Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին

Ռուսաստանի հետ հարաբերվելիս չեն կարող մեզ չհետաքրքրել հետեւյալ փաստերը. Ռուսաստանը բնական ահռելի հարստության երկիր է: Այն աչքի է ընկնում ինչպես իր թափթփվածությամբ, այնպես էլ համախմբվելու բացառիկ ունակությամբ: Ինքը՝ ռուս ժողովուրդը, որքան էլ եսակենտրոն, այդուհանդերձ, նրան բնորոշ է համակեցության տանելի մթնոլորտի ապահովումը այլ ժողովուրդների համար: Դարերով դրսեւորվել է այս ժողովրդի, հատկապես՝ տղամարդկանց, անկասելի հակումն ալկոհոլի նկատմամբ: Ավանդությունն ասում է, որ 10-րդ դարում, մենաստվածային կրոն ընդունելիս, նախապատվությունը տրվեց հենց քրիստոնեությանը՝ գինու օգտագործման թույլատրելիությունը նկատի ունենալով: Նրանց միջավայրում այլազգի տղամարդիկ, որոնք զերծ են գինեսիրության ախտանիշից, մեծ հնարավորություններ են ստանում կայանալու եւ պատասխանատու դիրքեր գրավելու:

Բոլորովին պատահական չէ հայերի հոծ խմբերի հարմարվողականությունն ու կայացումն այս միջավայրում: Հայերի կապը ռուսների հետ վաղեմի արմատներ ունի: Երկու ժողովուրդները միմյանց նկատմամբ ունեցել են բարեկամական վերաբերմունք: Հայ վաճառականները գնահատված ու անվտանգ են զգացել սլավոնական միջավայրում: Այս երկրում շատ ու շատ հայազգի զինվորականների աստղ է փայլատակել: Հաճախ նրանք պայքարել են նույն արժեքների համար: Դարեր շարունակ ռուս ժողովուրդը քաջարի խմբերով ճանաչողական, ապաեւ նվաճողական երթեր է կազմակերպել դեպի հեռավոր երկրներ:

Այս ժողովուրդն իր խիզախությամբ հասել է Հեռավոր Արեւելք, անցել Հյուսիսային Ամերիկա, նվաճել մայրցամաքի զգալի մասը: Ձեռք է բերել ահռելի տարածքներ, որոնք այլեւս հնարավոր չէր վերահսկել, որի պատճառով նա ստիպված վաճառքի հանեց ցրտաշունչ Ալյասկան: Այսօր էլ նա իր սահմաններն ընդլայնում է դեպի հարուստ ընդերք ունեցող արկտիկական հեռաստաններ: Ռուս ժողովրդի պատմությունը նոր տարածքներ նվաճելու պատմություն է: Ի տարբերություն մյուս տարածաշրջանների, Ռուսաստանն առավել չբավարարված հավակնություններ ունի Փոքր ու Առաջավոր Ասիայի հորիզոնականներում:

Վերջին երեք հարյուրամյակներից յուրաքանչյուրում տեղի է ունեցել ռուս-թուրքական երկու-երեք խոշոր պատերազմ: Հնարավոր է, որ Ռուսաստանի «սերը» Հայաստանի նկատմամբ այնքան էլ անկեղծ չէ, բայց Թուրքիայի նկատմամբ ատելությունը, հաստատ, ավելի զորեղ է: Արջին դուր չի գալիս, որ գայլն իր «տիրույթներում» որս է ման գալիս: Ցուցադրական սիրախաղերից հոգնում են բոլորը: Ուստի ռոմանտի՞զմ է, արդյոք, կանխատեսելը, որ անխուսափելիորեն մի օր, հարմար առիթի դեպքում, հենց Ռուսաստա՛նն է քանդելու Կարսի «ծրարված» պայմանագիրը: Եվ արդյո՞ք այս երկրի հետ հարաբերությունների մեխը նրա շահերի ըմբռնումն ու դրա հետ մերը համադրելու ունակությունը չէ:

Մարդկությանը սպառնում են նոր «իզմ»-եր, նոր չարիքներ: Այդպիսիներից է ակնհայտ ցեղասպանությունների ժխտումը: Ո՞վ կարող է ասել, որ գերտերությունները մեր տարածաշրջանում մի օր չեն կանգնի քաղաքակրթական միեւնույն հարթակին ու չեն ձեւավորի ընդհանրական ճակատ, ինչպես արեցին ֆաշիզմի դեմ պայքարում:

Կներես, ասելիքս դասախոսության պես ստացվեց: Շա՜տ հեռվից եմ գալիս: Ուզում եմ ասել, որ, անկախ մեր ցանկությունից, Ռուսաստանը դեռեւս մնում է այն պետությունը, որի ներգործությունը մեզանում նկատելի է նրա ունեցած բազմաթիվ լծակների պատճառով: Մեր անկախությունը որքան ցցուն է խորհրդանշանների առումով, այնքան բովանդակազուրկ՝ տնտեսական հանգույցներն օտարի ձեռքը հանձնելու պատճառով: Էներգետիկ համակարգն ու կոմունիկացիաները, որ կենսաբանական լեզվով համահունչ են մարդու ողնաշարին ու արյունատար անոթներին, գտնվում են հիմնականում Ռուսաստանի ձեռքում: Ասում են՝ քաղաքականությունը տնտեսության խտացված արտահայտությունն է: Այդ դեպքում ո՞րն է մեր ինքնիշխանության սահմանը: Տեսնես չափման որեւէ մեթոդով ո՞ր աստիճանին է հասնում մեր իրական անկախությունը:

Հնում պատկերը պարզ էր. հայոց թագավորը կամ մարզպանը հավաքում էր հարկն ու տալիս գերիշխող երկրին: Երբեմն էլ վարում էր «կոմպլեմենտար» քաղաքականություն՝ հարկը կիսելով երկու տեղ: Բայց այդ հարկը ենթադրում էր նաեւ քաղաքական հնազանդություն: Տատանումը մահացու էր: Իսկ ի՞նչ էին անում մեր պապերը, երբ մեր արքային կանչում էին Տիզբոն, կուրացնում, սպանում կամ պարզապես գահընկեց անում: Ապշելու բան. անկարողությունից լեզուն կծում, ատամները կրճտացնում, տխրում, դառնանում էին ու մի սերունդ հետո եղբայրանում կամ պարզապես ցույց տալիս, թե ոչինչ չի պատահել: Առավել եւս, որ նրա փոխարեն գահ էին բարձրացնում եղբորը կամ որդուն: Ու գիտե՞ս ինչն է հետաքրքիր․ ով նպաստում էր հայոց արքայի գահ բարձրանալուն, նա էլ իրեն իրավունք էր վերապահում նրան գահազրկել հետագայում: Թվում է, թե գոնե քրիստոնյա Հռոմը պիտի մարդասեր լիներ: Բնա՛վ: Կայսրական շահերը հավատք ու յուրային չէին ճանաչում:

Պապ թագավորը՝ քեզ օրինակ. իրենք գահ բարձրացրին, իրենք էլ երիտասարդ արքայի գլուխը կերան: Այսօր Տիզբոնն ու Հռոմն այլ անուններ ունեն: Բայց գործելաոճը քիչ է փոխվել: Եթե հնում կանչում էին ու բացահայտ պատժում, մեր ժամանակներում փորձում են քողարկել տարաբնույթ վարկածներով: Խորհրդային օրերում Մյասնիկյանը «պայթեց» ինքնաթիռում, Խանջյանն «ինքնասպան» եղավ Թիֆլիսում:

Պատկերացնո՞ւմ ես՝ հանկարծ պարզվի, որ Հոկտեմբերի 27-ն էլ նորօրյա Տիզբոնի գործն է: Չէ՞ որ մեր օրերի «կանչողն» էլ Մոսկվան է, որին Հայաստանում անհրաժեշտ է ոչ թե սեփական դիմագծով ու ինքնիշխան, այլ անդեմ ու չհակադրվող իշխանություն: Դու Դեմիրճյանի հետ ունեիր խորհրդարանական մեծամասնություն: Դուք երկուսո՛վ կարող էիք մերժել կամ հաստատել տալ նրա շահերից բխող կամ դրանց հակասող աշխարհաքաղաքական նշանակության որեւէ փաստաթուղթ: Ի՞նչ էին ուզում նրանք, որ դուք մերժեցիք: Իհարկե, Մոսկվան առաջին հերթին պետության գլխից է ակնկալել համաձայնություն, սակայն վերջինս հասկացրել է, որ ինքը վերածվել է դիտորդի, եւ վճռական խոսքը պատկանում է քեզ ու Դեմիրճյանին եւ ձեր թիկունքին կանգնած խորհրդարանին, դրանով իսկ գուցե, իր կամքից անկախ, նպաստելով խնդրի հոկտեմբեր27-յան հանգուցալուծմանը: Գուցե հենց դրա համա՞ր սպանդը կազմակերպվեց խորհրդարանում, ի տես ամենքի, որ այդ՝ «աչքը վախեցած» պառլամենտն ի զորու չլիներ այլեւս ռազմավարական հարցերում ինքնուրույն որոշում կայացնել: Թե չէ քեզ ու Դեմիրճյանին հեռվից դիպուկահարների միջոցով էլ կարող էին վերացնել: Ահա եւս մի վարկած: Իսկ կա՞ն հիմքեր այդպես կարծելու:

 Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ