեզ վերագրել։ Օրինակ՝ բեմի վրա չկար նախագահություն, եվրոպական ոճի համագումար էր։ Կային երկու երիտասարդ քաղաքական գործիչ, եւ կար կուսակցության ղեկավար։ Ոչ մի տեղ քծնանք չկար, կարող է լինել, իհարկե, «մեծարգո նախագահ», բա նախագահ է ու մեծարգո է՝ տասը տարի երկիր է ղեկավարել, մեր կուսակցության ղեկավարն է, Արցախի հերոս է, ի՞նչ ասենք՝ բարեւ, Ազատի՞չ։ Ի՞նչ էիք ակնկալում, ի՞նչ պետք է ասվեր, էլի։

- Դուք շատ լավ հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ։ Այն քծնանքը, որ հատկապես ձեր երիտասարդների շրջանում տիրում է, շատ լավ երեւում է Ֆեյսբուքում էլ, ելույթներում էլ։

- Բացարձակ քծնանք չկար, ոչ մի տեղ քծնանք չկար։ Մենք կյանքում մեր իշխանության ժամանակ նման համագումար չենք արել։ Մեր բոլոր՝ եւ իշխանական համագումարները եղել են ծանր, քո ասած՝ բյուրոկրատական, չինովնիկական։ Այո, եղել են, անգամ՝ 2016-ին։ Սա բացառապես այլ ոճի քաղաքական իրադարձություն էր։ Պոպուլի՞զմ․․․ ես երանի կտայի, որ մենք կարողանայինք պոպուլիզմով զբաղվել։ Որտե՞ղ ես տեսել պոպուլիզմ, ի՞մ ելույթների մեջ, Շարմազանովի՞ ելույթների մեջ, երիտասարդների՞ ելույթների մեջ, էլ չեմ ասում՝ նախագահի ելույթում, որտե՞ղ կար։

- Մարգարիտ Եսայանը, օրինակ, փորձում էր պոպուլիզմի ամենաուժեղ վարպետին՝ Նիկոլ Փաշինյանին ընդօրինակել, նրա ոճով էր խոսում՝ շնել, չգիտեմ ինչ․․․

- Դա հնարք էր, որն էդպես հռետորաբանության մեջ օգտագործվեց, դա պոպուլի՞զմ է։ Ոչ մի տեղ պոպուլիզմ չի եղել, ոչ մի տեղ անձնակենտրոնություն չի եղել, ոչ մի տեղ կեղծ մեծարման բաներ չեն եղել։ Մեր երիտասարդները շատ լավն են՝ Տաթեւը, Լիլիթը, Հայկը, Աննան, բոլորը՝ անունները չտամ, որովհետեւ ես իրենց հետ էլ եմ աշխատել։

- Կարո՞ղ է Ձեր ձեռագիրն է։ Կարծիք կա, որ Արմեն Աշոտյանն է նրանց հետեւում կանգնած, Ձեզ են փորձում ընդօրինակել։

- Չէ, իմ ձեռագիրը չէ, բայց մեր ավագ կամ միջին սերնդի պարտքն է նաեւ՝ օգնել երիտասարդներին էս քաղաքական, հասարակական կյանքում։ Վատ չէ, եթե փորձում են մեզ նմանակել, կապ չունի՝ ինձ, Շարմազանովին, Արտակ Զաքարյանին, թե այլոց։ Ինչ վերաբերում է երիտկարիերիզմին՝ ես անցել եմ դա։ Իմ օրինակով ասեմ։ Ինչ-որ մի տեղից պետք է սկսի, չէ՞, ջահելը։ Հա, էսօրվա աչքով որ նայում եմ 2002-ին լուսահոգի Տիգրան Կարապետիչի թոքշոուներին իմ ելույթները, պահվածքը եւ այլն, բնականաբար, կային կարիերիզմի նշույլներ։ Ես մտնում եմ քաղաքականություն՝ կարիերա անելու համար, էլ ի՞նչ պետք է լիներ։ Էդ որտե՞ղ չկա կարիերիզմ։ Դա վատ բան չէ։

- Իսկ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր․ «Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ եւ նախրի միջից պաչել ամենաբարձր զռռացողի՝ էշի ճակատը»: Ո՞վ էր այդ ամենաբարձր զռռացող էշը եւ մյուս ոչ շատ բարձր զռռացողները, ո՞ւմ նկատի ուներ նախիր ասելով՝ այն քաղաքական ուժերի՞ն, որոնց միջից ընտրվեց ամենաբարձր զռռացողը։

- Եկեք էսպես անենք․ նախագահի խոսքի գեղարվեստականությունը գեղեցիկ է, սադրիչ է ու հրապուրիչ է հենց նրանով, որ կարիք չունի լրացուցիչ բացատրությունների։

- Ունի, պարոն Աշոտյան, ո՞ւմ էր նախրի տեղ դրել Սերժ Սարգսյանը։

- Հաստատ՝ ոչ ժողովրդին։ Պարզ հայերենով նախագահն ասել է, որ դուք, այսինքն՝ ժողովրդի մի մասը, գնացիք ու պաչեցիք ուրիշ ճակատներ։ Ժողովուրդը չէ նախիրը ու չէր էլ կարող լինել։ Նախիրը փոխաբերական իմաստով բոլոր այն հնարավոր դեմքերն էին, որ Սերժ Սարգսյանին մերժեցիք՝ պրծաք, գնայիք ուրիշ բան բերեիք։ Եթե ուրիշ մարդ չէիք ուզում՝ ok, ինքը գնաց, խի՞ գնացիք էդ էշին բերեցիք։ Այ, դա է, դրա մասին է խոսքը։ Եթե ձեր խնդիրը Սերժին մերժելն էր, ապրիլի 23-ին Սերժին մերժեցիք, բա խի՞ գնացիք դրան բերեցիք, ո՞վ բերեց դրան։

- Տպավորություն է, թե Սերժ Սարգսյանը 3 տարի է՝ ամեն ելույթում փորձում է արդարանալ ու համոզել մարդկանց, որ ինքը չի բերել Նիկոլ Փաշինյանին, կապել մեր գլխին, ինքը չի աճեցրել նրան եւ այլն։ Ինչո՞ւ է արդարանում Սերժ Սարգսյանը։

- Պարբերաբար մարդկանց մի խումբ կա, որ սեփական կերած բողկերը, 2018 թվականի պահվածքը, հետագայում ջայլամի քաղաքականությունը թաքցնելու համար մեղքը գցում է մեզ վրա՝ Հանրապետականի վրա։ Ինչպես ասաց Սերժը՝ հեշտ է ապրել, երբ որ սաղ Սերժն ա մեղավոր, ու դու քո սեփական խիղճն ու ապագայի նկատմամբ պատասխանատվությունը պատրաստ ես բթացնել։ Այ, դրանց է ուղղված էդ խոսքը։