Կալանավորումը կապում են քաղաքական հայացքների հետ

Կալանավորումը կապում են քաղաքական հայացքների հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը դատարանի որոշմամբ նախօրեին կրկին կալանավորվեց․ նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ յուրացում կամ վատնում։ Որոշումը կայացրել է Երեւանի դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը։ Արա Վարդանյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը նշեց․ «Ակնհայտ ապօրինի որոշում է, որը ոչ մի իրավական հիմնավորում ունենալ չի կարող։ Միայն այն հանգամանքը, որ 1 տարի 3 ամիս Արա Վարդանյանի նկատմամբ եղել է ընտրված խափանման միջոց, եւ ինքը ոչ մի կերպ այդ խափանման միջոցի ոչ մի պայման չի խախտել, ինքնին արդեն վկայություն է։ Այսօրվա ՀՀ դատական համակարգից, բացառությամբ 2 դատավորի, այլ բան սպասելի չէր»։

- Ի՞նչ յուրացման մասին է խոսքը, ինչքա՞ն գումար է, եթե գումարին է վերաբերում։

- Առաջադրված մեղադրանքից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչի մասին է խոսքը, ինչ կապ կարող էր դրա հետ ունենալ Արա Վարդանյանը։ Խոսվում էր հիմնադրամին ենթակա կառույցներից մեկի կողմից պատվիրատուներին ապրանքը չմատակարարած լինելու մասին։

- Այսինքն՝ այդ արտադրա՞նքն է յուրացվել։

- Այդպես էլ չհասկացանք՝ արտադրա՞նքն է յուրացվել, դրա համար ներդրված փո՞ղն է յուրացվել։ Ամեն դեպքում, էդ ամեն ինչը պարզ չէր, եւ դատարան չներկայացվեց որեւէ փաստական հանգամանք պարունակող նյութ, որ պարզ լիներ, թե Արա Վարդանյանն ինչ կապ ունի այդ ամենի ինչի հետ։

- Նշվե՞ց, թե ում պետք է մատակարարվեր։

- Նշված էր, թե ինչ ապրանք, ում պիտի մատակարարվեր եւ այլն, բայց ոչ մի առնչություն ինքը ո՛չ մատակարարման, ո՛չ չմատակարարման հետ չունի, չէր էլ կարող ունենալ։ Մնացած հանգամանքները գուցե ինչ-որ մի փուլի վարույթն իրականացնող մարմինը ներկայացնի, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Այս  պահի դրությամբ առկա մեղադրանքի բովանդակությունը, դատարանի որոշումը միասին վերցրած, մեզ հիմք են տալիս պնդելու, որ այնքան էլ իրավական գործընթացի հետ չէ, որ գործ ունենք։

- Կալանավորումը պայմանավորո՞ւմ եք իր քաղաքական հայտարարություններով։

- Համոզված եմ, որ դա հենց այդպես է, որովհետեւ, եթե չկա իրավական հիմնավորում, ուրեմն այլ բան է այստեղ գործում, իսկ Արա Վարդանյանը, բոլորս ենք ականատես եղել, ինքը չէր լռում, իր քաղաքական հայացքներն արտահայտում էր հրապարակավ։

- Դատարանում մեղադրանքի վերաբերյալ ինչ-որ բան ասա՞ց։

- Մեկ բան է ասել վարույթն իրականացնող մարմնում․ ասել է, որ իրեն անհասկանալի է՝ առհասարակ ինչի մասին է խոսքը։

- Ձեր պաշտպանյալը ցուցմունք տվե՞լ է, մեղադրանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի։

- Ցուցմունք չի տվել։ Մեղադրանքն իրեն պարզ չէ, որ ընդունի կամ չընդունի։

Հիշեցնենք, որ  Արա Վարդանյանին նախկինում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն լինելով, իր լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով հիմնադրամի բարի համբավին եւ հեղինակությանը: Խոսքը հիմնադրամի միջոցներով խաղադրույքներ անելու մասին է, իսկ միջոցները հետագայում վերադարձրել է հիմնադրամի բյուջե։